Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Դեպքի օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ավելի ուշ քրեական գործով պարզվել էր, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շ.Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):
Շ. Գալստյանը տան միակ զավակն է եղել, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ նրա հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից իրավունք ունեն օգտվելու նաեւ միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ArmLur.am-ի հետ զրույցում, վկայակոչելով օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը, կարծիք հայտնեց, որ տվյալ դեպքում Շ. Գալստյանը պետք է զորակոչվեր իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս: Մինչդեռ Աբովյանում բնակվող երիտասարդին զորակոչել են Տավուշի մարզ:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ` բանակում ինքնասպանությունների թվի աճը բռնության մթնոլորտի հետևանք է: Ըստ նրա՝ Վիգեն Սարգսյանը ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, առաջնահերթ պետք է խոսեր կյանքի իրավունքի խախտման դեպքերի մասին:
Ալեքսանյանի խոսքով՝ նման խնդիրները նախարարի համար առաջնահերթություն պետք է լինեն, հանրությանն էլ պետք է բացատրվի, թե ինչ հանգամանքներում են զոհվում զինծառայողները:
Հունվարի 27-ին լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով կատարվածին ՝ պարզաբանել էր՝ ինչու է միակողմանի ծնողազուրկ զորակոչիկը մարտական դիրքում անցել ծառայության:
Վերջում նախարարը խոստացել էր կրկին ուսումնասիրել զինծառայողի գործը: Ուսումնասիրության արդյունքները դեռևս հայտնի չեն:
Արդյոք երիտասարդը, ով գիտակցում է, որ մոր միակ հույսն է, կդիմե՞ր ինքնասպանության: Մնում է հուսալ, որ քննությունը կպարզի դեպքի իրական մանրամասները:
Տաթեւ Հարությունյան