ԻՆՉ Է ԱՍԵԼ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական փուլում կրքերը գնալով թեժանում են: Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Երեկ նրանց մեղադրանք առաջադրվեց եւ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ազատությունից զրկելուց մինչեւ առեւանգում
Եվ այսպես՝ փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն օրը քաղաքացի Նժդեհ Բերբերյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել վերադարձնել 1,5 միլիոն դրամ պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Արդյունքում քաղաքացու հաղորդման հիման վրա Արա Օսկանյանը եւ Հրանտ Սիրադարյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի կասկածանքով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ եւ կատարվել է մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով):
Եվ ահա երեկ լրանում էր ձերբակալվածներին անազատության մեջ պահելու ժամկետը, եւ պետք է որոշվեր՝ կա՛մ նրանց կալանավորում են, կա՛մ ազատ արձակում: Սակայն երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց. «Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ. Սիրադարյանին եւ Ա. Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Մարդուն առեւանգել), քննիչի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նկատենք, որ եթե մինչ այդ Արա Օսկանյանը եւ նրա քեռու որդին՝ Հրանտ Սիրադարյանը, ձերբակալվել էին մարդուն ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, ապա մեղադրանքը նրանց առաջադրվեց այլ հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել:

Ի՞նչ է ասել պատգամավորի որդին
Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել: Եվ այսպես՝ 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել: Մեզ լուրեր հասան, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել՝ միգուցե խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Արդյունքում, երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ եւ արդյունքում՝ նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի «գործը գլուխ բերելու» հարցում:
Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ տուժողը պնդել է, թե իրեն ազատությունից ապօրինի զրկել են, իսկ թե ինչպես են հետո ազատ թողել, որ նա գնացել ու իրավապահներին հաղորդում է տվել հանցագործության մասին, առայժմ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ չնայած Վարդան Օսկանյանի որդին հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իրավապահներից լսելով, որ իրեն մեղադրում են առեւանգման մեջ, ասել է, որ ոչ մի առեւանգում չի եղել, այլ իրենք գնացել են սրճարան, նստել են, անգամ Նժդեհին հյուրասիրել են, եւ շատ մարդիկ են դա տեսել, ուստի նրան ազատությունից զրկելու մասին խոսք լինել չի կարող: Ասել է, թե ԱԺ պատգամավորի որդին, չնայած ցուցմունք չի տվել, սակայն, ըստ էության, չի ընդունել, որ որեւէ մեկին ապօրինի զրկել է ազատությունից:
Ավելին՝ լուրեր կան, որ Բերբերյանները պարտքը «ջրելու» համար են գնացել այս քայլին` փորձելով իրավապահներին գործին խառնելով կատարվածից մաքուր դուրս գալ:

Նախընտրական կրքերն ու խաղաքարտը
Ինչեւէ: Ակնհայտ է, որ վերոնշյալ տղաները պարտքի հետ կապված հաշիվներ են ունեցել, որոնք, սակայն, վերածվել են նախընտրական սկանդալի Արա Օսկանյանի հոր՝ Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանի համար, որն, ինչպես հայտնի է, նորաստեղծ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով պատրաստվում է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին: Իսկ կատարվածից բառացիորեն մեկ օր առաջ էլ նա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում հանդես եկավ բավականին սուր քննադատությամբ՝ ուղղված իշխանություններին: Եվ ահա կատարվածը, ըստ էության, հարմար առիթ է Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության դեմ օգտագործելու համար: Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2012 թվականին, երբ դարձյալ Օսկանյանը պատրաստվում էր քաղաքական հայտ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ, հարուցվեց հայտնի «փողերի լվացման» գործը՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Թե ինչպես ավարտվեց այդ գործը, հայտնի է բոլորին: Օսկանյանին ներկայացված մեղադրանքը չհաստատվեց, սակայն դրանով, ըստ էության, հաջողվեց նրան հեռացնել նախագահական ընտրապայքարից: Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, պարզ կդառնա առաջիկայում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արա Օսկանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2013 թվականին նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռեւս 2005 թվականին, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ զորամասերում պարտադիր ժամկետային զինծառայողների մահվան առեղծվածային դեպքեր են արձանագրվում: Սակայն ամենաուշագրավն այն է, որ մահացած զինվորները տան միակ զավակներն են, որոնց դեպքում օրենքը հստակ սահմանափակումներ ունի:
Եվ այսպես՝ 2017 թվականի հունվարի 25-ին՝ առավոտյան ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել): Դեպքից մոտ 10 օր անց կոմիտեն հայտնեց, մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել էր Շավարշ Գալստյանին եւ «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ՝ հայհոյել եւ վիրավորել էր նրա արժանապատվությունը: Նկատենք, որ Շավարշ Գալստյանը տան միակ զավակն էր, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ հայտնի էր դարձել, որ վերջինիս հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Ասել է, թե զինվորը ապրում էր միայնակ մոր հետ:
Այս դեպքից 14 օր անց՝ փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, առեղծվածային պայմաններում մահացել էր Լեռնիկ Օսյանը: Օձունի համայնքապետ Արսեն Տիտանայնն ասել է, որ Լեռնիկը ընտանիքի միակ զավակն էր: Իսկ թե ինչն էր եղել տան միակ զավակի՝ Լեռնիկի մահվան պատճառը, հուսանք՝ կպարզի ՀՀ քննչական կոմիտեի տարվող քննությունը: Սակայն մինչ այդ արձանագրենք, որ վերը նշված դեպքերից մեկում տեղի է ունեցել օրենքի խախտում եւ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում ունի տան միակ զավակներին պարտադիր ժամկետային զինծառայություն ուղարկելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանը նշեց. «Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից, ի թիվս այլ սուբյեկտների, իրավունք ունեն օգտվելու երկկողմանի ծնողազուրկ երեխաները, ինչպես նաեւ միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Հետեւաբար չափահաս քույր կամ եղբայր ունեցող միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները կարող են զորակչվել պարտադիր ժամկետային զինծառայության իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս»:
Ըստ փաստաբան Նորիկյանի՝ եթե Շավարշ Գալստյանը միակողմանի ծնողազուրկ է եւ չունի ո՛չ քույր, ո՛չ էլ եղբայր, ապա այս դեպքում պետք է օգտվեր այդ արտոնությունից: Նշենք, որ պաշտպանության նախարարությունում վերոնշյալ դեպքերով ծառայողական քննություն է կատարվում: Թե ինչպիսի եզրահանգման կհանգեն ՊՆ-ում, դժվար է ասել, սակայն ակնհայտ է մեկ բան. Շավարշ Գալստյանին բանակ են զորակոչել՝ օրենքը շրջանցելով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՅԱՑԱՎ
Արցախի Հանրապետությունում երեկ կայացել է Սահմանադրական հանրաքվեն: Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը նշել է, որ գրանցված 104 566 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 380-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 75,91%: Երեւանում գործող ընտրատեղամասում գրանցված 869 ընտրողից քվեարկել է 571-ը:

 

 

ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացրած փաստաթղթերը, ինչի արդյունքում պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014թ.-ին կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս