Ըստ մասնագետի` առաջնայինը պիտի լինի բնագիրը, ոչ թե վերլուծությունը: Ցավոք, ոչ միայն աշակերտը, այլեւ ուսուցիչն է կառչում դասագրքից: Զարգացած երկրներում ցանկացած ուսումնական ձեռնարկ, առավել եւս` դասագիրք, մինչեւ դպրոց մտնելը անցնում է համապատասխան փորձաշրջան: Մինչդեռ ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուներն այս նախազգուշական քայլն ավելորդ են համարում: Արդյունքում դասագրքերը մտնում են դպրոց` լի բազմաթիվ անճշտություններով ու բովանդակային թերություններով:ՀՀ կրթական խնդիրներով ակտիվորեն զբաղող ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց կառավարության «խոսքի ու գործի հակասությունից»: Պարզվում է` դասագրքերի բովանդակային մասից դժգոհ պատգամավորին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «բանավոր կերպով» խոսք էր տվել, որ նոր դասագրքերը մինչեւ հաստատվելն ու շրջանառության մեջ մտնելը մեկ տարվա փորձաշրջան կանցնեն: Սակայն օրեր առաջ Ազգային Ժողովում կրթության ազգային ռազմավարությանը նվիրված քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ նոր նախագծի մեջ այդպիսի կետ չկա: «Ինչո՞ւ նախարարը հանեց այդ` մեկ տարվա փորձաշրջանի կետը: Հնգամյա ծրագրում դասագրքերի որակն ընդհանրապես չի կարեւորվում: Չէ՞ որ անհրաժեշտ էր, որ գոնե հայագիտական առարկաների բլոկը` մայրենի լեզու, գրականություն, պատմություն, լուրջ փորձաքննություն անցներ: Սա ազգային անվտանգության հարց է, չէ՞ որ դրանց շնորհիվ երեխաների, արժանապատիվ հայ քաղաքացու ազգային նկարագիրն է կերտվում»,-ասում է պատգամավորը:Թե ինչո՞ւ է կրթության եւ գիտության նախարարությունը խուսափում դասագրքերի մեկ տարվա փորձաշրջանից, հայտնի է միայն նախարարին եւ հեղինակներին: Դրանք, ի դեպ, հիմականում նույն մարդիկ են, որոնք, ամեն տարի նույն գիրքը մի քիչ փոփոխելով, «իջեցնում են հանրակրթության ոլորտ»: Այս տարի էլ ոչ միայն փոփոխելու են, այլեւ 30 տոկոսով բեռնաթափելու:Հիշեցնենք, որ եթե 10-րդ դասարանի գրականության դասագիրքը փորձաշրջան անցներ, աշակերտների մեջ կգտնվեր Րաֆֆու «Սամվելը» կարդացած աշակերտ, եւ կուղղվեր այն կոպիտ սխալը, թե Արշակ Երկրորդը բանտարկվել է «Անուշ» բերդում (պետք է լինի «Անհուշ»): Ասվածին չհավատացողներին խնդրում ենք բացել իրենց երեխաների գրականության գիրքը:Այսօր գրվող հայ գրականության դասագրքերի մասին զրուցեցինք Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Նաիրա Տողանյանի հետ: Ըստ նրա` հարցն ավելի գլոբալ է. «Գրքերը ոչ թե նոր են գրվում, այլ հիմնականում թարմացվում են: Քանի դեռ գրականություն ասելով հասկանում ենք գրականագիտություն, դասագիրք գրողի ճաշակով ենք առաջնորդվել, ու դասագրքերը նաեւ լավ կողմեր ունեն. գաղափարախոսական տաբուներ չկան, Հակոբ Հակոբյանի եւ Շուշանիկ Կուրղինյանի անունները չեն էլ հիշատակվում, փոխարենը ուսումնական ծրագրում ընդգրկվել են մեր մեծերի` մինչ այս մոռացության մատնված գործերը. Չարենցը դասագիրք մտավ իր ողջ մեծությամբ, նախկինում կարմիր ու լենինյան պոետ էր: Դասագրքային նորություն էին Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպերը: «Նոր» հեղինակ է Գուրգեն Մահարին: Ներկայումս քննարկվում է նաեւ Մահարու գլխավոր վեպը` «Այրվող այգեստաններ»-ը ընդգրկելու հարցը»:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴԱՍԱԳՐՔԵՐՆ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ