ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ անցողիկ տեղերում. ինչու նախընտրական ցուցակներում Տավուշում բնակվող թեկնածուներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուսակցությունները եւ քաղաքական դաշինքները փետրվարի 16-ին հրապարակեցին իրենց նախընտրական ցուցակները: Դրանց անցողիկ տեղերում Տավուշի մարզում բնակվող թեկնածուներ չկան: Տավուշի մարզից սերված Նիկոլ Փաշինյանը, Ստյոպա Սաֆարյանը, Խաչատուր Քոքոբելյանը թեեւ տեղ են զբաղեցրել «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակների անցողիկ տեղերում, սակայն քաղաքական այդ գործիչները վաղուց երեւանաբնակ են, նրանց հետաքրքրության կիզակետում համապետական խնդիրներն են եւ ոչ միայն հեռավոր, սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզի հիմնահարցերը:

Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, զբաղեցնում է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 41-րդ տեղը: Նա հայտարարել է, որ ինքը առաջադրվելու է այդ դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակով:

Իջեւան քաղաքի բնակչուհի, Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ասյա Օթարյանը զբաղեցնում է ՀԿԿ-ի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը: ՀԿԿ-ի խորհրդարան մտնելու հնարավորությունները մեծ չեն, եւ քիչ հավանական է, որ այդ ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնողը ԱԺ պատգամավոր դառնա:

Իսկ ահա իշխող ՀՀԿ-ի 197 հոգանոց ցուցակի 29-րդ տեղում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն է: Նա խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից, 2 անգամ պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզից, մեծամասնական ընտրակարգով, 2 անգամ էլ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: Գ. Մելիքյանը սերում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից, 2012 թվականից ցայսօր «Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորում» ՀԿ խորհրդի նախագահն է:

ՀՀԿ-ի ընտրական ցուցակի վերջին՝ 192-197-րդ տեղերը զբաղեցնում են Իջեւանի քոլեջի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, «Տավուշգազ» ԳԳՄ-ի տնօրեն Սեյրան Խառատյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը եւ Վարդան Պետրոսյանը:

Վերջինս Բերդի տարածաշրջանից է, նախկինում եղել է ՀՀՇ անդամ, 1995թ. «Հանրապետություն» խմբակցությունից պատգամավոր է ընտրվել: Նշված 7 անձինք լինելու են ՀՀԿ-ի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս