Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը փետրվարի 6-ին այցելել է իրենց կուսակցության գրասենյակ ներկայացրել ցուցակ, որտեղ առաջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են: Դալլաքյանի խոսքերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:
– Պարո՛ն Բաբայան, Վիկտոր Դալլաքյանը մեղադրանքներ ուղղեց Ձեր հասցեին` ասելով, թե իրականացնում եք «Համախմբում» կուսակցության լոբբինգը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Թե՛ Սեյրան Օհանյանին, թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին ես ծանոթ եմ 91-92 թվականներից. մենք իրար հետ աշխատել ենք: Մոտավորապես, ամեն մեկի հետ մի տասը տարի աշխատանք ունեմ տարած: Եթե ինչ-որ հարցերում ես կարող եմ իրենց աջակցել, աջակցում եմ, եթե ինչ-որ խնդիրներ լինում են, իմ կարիքը զգում են, ես պատրաստ եմ իրենց կողքը լինել:
– Նա նշեց, թե փետրվարի 6-ին այցելել եք իրեն և նախընտրական ցուցակ ներկայացրել:
– Լիդերներն են ցուցակները գրում: Երբ որ ցուցակները լինի վերջնական, կհրապարակեն, կհամեմատեք. սևագիր թուղթը կարելի է ցուցակի տեղ ներկայացնել:
– Այսինքն` չե՞ք հերքում, որ ցուցակ եք ներկայացրել:
– Ես կարող է սևագիր թղթով իր հետ խոսել եմ: Բայց եթե մարդկանց ամբիցիաները, մարդ-կուսակցություններն ուզում են «թոշակի գնան», ինչ-որ հարցեր լուծեն անձնական, ապա այդ դաշինքը դրա տեղը չէ: Եթե գնում են հաղթանակի, ուրեմն ոչ մեկը տեղի համար չպետք է կռվի: Բոլորը միացյալ պետք է գնան հաղթանակի, հանուն ժողովրդի:
– Դուք միայն աջակցելո՞ւ եք իրենց: Ձեզ չե՞նք տեսնի քաղաքական գործընթացներում:
– Ես չեմ մասնակցելու, ես ինքս թեկնածություն չեմ դնելու: Ես միայն օգնելու եմ: Թող երիտասարդները պատգամավոր դառնան, առաջ գնան իրենք:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը