ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ ՓՇՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ արաբական սոցիալական բունտի զարգացման հետագա ընթացքից` այն արդեն կարեւոր դեր խաղաց քաղաքագիտական մտքի համար:Վաղուց տարբեր տրամաչափի բռնապետեր իրենց ժողովուրդներին համոզում էին, թե ավելի նախընտրելի է ուժեղ ձեռքը, քան քաոսը: Եվ եթե իրենք չլինեն, ամեն ինչ կարող է ավելի վատ լինել:Մեկ շաբաթից ավել է, ինչ Լիբիայի արեւելքում  չկա իշխանություն, չկա «ուժեղ ձեռք», սակայն ժողովուրդը  ինքնակազմակերպվել է, եւ երկրում կյանքը վերստին  մտել է նորմալ հուն:  Չկան թալան, հաշվեհարդարներ եւ քաոսին հատուկ այլ վայրիվերումներ: Դրա փոխարեն մայրաքաղաք  Տրիպոլիում, որտեղ դեռեւս  իշխանություն ունի «ուժեղ ձեռքի» համարում ունեցող Կադաֆին, տիրում է լիակատար քաոս: Օր ու գիշեր կրակում են մարդկանց, թալանում բանկերն ու խանութները: «Ուժեղ լիդերները» առաջին իսկ փորձությանը չդիմացան: Իրենց հեռուստաելույթներում նրանք թողնում էին խղճուկ, վախեցած, իրականությունը չըմբռնող ծերուկների տպավորություն, որոնք չէին հասկանում, թե ինչպես կարող են իրենց ժողովուրդները այդպես խոսել իրենց հետ: Պատահական չէ, որ նրանք բոլորը փնտրում էին դրսի հետքը: Տարիներ շարունակ մեզ համոզում էին, որ ցանկացած հեղափոխության հաղթանակի գրավականը ուժեղ առաջնորդի եւ հզոր գաղափարախոսության առկայությունն է: Սակայն Կահիրեում չկար  ընդդիմության առաջնորդ: Արեւմտյան լրատվամիջոցները հույսները դրել էին Մագատեի նախկին ղեկավար Մոհամեդ էլ Բարադեյի վրա, սակայն պարզվեց, որ այդ  մարդը  եգիպտական երիտասարդության վրա որեւէ ազդեցություն չունի: Նրանք ավելի հաճույքով ունկնդրում էին «Google»-ի մենեջեր Վաել Գոնիմին, որը, սակայն,  հայտարարում էր, որ չունի քաղաքական հավակնություններ: «Ուժեղ ձեռքերի» ոստիկանությունը զբաղված էր թալանով, իսկ Կահիրեի Տահրիր հրապարակում, որտեղ չկար ոստիկանություն, չգրանցվեցին թալանի կամ այլ ապօրինությունների դեպքեր. մահմեդականները եւ քրիստոնյաները համատեղ աղոթում էին: Թեպետ ոչինչ չկա զարմանալու. երեք տարի առաջ մենք նույնպես նմանատիպ վիճակի ականատեսն ենք եղել Ազատության հրապարակում, երբ մարդիկ չափազանց բարյացակամ էին եւ վերադարձնում էին կորցրած դրամապանակը:Հակառակ շատ «ուժեղ ձեռքի» անհրաժեշտության կողմնակիցների` պարզվեց, որ մարդիկ,  ազատվելով բռնապետերից, ամենեւին չեն մորթում ու թալանում միմյանց: Պարզվեց  նաեւ, որ կրոնական պատկանելությունը, սոցիալական վիճակը, պատմական անցյալը եւ այլն կապ չունեն մարդկանց`  ազատության ձգտելու ցանկության հետ: Արաբական հեղափոխությունները գործով ապացուցեցին տարբեր տեսակի «ուժեղ ձեռքերի» թուլությունը: Ակնհայտ դարձավ, որ ինչքան ուժեղ է իշխանությունը, այնքան այն թույլ է խորքային իմաստով, եւ ինչքան դաժան է վարչակազմը, այնքան վտանգավոր է իր քաղաքացիներ համար:Հետաքրքրական է նաեւ, որ «ուժեղ ձեռքի»  միֆը կոտրվում է ոչ միայն արաբական աշխարհում, այլ երկրագնդի այլ անկյուններում: «Կիսաաստվածների» դեմ են դուրս գալիս Հյուսիսային Կորեայում, Իրանում եւ անգամ Չինաստանում:Այս հեղափոխությունների հիմնական ձեռքբերումն այն է, որ մարդիկ ազատվում են այնպիսի հասկացություններից, ինչպիսին, օրինակ, «ուժեղ ձեռքի» անհրաժեշտությունն է: Նաեւ չափազանց կարեւոր է այն, որ փշրվում է կարծրատիպը, թե հասարակ ժողովուրդը ոչինչ չի որոշում: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս