Խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի նախընտրական ցուցակներն արդեն ամբողջությամբ հրապարակված են: Ո՞ր կուսակցությանն է հաջողվել ներկայացնել ամենամրցունակ ցուցակը, եւ արդյո՞ք այդ կազմով ուժերից կարելի է ակնկալել փոփոխություններ. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, օրենքով սահմանված վերջնաժամկետում, ի վերջո, Աժ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ներկայացրին իրենց նախընտրական ցուցակները: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենամրցունակ ցուցակը:
-Գիտեք, եթե խոսքը ցուցակների մասին է, ապա եկեք, այսպես ասենք, որ բոլոր ցուցակները երկու բանի մասին են խոսում՝ ա. գնում է սերնդափոխություն ու լուրջ սերնդափոխություն, ընդ որում, ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ, բ. օդիոզ դեմքերից բոլորը հրաժարվել են: Այս երկու բանը կարող եմ ասել, իսկ մնացածն արդեն ռեսուրսների խնդիր է:
–Բայց այդ օդիոզ դեմքերը առաջադրվում են ռեյտինգային ընտրակարգով…
-Գիտեք, ամենալավը այդ ռեյտինգայինի որն է, որ մինչեւ հիմա շատերը չեն հասկացել: Եթե մի քիչ ավելի ռեալ դաշտում մտածենք, հասկանալի է, որ միանգամից օդիոզ դեմքերից ազատվել հնարավոր չէ հարյուր տոկոսով, բայց եթե Դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ օդիոզ դեմքերն իրար հետ են պայքարում, չորս-հինգ օդիոզ դեմք մի մանդատի համար, ու դա նշանակում է, որ միանգամից յոթանասուն-ութանասուն տոկոսով օդիոզ դեմքերը պակասելու են պառլամենտում:
Որովհետեւ եթե Դուք նայեք, ովքեր են իրար դեմ նույն կուսակցությունից, կհասկանաք, որ այդ չորս-հինգ հոգուց ընդամենը մեկն է անցնելու, իսկ դա նշանակում է, որ տասներեք ընտրատարածքից ամեն չորս-հինգ օդիոզից ընդամենը մեկն է անցնելու: Եթե այն ժամանակ կային քառասուն-հիսուն նման դեմք, հիմա առավելագույնը տասներեք օդիոզ դեմք է անցնելու: Այդ առումով, իհարկե, ես համոզված եմ, որ օդիոզ դեմքերը դեռ գլխի չեն ընկել, կեսից գլխի կընկնեն կամ այդպես էլ գլխի չեն ընկնի: Երբ որ չհայտնվեն պառլամենտում, նոր գլխի կընկնեն երեւի: Բայց այդ առումով, իհարկե, շատ մեծ առաջընթաց է:
-Բոլորը կրկին փոփոխությունների մասին են խոսում: Այս անգամ իրականում ակնկալե՞նք որեւէ փոփոխություն:
-Ցուցակով արդեն փոփոխությունները շատ մեծ են, գոնե ֆասադային հատվածում: Պարզ է, որ բավականին երիտասարդ կազմ է գալիս: Այդքանով արդեն կա փոփոխություն, թե հետո ինչ կլինի, ոչ ոք ասել չի կարող, կապրենք, կտեսնենք: Հույս ունենք, որ կլինի շատ փոփոխություն:
-Այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ ամենախոստումնալից ցուցակը ո՞ր ուժինն է:
-Ճաշակի խնդիր է: Հայերի համար կա մեկ-երկու հարյուր տոկոսանոց լավ ցուցակ, Շառլ Ազնավուրն ու Հենրիխ Մխիթարյանն են, մնացածը ճաշակի խնդիր է:
–Իսկ եթե համեմատենք ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակնե՞րը:
-Ճաշակի խնդիր է, ես այնտեղ էլ ունեմ նախընտրելի դեմքեր, այստեղ էլ ունեմ նախընտրելի դեմքեր, որ ասեմ՝ այնտեղ իդեալական է, կամ այնտեղ շատ վատն է, չկա այդպիսի բան: Դա շատ սուբյեկտիվ է, որովհետեւ կան մարդկային հարաբերություններ՝ սկսած ընկերականից, վերջացրած զուտ ինչ-որ վերաբերմունքով տվյալ քաղաքական գործչի նկատմամբ: Ինձ համար ամենալավը Շինդլերի ցուցակն է:
-Ասում եք՝ լավն այն է, որ սերնդափոխություն է լինելու, բայց արդյո՞ք այս ցուցակների «նոր սերունդ»-ն ունի այնքան ներուժ, որ փոփոխություններ իրականացնի:
-Երբ մարդիկ նոր են ի հայտ գալիս, երբ նրանց դեռ ոչ ոք չի ճանաչում, միշտ կա «հայրեր եւ որդիներ»-ի պրոբլեմը, որ հայրերը միշտ ասում են՝ դե, նրանք փորձ չունեն, ինչ պետք է անեն, երեխեքն էլ ասում են՝ դե, նրանք հոգնած են, հին են եւ այլն, եւ այլն: Բոլոր ցուցակներում կան շատ ներուժ ունեցող մարդիկ:
Հասարակությունը չպետք է ձեռքերը լվա եւ ասի, որ իրենք մտել են խորհրդարան, թող իրենք էլ լուծեն բոլոր խնդիրները, հասարակությունը որոշ դեպքերում պիտի պահանջի, որոշ դեպքերում դեմ գնա, որոշ դեպքերում կանգնի սարի պես:
Վահագն Հակոբյան