ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախ այն մասին,  որ եղանակը Շիրակի մարզում «թարսի պես» շատ բարենպաստ էր, ձյան տեղումներ չկային: Դա նշանակում է, որ  Գյումրի-Երեւան ճանապարհը չէր կարող եղանակային պայմանների պատճառով փակ լինել: Սակայն իշխանությունները այս հանգամանքը անտեսել էին, եւ մարտի 1-ի նախօրեին լուրեր էին շրջանառվում, որ ճանապարհը փակ է,  սառցակալած, հնարավոր չէ այն հաղթահարել ու հասնել Երեւան: Սակայն իրականում, անցնելով այդ ճանապարհով, մենք  համոզվեցինք, որ Գյումրի–Երեւան մայրուղին շատ լավ վիճակում է: Մարտի 1-ի առավոտյան Գյումրու ավտոկայարանը Երեւանից միկրոավտոբուսներ ընդունել ու ճանապարհել է առանց գրաֆիկի էական խախտումների: Ժամը 13-ից հետո, սակայն, մեզ հասան դժգոհություններ, որ միկրոավտոբուսները դադարեցրել են իրենց աշխատանքը: Հիշեցնենք, որ ավտոկայարանը պատկանում է ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով ամեն հանրահավաքի նախաշեմին փորձում է հնարավոր ամեն ինչ անել միկրոավտոբուսների մուտքը Երեւան սահմանափակելու համար: Ոստիկանության աշխատակիցները եւս ոչ պակաս ակտիվություն էին ցուցաբերում: Գյումրի քաղաքի մուտքի մոտ վաղ առավոտից պետավտոտեսուչներից բացի արտակարգ հսկողություն էին սահմանել նաեւ քաղաքային եւ մարզային ոստիկանության աշխատակիցները: Նրանք փորձել են սահմանափակել հատկապես միկրոավտոբուսների մուտքը Երեւան: Կանգնեցրել են, հարցուփորձ արել, թե ինչու են գնում Երեւան, համոզել ու հորդորել են չշարունակել ճանապարհը: Մենք զրուցեցինք մի քանիսի հետ, որոնք այդպես էլ չեն կարողացել մասնակցել հանրահավաքին:«Էս երկիրը երկիր չէ, բռնապետություն է: Սարսափում են իշխանիկները ժողովրդից: Ճամփա փակելը ո՞րն է, ամոթ է»,-նշեց  զայրացած Սեյրան Կիրակոսյանը: «Սերժին կթվա, օր  ճամփա փակե, միթինգ չի էղնի: Իրանք չեն հասկնա, օր ավելի շատ կեղնի: Ժողովրդին թող համբերությունից չհանեն»,-շեշտեց  54-ամյա Սիլվա Կիրակոսյանը: Ժամը երկուսի սահմաններում իրավիճակը Գյումրիում ավելի սրվեց: Գյումրիից  Երեւան անգամ հիվանդ տեղափոխելն են արգելել: Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ պետավտոտեսչության ներկայացուցիչներից, սակայն նրանք համառորեն պնդում էին, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունենում, իրենց գործն են կատարում, եւ որ ճանապարհ փակելը հանրահավաքի հետ կապ չունի: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս