ՀԱՐՑ. Ես ունեմ վարչական իրավախախտման ակտ, որի գումարը կազմում է 28.000 դրամ: Այն չմուծելու հետեւանքով հայտնվել է ԴԱՀԿ-ում, եւ գումարն ավելացել է: Ամեն տարի համաներում է լինում: Խնդրում եմ ասեք՝ այդ տարի նույնպե՞ս կլինի համաներում, եթե այո, ապա երբ, որ ամսին:
Մհեր Գրիգորյան (32 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ քաղաքացի Մհեր Գրիգորյանի կողմից օգտագործված «համաներում» եզրույթը հավանաբար վերաբերում է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված եւ 2016 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորմանը, որով կոնկրետ վարչական իրավախախտումներ կատարած անձանց համար սահմանվեց հնարավորություն՝ նրանց նկատմամբ կիրառված տուգանքները վճարելու կամ վճարված լինելը հիմնավորելու դեպքում ազատվել տուգանքի գումարը չվճարելու հետեւանքով առաջացած գումարները եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ օրենքի վերոհիշյալ կարգավորումը վերաբերում է միայն մինչեւ 11.01.2016 թվականը կայացված վարչական ակտերով սահմանված տուգանքների վճարմանը, որից հետո այլ կարգավորում չի սահմանվել:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Այսինքն՝ մինչեւ նախորդ տարվա հունվարի 11-ը կայացված վարչական ակտերին է վերաբերում համաներումը: Ի դեպ, վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքների շուրջ, քանի որ բազմաթիվ հասցեատերեր պատշաճ կարգով չէին ստացել վարչական իրավախախտումների իրենց ակտը, եւ արդյունքում հայտնվել դատական պրոցեսների մեջ: Սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում: