ՀԱՐՑ. Ես 2007-2008թթ. հայաստանյան բանկերից մեկից քարտային տարբերակով վարկ եմ վերցրել: Ընթացքում վարկային պարտավորություններս ժամանակին եւ բարեխիղճ կատարել եմ, ապա մարել վարկն ամբողջությամբ: Սակայն ամիսներ անց բանկից ինձ տեղեկացնում են, որ ես չեմ վճարել քարտի սպասարկման գումարը, որի հետեւանքով հայտնվել եմ բանկի սեւ ցուցակում: Անցել են տարիներ, եւ ես դեռ չեմ վճարել սպասարկման այդ գումարը: Խնդրում եմ ասեք՝ հիմա ես գտնվո՞ւմ եմ սեւ ցուցակում, թե՞ ոչ:
Սեւակ Հարությունյան (32 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ այստեղ) Քարտի սպասարկման վճարի ուշացումը կամ այն չվճարելը եւս համարվում է ժամկետանց պարտավորություն, ուստի եւ կարող է արտացոլվել վարկային պատմությունում:
Պարզելու համար այդ ուշացումը այժմ արտացոլվում է Ձեր վարկային պատմությունում, թե ոչ, անհրաժեշտ է նախ Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում անել ԱՔՌԱ վարկային բյուրոյին: Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Ընդ որում, իրավունք ունեք տարին մեկ անգամ անվճար ծանոթանալու Ձեր վարկային պատմությանը:
Եթե Ձեր վարկային պատմությանը ծանոթանալուց հետո պարզեք, որ այնտեղ արտացոլված է սխալ կամ թերի տեղեկություն, ապա մյուս քայլով կարող եք դիմել Ձեզ այդ վարկը տրամադրած ֆինանսական կառույցին կամ հենց նույն ԱՔՌԱ վարկային բյուրոյին, որը, որպես միջնորդ, կտեղեկացնի այդ սխալի բացահայտման եւ շտկման վիճարկման գործընթացների մասին եւ իր լիազորությունների սահմանում կաջակցի պարզել սխալի առաջացման սկզբնաղբյուրը:
Վարկային պատմության մասին ավելին իմանալու համար այցելեք www.abcfinance.am «Ֆինանսներ բոլորի համար» կայք:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սպառողի մասին տեղեկություններն օգտագործվում են ՀՀ-ում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների վարկարժանությունը գնահատելու նպատակով, այն է՝ գնահատել հաճախորդի հնարավորությունը եւ ցանկությունը մարելու ստանձնած պարտավորությունները: Այն օգնում է կայացնել տեղեկացված որոշումներ վարկի տրամադրման եւ վերջինիս պայմանների վերաբերյալ: