Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերից 7-ն այսօր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտում: Բայց սա դեռ չի նշանակում, որ նրանց մի մասն իրոք ընդդիմադիր է. գոնե հասարակական պատկերացումներում ընդդիմադիր ընկալում ունի:
Ու հիմա՝ նախընտրական այս թոհուբոհում, այդ քաղաքական ուժերի առաջնային խնդիրներից մեկն է լինելու հասարակությանը համոզել, որ իրենք ընդդիմադիր են, ամենաընդդիմադիրն են: Ավելին՝ նրանք հասարակությանը պետք է ապացուցեն, որ իշխանության գալով կամ առնվազն պատգամավորական խմբակցություն ունենալով՝ կարող են արդյունավետ աշխատել. այս հեռանկարը սպառնում է հատկապես նրանց, ովքեր ոչ վաղ անցյալում իշխանության մեջ էին՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ` Արթուր Բաղդասարյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան եւ այլք:
Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը բոլորիս աչքի առաջ է ընթացել. նա ընտրություններից առաջ փորձել է ընդդիմադիր դաշտում հանդես գալ, բայց արդեն ընտրություններից հետո միանգամից հայտնվեց իշխանական ճամբարում, եւ այդպես եղել է ոչ մեկ անգամ: Այդքանից հետո այսօր ավելի հեշտ է մարդկանց համոզել, որ Էյֆելյան աշտարակը գտնվում է Բեռլինում, քան Արթուր Բաղդասարյանն իրոք ընդդիմադիր է եւ Սերժ Սարգսյանի դեմ է դուրս եկել:
Շատ ավելի լուրջ է նրա իշխանավարման արդյունավետության թեման. Ա. Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը տարիներ շարունակ մաս է կազմել իշխող կոալիցիաներին, ինքն էլ զբաղեցրել է ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ ԱԽՔ-ի պաշտոնը: Թե որքանով են արդյունավետ գործել եւ որքանով արդյունավետ կգործեն, հարցին պատասխանելն ավելորդ ժամավաճառություն է: Ու թերեւս այդ պատճառով էլ Արթուր Բաղդասարյանը հիմա փորձում է քվե ակնկալել` սուտ խոստումներ տալով: Ամենավառ օրինակը ԽՍՀՄ խնայդրամարկղերում ավանդների վերադարձի երկրորդ փուլի նախաձեռնում էր, երբ փորձում էին մարդկանց համոզել, թե ՀՎԿ-ում ցուցակագրվելով՝ այդ հարցը կլուծվի:
Բայց Արթուր Բաղդասարյանի վերջին նորամուծության դիմաց ավանդների վերադարձի հարցը անգամ իրատեսական կարող է թվալ: ՀՎԿ վերջին համագումարում, նախօրեին էլ ՀՎԿ ընտրացուցակները ներկայացնելու համար հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր Հայաստանում նավթի եւ գազի պաշարներ հայտնաբերելու մասին. «Ասում են՝ Հայաստանը նավթ ու գազ չունի, ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ, ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն, լրջագույն ուսումնասիրության»,- մի քանի անգամ ասել է նա:
Հիմա, բնականաբար, հարց է առաջանում` եթե Բաղդասարյանը տեղյակ է եղել այս ամենից, ինչո՞ւ միայն հիմա է խոսում, ինչո՞ւ 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդը նախկինում երբեք չի հայտարարել Հայաստանի ընդերքի հարստության մասին: Իսկ իրականում նման հայտարարություն չի արել, որովհետեւ նավթի եւ գազի պաշարներ չկան: Ավելին՝ եթե լինեին, ապա իշխանությունները, որ տեւական ժամանակ է՝ անխնա շահագործում են ընդերքը, վաղուց նաեւ նավթի եւ գազի հանքեր բացած կլինեին:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալությունից հետաքրքրվեց` արդյո՞ք ունենք գազի եւ նավթի պաշարներ: Սակայն հերքեցին. «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը:
Իհարկե, ամբոխահաճո ցանկացած միտք ու թեզ ընտրական ժամանակահատվածում հնչեցվում է տարբեր ուժերի ու գործիչների կողմից, բայց խոսելուց առաջ լավ կլինի մտածել, թե որքանով են իրատեսական առաջ քաշված իդեաները: Եւ ընտրողը երկար պետք է ծանրութեթեւ անի քվեախցիկ մտնելուց առաջ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ