ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ր դեպքում է արգելվում կնքել ամուսնության պետական գրանցումը: Եվ խնդրում եմ ասեք, թե ամուսնության պետական գրանցումն ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում:
Ռուբինա Սիմոնյան ( 41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն՝ հեռակա կարգով, չի թույլատրվում: Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. Հայաստանում գրանցվել է 17.603 ամուսնության դեպք, 2014թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 6.9 տոկոսով: Ամուսնությունների թվով մարզերից ամենաբարձր ցուցանիշը 1000 բնակչի հաշվով գրանցվել է Վայոց ձորում՝ 6.9 տոկոս, Կոտայքի մարզում՝ 6.4 տոկոս, Երեւանում՝ 6.4 տոկոս: Իսկ ամենացածր ցուցանիշը՝ 4.9 տոկոս՝ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: