Ուզում էինք, որ լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ. ովքեր են կրկին հավակնում պատգամավոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի ուսումնասիրությունը փաստում է, որ խորհրդարանում ՀՀԿ-ի կազմը առանձնապես չի տարբերվելու ներկա կազմից:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել հին ՀՀԿ-ականների ծառայություններից: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի օրենսդրական գործունեությանը, կամ նույնն է, թե ԱԺ-ում Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանության առաքելությանը:

Կոմունիստական գաղափարախոսությամբ գայթակղված, սակայն նժդեհականությունը վերգտած մեկ այլ պատգամավոր է Գագիկ Մելիքյանը: Վերջինս 1989-1991թթ. եղել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչը, իսկ 1999թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել մեծամասնական կարգով՝ հանգրվանելով «Միասնություն» դաշինքի կազմում: 2003-07թթ. նա պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նույնը կրկնել է 2008 եւ 2014թթ., այսինքն՝ Մելիքյանը մանդատ է ստացել միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը վայր է դրել պատգամավորական մանդատը, եւ տեղ է բացվել խոստումնալից մեկ այլ ՀՀԿ-ականի համար:

Խիստ տպավորիչ են Մելիքյան պարգեւները՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (2003թ.), «Զորավար Անդրանիկ» (2004թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2005թ.,ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2006թ., ՊՆ) մեդալներ, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2006թ.) եւ «Հայաստան. 5-րդ բրիգադ» (2009թ., ԵԿՄ) հուշամեդալներ: 2016թ. Սերժ Սարգսյանը նրան ընծայեց Երախտագիտության մեդալ՝ «խորհրդարանական ակտիվ գործունեության համար»: Սերժ Սարգսյանը հստակորեն գիտի, թե ինչու է Մելիքյանին երախտագիտություն հայտնում, քանզի անբասիր կերպով ծառայել է նրա նպատակների իրագործմանը: Այսօր Գագիկ Ծառուկյանին պարոնով դիմող Գագիկ Մելիքյանն ընդամենը երկու տարի առաջ էր հոխորտացել՝ «թալանչին չի կարող լինել բարերար»:

Հարկ է նաեւ հիշել Մելիքյանի՝ 3 տարվա խորհրդարանական աշխատանքի արդյունքը. կողմ՝ 627, դեմ՝ 2, ձեռնապահ՝ 1, չի քվեարկել՝ 2, բացակ՝ 13: Նա ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել 18 անգամ, հարցեր տվել՝ ընդամենը 2 անգամ:

Ն. Հովսեփյան




Լրահոս