ՌԴ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ՀՀ իրավապահները մի շարք դեպքեր էին բացահայտել, երբ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողները, ցանկանալով իրենց երեխաներին ազատել ծառայությունից կամ մի զորամասից այլ զորամաս տեղափոխել, խաբվել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մի քրեական գործ էլ կապված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Վլասովի անվան հետ:

2016 թվականի մարտի 18-ին ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը: Պարզվել էր, որ Հ.Ղազարյանը տարբեր քաղաքացիների ներկայանալով ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից՝ խոստացել էր ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող նրանց զավակներին ԼՂՀ-ից տեղափոխել Հայաստան: Յուրաքանչյուր ծնողից իր ծառայության դիմաց իրականում շորթել էր 160 հազարից մինչեւ 200 հազար դրամ:
Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Երեւանի մի բնակչուհի տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից եւ կլորիկ գումարի դիմաց ծնողներին առաջարկել էր նրանց երեխաներին ազատել զորակոչից:
Այսքանով պաշտոնատար անձանց անվան տակ զինված ուժերում որեւէ հարց լուծելու պատմությունները չեն ավարտվում: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Ռաֆիկ Վերդյանը ցանկացել է որդուն՝ Արթուր Վերդյանին, տեղավորել աշխատանքի ՌԴ սահմանապահ զորամասերից մեկում: Այդ առիթով ծանոթացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Սահակյանի հետ, որն էլ նրան հայտնել է, թե Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Վլասովի մտերիմն է եւ կարող է նրան օգնել այս հարցում:
Եվ, ահա, Սահակյանը գործը գլուխ բերելու համար պահանջել է 4.000 ԱՄՆ դոլար գումար, որը իբր թե տալու է Վլասովին:
Վերդյանը համաձայնել է տալ պահանջված գումարը եւ «Աբովյան» ԲԿ-ում անձամբ Գ. Սահակյանին տվել մոտ 1 միլիոն 635 հազար դրամ:
Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, գումարը անհետացել է, իսկ աշխատանքի տեղավորման հարցը այդպես էլ չի լուծվել:
Նկատենք, որ Գրիգոր Սահակյանը իրավապահներին հայտնել է. «Աշխատանքի տեղավորման համար զանգահարել եմ Վլասովին ու նրանից տեղեկանալով գների մասին՝ հայտնել եմ Ռաֆիկ Վերդյանին: Նա ինձ է տվել պահանջված 4000 ԱՄՆ դոլարը եւ համապատասխան փաստթղթեր, որոնք պատճենահանել եւ պահել եմ ինձ մոտ, իսկ բնօրինակները տվել եմ գեներալ Վլասովին: Նշված գումարը զորամասում հանձնել եմ Վլասովին, եւ նա հայտնել է, որ 2-3 ամսում հրամանը կլինի, պետք է Մոսկվայից համաձայնություն ստանան»: Այդ հանդիպումից 2-3 ամիս հետո հանդիպել է Վլասովին, տեսել է Արթուր Վերդյանի հրամանը, սակայն թե ինչու Արթուր Վերդյանի աշխատանքի հարցը այդպես էլ չի կարգավորվել, չի կարող ասել:
Ըստ նրա՝ իր մեղքը կայանում է նրանում, որ Ռաֆիկ Վերդյանից գումար է վերցրել` որդուն աշխատանքի ընդունելու համար, սակայն նրա տղայի աշխատանքի տեղավորման հարցը չի լուծել:
Նկատենք, որ իրավապահները Գրիգոր Սահակյանի ցուցմունքի հիման վրա հարցում են իրականացրել ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն՝ հասկանալու համար, թե Գրիգոր Սահակյանը իսկապե՞ս մուտք է գործել զորամաս: Ինչին ի պատասխան՝ ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայտնել է, որ Գրիգոր Սահակյանը ռուսական զորքերի շտաբ մուտք չի գործել, քանի որ մուտքը իրականացվում է միայն անցագրերով:
Հիմա պատասխանատվության կենթարկվեն ինչպես կաշառք տվողը, այնպես էլ՝ վերցնողը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՎԿԱ
Նախորդ տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում իրականացված բախումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը` ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը եւս ակտիվ մասնակցություն է ունեցել վերոնշյալ դեպքերին: Նրա ձեռքում լուսաձայնային նռնակ է եղել:
Մինչ այժմ տարվող նախաքննությունը դեռեւս շարունակվում է, ու այդպես էլ պարզ չէ, թե ինչ պատիժ է սպասվում խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառած պաշտոնյաներին:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` վերոնշյալ պաշտոնատար անձանց եւս մեկ անգամ հարցաքննել են: Ավելին` նախաքննություն իրականացնող մարմնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում կարգավիճակ են ստացել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը գործով անցնում են որպես վկաներ:

 

 

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ԻՆ ՆԵՂԱՑՆՈՒՄ Է
«Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցները ընկերության գործունեության պատճառով ընկել են դատարանի դռները: Կարեն եւ Միքայել Վարդանյանները թեեւ մի կողմից բարեգործություն են անում` իրենց իմիջը «ռեստավրացիա» անելու համար, մյուս կողմից էլ նրանց գործունեության արդյունքում այս ընկերության աշխատակիցների մոտ լուռ դգոհություն է հասունանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքացի Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի «Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը: Այս գործով մի քանի դատական քնություններ են տեղի ունեցել:
Իսկ թե ինչով կավարտվի այդ դատական վեճը, ցույց կտա ժամանակը:

 

 

ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Դատարանը երեկ որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարգսյանին: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն ձերբակալման հիմք է համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին եւ խնդրել են փոխել հանդիպման օրը:

 

 
ԿՓՈՐՁԱՐԿԵՆ
Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն եւ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում փորձարկվելու են Ազգային ժողովի ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը: Tert.am-ին այս մասին հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով՝ ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերը կիրառվելու են փորձնական, որպեսզի ծագող հնարավոր խնդիրները, թերությունները հայտնի դառնան ու շտկվեն մինչեւ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

 

 

ԿԱՐՃՎԵԼ Է
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ լրագրող Վահե Մակարյանի միջեւ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի գործով հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Այս կապակցությամբ լրագրող Վահե Մակարյանը Tert.am-ին ասել է. «Փաստորեն անտեսվել է, որ հարված է եղել, վնասվածք եմ ստացել, ցավ եմ զգացել, ինչը դատաբժիշկը ֆիքսել է: ՀՔԾ-ն ընդունել է միայն պատգամավորի ցուցմունքը, համաձայն որի՝ իբր մեկ անգամ ապտակել է ինձ, այնինչ՝ բռունցքով հարվածել է: Անգամ եթե, ըստ ՀՔԾ-ի, պատգամավորն ինձ ապտակել է, եթե այդպես համարենք, ստացվում է, որ պատգամավորը կարող է լրագրողին ապտակել եւ պատասխանատվության չենթարկվել»: Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել լրագրողը, պատասխանել է, որ մտադիր է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը եւ հնարավորինս ապացուցել նույն ՀՔԾ-ին, որ իրականում եղել է բռունցքներով հարված, որը ֆիքսել է դատաբժիշկը:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
«Ազատամարտիկների դաշինքն» իր նախօրեի նիստում չի որոշել, թե 2017թ. խորհրդարանական ընտրություններում որ քաղաքական ուժին է սատարելու: Այս մասին Tert.am-ին ասել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: «Որոշումն արդեն կայացրած պետք է լինեինք, բայց քանի որ կուսակցությունների միջեւ բանակցությունները դեռ ավարտված չեն, որոշում չենք կայացրել: Կհայտարարենք, երբ քաղաքական ուժերի առաջադրումները կլինեն»,- նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք աջակցելու են միայն միասնական ընդդիմադիր լայն ճակատին:




Լրահոս