Սերժ Սարգսյանը չի հրաժարվել հին ՀՀԿ-ականների ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի ուսումնասիրությունը փաստում է, որ խորհրդարանում ՀՀԿ-ի կազմը առանձնապես չի տարբերվելու ներկա կազմից: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել հին ՀՀԿ-ականների ծառայություններից: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի օրենսդրական գործունեությանը, կամ նույնն է, թե ԱԺ-ում Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանության առաքելությանը:

Գագիկ Մինասյանը ՀՀԿ-ի հիմնադիրներից է: Նա 1995թ. ԱԺ ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀՇ-ի առանցքի շուրջ ձեւավորված «Հանրապետություն» դաշինքի համամասնական ցուցակում եւ արդեն 1997թ. դարձել է պատգամավոր: 1998թ. փետրվարին Մինասյանի մոտ նույնպես գերակայել է Արցախը Լեւոն Տեր-Պետրոսյանից «պաշտպանելու» խիզախությունը, եւ նա լքել է ՀՀՇ-ի նավն ու տեղավորվել «Երկրապահի» հովանոցի ներքո: 1999թ. Մինասյանը «Միասնություն» դաշինքի կազմում դարձել է ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2003-ին նույն դիրքին հասել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այդ քաջագործությունը կրկնել 2007 եւ 2012թթ.: Փաստացի, Գագիկ Մինասյանը եղել է 5 գումարումների պատգամավոր, որին բախտ կվիճակվի շարունակել իր խորհրդարանական գործունեությունը նաեւ 2017թ., քանզի նա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 13-րդ համարն է:

Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը գոհ է մնացել Մինասյանի գործունեությունից, որին 2016թ. դեկտեմբերին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Պատկերացում կազմելու համար Մինասյանի օրենսդրական փայլուն աշխատանքի մասին, ինչի համար էլ, ըստ էության, նա պարգեւատրվել է, հարկ է հայացք ձգել նրա քվեարկություններին: Այսպես, 5 տարվա ընթացքում Մինասյանը կողմ է քվեարկել 875 անգամ, դեմ՝ 9 եւ 1 անգամ էլ ձեռնապահ: Նա 6 անգամ հրաժարվել է քվեարկություններից, ինչպես նաեւ բացակայել 72 նիստերից: Նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 9 անգամ, հարցապնդումներ ներկայացրել՝ 10: Ի դեպ, Մինասյանը կողմ է քվեարկել «Բյուջե 2017-ին», «1000 դրամների» նախագծին, սակայն բացակայել «ԱԺ կանոնակարգ» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի քվեարկություններից:

Ն. Հովսեփյան




Լրահոս