Հակառակորդի այսօրվա ակտիվությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձը, որը համապատասխան տեսանյութով ապացուցվեց և հաստատվեց Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի կողմից, մի շարք քաղաքական գործիչներ համարում են նախընտրական թոհուբոհից օգտվելու լավագույն առիթ: Ասել է, թե ըստ այդմ՝ Ադրբեջանը, օգտվելով ներհայաստանյան քաղաքական իրավիճակից, փորձում է անել իր սև գործը:
Որքանո՞վ է սա իրատեսական, դժվար է ասել, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն անկանխատեսելի են և չեն դողում անգամ սեփական զինվորի կյանքի համար:
ԱՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի վերջին ակտիվությունը կապված է Խոջալուի դեպքերի հետ, քանի որ, ըստ մեր զրուցակցի, նրանք փորձում են իրենց քաղաքական պրոբլեմները նորից բերել սահման: «Սա արդեն վարքագիծ է դարձել Ադրբեջանի համար»,- նկատեց Հյուսնունցը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, կարծես թե, ուղղորդված են, որպեսզի այս լարվածությամբ իրենց ներքին խնդիրները լուծեն:
«Սահմանը մեր տղաների կողմից վերահսկվում է: Հակառակորդի ռազմական հերթական ագրեսիան պատժվեց»,- եզրափակեց պատգամավորը: