ՀԱՊԿ-ՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՌԴ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ ԵԿՄ համագումարում, իսկ երեկ՝ ՀՀ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման թեմային:

Ընդ որում, ակնհայտորեն Ս. Սարգսյանի ելույթը հիմնականում ուղղված էր միջազգային հանրությանը, մասնավորապես ՌԴ-ին: Ասելիքն, ըստ էության, նույնն էր. Հայաստանը պատրաստ է ԼՂ խնդրի լուծմանը, պատրաստ է փոխզիջումների, բայց սայլը տեղից չի շարժվում Ադրբեջանի պատճառով, քանի որ նրանք ցանկանում են միակողմանի զիջումներ կորզել: Ու քանի դեռ Ադրբեջանը չի վերանայել իր այդ դիրքորոշումը, բանակցային գործընթացում առաջընթաց պետք չէ սպասել: «ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որեւէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է: …Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձեւավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծումը կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: …Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը եւ Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Շատ ավելի ուշագրավ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում Հայաստանի ներգրավվածության մասին: Ըստ էության, նա փորձել է հասկացնել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ կազմում շարունակում է մնալ բացառապես ՌԴ-ի «խաթեր», քանի որ այդ միավորման անդամ մյուս երկրներն այնքան էլ բարեհաճ չեն մեր նկատմամբ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաեւ ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա ուղղակի անթույլատրելի է»,- ասել է նա: Ս. Սարգսյանի այս հայտարարությունները, իհարկե, պատահական չեն. բանն այն է, որ ՀՀ-ն բանակցում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, եւ սպասվում է, որ շատ մոտ ապագայում այդ փաստաթուղթը կներկայացվի նախաստորագրման: Ու որպեսզի այս ամենը պաշտոնական Մոսկվայի մոտ խանդի տեղիք չտա, Ս. Սարգսյանը փորձում է նման ռեւերանսներ անել՝ հասկացնելով, որ Հայաստանը ՌԴ-ի կողքից չի հեռանա, ինչ էլ որ լինի:
Ի դեպ, Ս. Սարգսյանը եւ ԵԿՄ համագումարում, եւ ՊՆ-ում ունեցած ելույթներում հայտարարել է, որ եթե Ադրբեջանն օգտվի Հայաստանի նախընտրական վիճակից ու փորձի խախտել հրադադարի ռեժիմը կամ զինված ներթափանցման փորձեր անել, ապա Հայաստանը հակահարված կտա: Միայն թե մյուս կողմից Ս. Սարգսյանը ՊՆ-ում հիշել է սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում 2018թ. հետո Հայաստանն այլեւս գլխավոր-գերագույն հրամանատար չի ունենա: «Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր-գերագույն հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո՛, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլեւս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ»,- ասել է նա՝ այդպես էլ չփարատելով այդ մտահոգությունները:
ԼՂ խնդրի համատեքստում եւս մեկ ուշագրավ փաստ. Ս. Սարգսյանը ՊՆ-ում ունեցած ելույթում ասել է. «Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում, մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն»: Ինչպես ասում էր մեր ժամանակների դասականը՝ «իյա, իրո՞ք»: Բա տեւական ժամանակ է՝ ժողովուրդը հենց դա է պնդում, որ այսօր Հայաստանում օրեցօր ավելացող գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, արդարադատության բացակայությունը, տնտեսության մեջ մենաշնորհները հետեւանք են իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության, հետեւանք են արատավոր համակարգի: Մինչդեռ իշխանությունները միաբերան հակառակն էին պնդում, թե այդ ամենի պատճառը շրջափակումն է, պատերազմական վիճակը եւ այսպես շարունակ: Այնինչ՝ հիմա իրենք էլ են ստիպված խոստովանելու՝ «ներքին թերությունները» կապ չունեն հարեւանների հետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ ԵՆ
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում լուրջ ինտրիգ է հասունանում. ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկված չէ կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը: Տեսակետ կա, որ ՀՀԿ ցուցակում նրան չներառելու հարցում մեծ դեր ունի ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանը, որի հետ Մինասյանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ֆարմանյանի քույրը՝ այդ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն ինքն էր ցանկանում դառնալ ռեկտոր, բայց ի վերջո պաշտոնը բաժին հասավ Մինասյանին: Ու այդքանից հետո Ֆարմանյանը փորձում է ամեն քայլափոխի խոչընդոտներ ստեղծել Մինասյանի համար: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը Սահակ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչու ինքն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում:
-Հետաքրքիր հարց եք տալիս, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված են այն անձինք, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր: Ես նման հավակնություններ չեմ ունեցել եւ չունեմ:
-Այսինքն՝ դա Ձեր ցանկությո՞ւնն է եղել:
-Միանշանակ:
-Իսկ միգուցե Ձեր կուսակցությունում Ձեզ արհամարհո՞ւմ են, դրա համար չեն ընդգրկել ցուցակ:
-Անիմաստ որակում է: Դա ամենամեղմ ձեւով ասեցի: Ես արդեն հարցին պատասխանեցի, ընդգրկվում են այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն լինել ԱԺ պատգամավոր:
-Մեր տեղեկություններով՝ Սամվել Ֆարմանյանն է եղել պատճառը, որ Ձեզ չեն ներառել ցուցակում:
-Բացառապես անիմաստ մեկնաբանություն: Խնդրում եմ՝ նման մեկնաբանություններ ո՛չ արեք, ո՛չ տվեք, ո՛չ էլ մեկնաբանեք: Իսկ կարո՞ղ է Ձեզ պատվիրել են, որ այդ հարցերը տա՞ք:

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ Է
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունը 2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից: Օրինակ՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը պետբյուջե վճարել է 374 մլն 82 հազար 600 դրամ, մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 954 մլն 137 հազար 700 դրամ: Այսինքն՝ ընկերությունը մեկ տարվա ընթացքում 580 մլն 55 հազար 100 դրամով նվազեցրել է հարկերը: Տեղեկացնենք, որ ընկերությունը անցած տարվա ընթացքում հսկայական պարտքեր էր կուտակել եւ ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը մինչեւ նոր սեփականատերերի ի հայտ գալը: Սա էր պատճառը, որ ընկերությունը նվազեցրել էր հարկային վճարումները:

 

 
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արամ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար: Մեկ այլ որոշմամբ Արման Զարգարյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ:

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 20-ին Արցախում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ, նախկին սենատոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենային: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ուրուգվայի «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» կողմից իրականացվող աշխատանքներին՝ ուղղված տարբեր բնագավառներում երկկողմ կապերի հաստատմանը:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Կողմերն անդրադարձել են առաջիկայում ՀՀ նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ԵՄ միջեւ իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:

 

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումների ընթացքում արծարծվել են ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ներգնա տուրօպերատորների միության անդամների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի ավելացմանը: Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաեւ ԱԱՀ-ի ներդրմանը, զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր:




Լրահոս