ՀԱՐՑ. Ես բանկում երաշխավոր եմ եղել իմ ծանոթին: Նա իր վարկային պարտավորությունները կատարում է ուշացումներով՝ սեւ բիծ թողնելով նաեւ իմ վարկային անվան վրա: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ խզել երաշխավորության իմ պայմանագիրը: Ի՞նչ կարող են անել նման կարգավիճակում հայտնված քաղաքացիները: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Վանուհի Մանուկյան (41 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ Ձեր երաշխավորության պայմանագիրը կարող է դադարեցվել վարկառուի (Ձեր ծանոթի) եւ ֆինանսական կառույցի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ: Կարող եք խնդրել Ձեր ծանոթին դիմել ֆինանսական կառույց՝ առաջադրելու մեկ այլ երաշխավորի Ձեր փոխարեն կամ տրամադրելու որեւէ միջոց, որը կապահովի պարտավորությունների կատարումը (օրինակ՝ գրավ): Սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆինանսական կառույցը իրավունք ունի ընդունել կամ հրաժարվել առաջարկից:
շարունակելի
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Ավելացնենք, որ երաշխավորը երաշխավորության պայմանագրով այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Այնպես որ, երաշխավոր դառնալուց առաջ պետք է լավ մտածել: