Ծառուկյանը խիստ դժգոհ է Արման Վարդանյանից. արդյոք «Միասնություն»-ը կլինի «Ծառուկյան» դաշինքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ցուցակը, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհ է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի ծավալած գործունեությունից եւ մինչ երեկ դեռ բանակցություններ էին գնում, թե ինչպես պետք է հարցը լուծվի:

Իսկ ինչի՞ց է առաջացել Ծառուկյանի հիասթափությունը Վարդանյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արման Վարդանյանը հարցազրույցներից մեկում, խոսելով «Ծառուկյան» դաշինքի հետ հուշագրի ստորագրման մասին, ասել է, թե ծրագրային քննարկումների մեջ ենք: Եվ սա առիթ է հանդիսացել, որ Վարդանյանի դեմ արշավ սկսած անձինք Գագիկ Ծառուկյանին ներկայացնեն իրենց դժգոհությունը՝ մասնավորապես նշելով. «Պարո՛ն Ծառուկյան, Դուք Արմանի հե՞տ եք ծրագիր քննարկում»: Եվ արդյունքում Ծառուկյանի մոտ բացասական նստվածք է մնացել, որն էլ դրսեւորվել է Վարդանյանին ու նրա թիմին ԲՀԿ գրասենյակից հեռանալու հրահանգով: Իսկ ընտրացուցակում ներառելու որոշումը մինչ երեկ դեռ օդի մեջ էր:

Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ նա երեկ եղել է ԲՀԿ շտաբում, աշխատանքային գրաֆիկով: Նշանակում է, որ Ծառուկյանը նրան ներել է:
Նշենք, որ Արման Վարդանյանը, որ իր վրա էր վերցրել դաշինքի գաղափարաքարոզչական հարցերով պատասխանատվությունը, հիմա չի զբաղվում դրանով: Իվետա Տոնոյանն է այդ գործառույթներն իրականացնում:
Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Արման Վարդանյանն էր համոզել ՀՌԱԿ-ին եւ ՍԴՀԿ-ին միանալ Գագիկ Ծառուկյանին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե համայն հայությունը Ծառուկյանի հետ է: Սակայն ինչպես ի վերջո պարզ դարձավ այդ ուժերի եւ «Ծառուկյան» դաշինքի համագործակցության կասեցումից, այս մտահղացումը եւս չիրագործվեց: Այսինքն` «լավ չէր պայմանավորվել»:
Արդյո՞ք Վարդանյանը ներառված կլինի ցուցակում, թե՞ ոչ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հրաժարվեց հայտնել՝ նշելով, որ չի կարող այս պահին անդրադառնալ ցուցակի բովանդակությանը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաեւ Արման Վարդանյանի հետ, վերջինս օրեր շարունակ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Միասնություն» համազգային շարժման ներկայացուցիչներից ընդգրկված կլինեն «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում: Մասնավորապես նրանց թվում կլինի «Միասնության» համակարգող խորհրդի անդամ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մկրտչյանից: Վերջինս նշեց, որ երկու օր է՝ գտնվում է մարզում եւ որեւէ տեղեկություն չունի: Սակայն տեղեկացրեց, որ շարժման հետ համագործակցության հարցը կորոշվի այսօր առավոտյան՝ խորհրդի նիստի ժամանակ:

Վահագն Հակոբյան




Լրահոս