ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով գարուն է, եւ ժամանակն է թարմացնելու զգեստապահարանները: Անհրաժեշտ է «ներմուծել» նոր գույներ, հետաքրքիր համադրությունների դիմել, փորձել գեղեցիկը համատեղել հարմարավետի հետ: Այդ հարցում մեզ կարող է օգնել ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

-Արայի՛կ, այս տարվա գարնանային նորաձեւությունը ի՞նչ տենդենցներ է թելադրում: Նախորդ տարվա հետ համեմատած` ի՞նչ զգալի փոփոխություններ են գրանցվել:
-Այս տարի նորաձեւության տները շատ ակտիվ չէին նորամուծությունների առումով, սակայն դրանցից մի քանիսը, ինչպես ամեն տարի, թելադրում են նոր միտումներ: Բավական ակտուալ են լայն ու մասշտաբային ուսերով բլուզները, վերարկուներն ու վերնաշապիկները: Սակայն, միեւնույն ժամանակ, դեռեւս նախորդ տարվանից մոդայիկ են oversize մոդելի վերնահագուստները: Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի միատոն գործվածքներին փոխարինելու են եկել բազմագույն պրինտերը:
-Այս գարնանը հավաքածուներում ո՞ր գույներն են գերակշռող լինելու, ո՞ր երանգների համադրությունն է մոդայիկ լինելու:
-Շատ նորաձեւ են գրեթե բոլոր գույների նուրբ եւ «գոլ» երանգները, սակայն կան գույներ, որոնք գերակշռող կլինեն` զմրուխտի կանաչը, մանուշակագույնը, շագանակագույնը: Ինչ վերաբերում է համադրություններին, ապա դրանք շատ հակասական են. հավաքածուներում հանդիպում ենք նույն գունային գամմայի համադրություններ, միաժամանակ հինգից ավելի գույների համադրություններ եւ ամենահետաքրքիրը` երկու իրար հակասող գույների, օրինակ` կարմիրի եւ ալ ազնվամորու երանգների համադրություններ:
-Ի՞նչ մատերիալի զգեստներով խորհուրդ կտաք լցնել մեր զգեստապահարանները, ո՞ր գործվածքները, կտորներն են այս գարնանը նորաձեւ լինելու:
-Նախորդ տարվանից մեզ «ժառանգություն» մնաց թավիշը, որն այս տարի եւս սուպեր-պոպուլյար է: Ավելի նուրբ գործվածքները կրկին ակտուալ կլինեն գարնանը, իսկ աշնանը եւ ձմռան` 80-ականների վարիոնկաները եւ այդ կտորից կարված բոլոր հագուստները:
-Ի՞նչ ոճի, ձեւի, գույնի տաբատները, վերնաշապիկներն են մոդայիկ:
-Նորաձեւ են լայն տաբատները, որոնք ներկայացված են գծավոր պրինտներով, դեպի ներքեւ ձգվող այլ զարդանախշերով: Ակտուալ են նաեւ տաբատ-լեգգինսերը, որոնք համադրվում են նուրբ եւ թեթեւ մատերիալից վերարկուների հետ: Ինչ վերաբերում է վերնաշապիկներին, հավաքածուներում դրանք մեծ թիվ չեն կազմում, մեծ մասամբ հանդիպում են վագրի մորթու նախշերով մոդելները:
-Իսկ ինչպիսի՞ ժակետներ, վերարկուներ եւ կոշիկներ կրել առաջիկա ամիսներին:
-Հավաքածուներում ներկայացված են լայն ձեւվածքի եւ նուրբ գործվածքներով ժակետներ: Արդեն նշել եմ նուրբ գործվածքով oversize բաճկոնների եւ վերարկուների ակտուալության մասին: Կոշիկներից աչքի են ընկնում կիսաճթքավոր, ոչ շատ բարձր կրունկով, թավշյա զամշից մոդելները: Դրանք փոքր-ինչ հիշեցնում են քովբոյական ոճի մասին: Առօրյայում կիրառելի են նաեւ բարձր տակացուներով, ոչ շատ կոպիտ կոշիկները:
-Գլխարկի, պայուսակի, ակնոցի եւ մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում սեզոնը:
-Գլխարկների առումով, կարծես, զգալի փոփոխություններ չկան. նախորդ տարվանից մոդայիկ են լայնեզր մոդելները, որոնք համալրվել են բազմաթիվ փայլուն ու բնական քարերով, մետաղյա զարդերով:Պայուսակների ընտրանին լայն է: Առաջարկվում են մեծ, այսպես ասած` ծովային մոդելներից մինչեւ շատ փոքր կլատչեր: Տարածում ունեն նաեւ մարդկային կերպարանքներով ստեղծված պայուսակները, որոնք նորաձեւության ոլորտ մուտք գործեցին մի քանի տարի առաջ, բայց շատ շուտ էլ դուրս մղվեցին դաշտից` հետագայում վերադառնալու «միտումով»: Ակնոցներից նորաձեւ են օպտիկական, այսինքն` թափանցիկ ապակիներով մոդելները: Ինչ վերաբերում է դրանց ձեւին` աչքի են ընկնում կլոր մոդելները, որոնք կրելու համար անհրաժեշտ է ունենալ դեմքի իդեալական ֆորմա:
-Եվ վերջում` զարդերի ո՞ր տեսակներն են նախընտրելի գալիք սեզոնի համար:
-Զարդերից նորաձեւ են մեծ ականջօղերը, մինչեւ կուրծքը կախված վզնոցները, մեծ, մասշտաբային աբադոկները, խոշոր մատանիները:

 

 

 
«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ ՇԱՏ ԲԱՐԻ ՄԱՐԴ Է»

Կանանց միամսյակի շրջանակում ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը մարտի 18-ին Երեւանում կրկին համերգ կունենա: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ:

Համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ եւ սիրված գործեր` «Show time Murmurs», «L for Love», «Chariots of fire», «Ballade pour Adeline», «Corazon de Nino», «Love at first sigh»t, «Childhood memories», «Cinema Paradiso», «Spartacus», «Romeo and Juliet», «Blue Rondo», «America» եւ այլ ստեղծագործություններ:
«Ժողովուրդ»-ը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` կանանց համար համերգի ընթացքում ինչ հետաքրքիր անակնկալներ են սպասվում. «Կհնչեն ե՛ւ բոլորին հայտնի ստեղծագործություններ, ե՛ւ նոր գործեր, որոնք համենայն դեպս Հայաստանում չեն հնչել»,-ասաց նա: Քանի որ Կլայդերմանը երկրորդ անգամ է Հայաստանում, հարցրինք` այս համերգը նախորդից ինչո՞վ է տարբերվելու. «Ամեն ստեղծագործություն չէ, որ նորություն է լինելու, բայց Կլայդերմանն ունի գործեր, որոնք հանդիսատեսն ուզում է նորից ու նորից ունկնդրել»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Մենք հարցրինք նաեւ` հեշտ է արդյոք աշխատել դաշնակահարի հետ. «Առաջին հերթին Կլայդերմանը շատ բարի մարդ է, նրա հետ, իսկապես, շատ հեշտ է աշխատել: Կլայդերմանն իսկական պրոֆեսիոնալ է, իր գործը գիտի, այսպես ասած, 150 տոկոսով»,-շեշտեց պարոն Մարտիրոսյանը: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին, թե Կլայդերմանը հայկական երաժշտության, հայերի, Հայաստանի մասին ինչ գիտի, դիրիժորը պատասխանեց. «Գիտեմ, որ նա կատարում է հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակից», բայց հայկական երաժշտության թեմայով նրա հետ դեռ չենք խոսել: Մի բան միայն կասեմ, որ եթե Կլայդերմանը, ով համերգների հրավերների պակաս չունի, վերադառնում է մի երկիր, ուրեմն այն նրան շատ է դուր եկել»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՀԱՅՈՒՀԻՆ` ԹՈՒՐՔԻ ՄՈՒՍԱ
Թուրքիայի Իզմիր քաղաքի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է հայտնի թուրք նկարիչ եւ բանաստեղծ Բեդրի Րահմի Էյուբօղլուին նվիրված ցուցադրություն: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը` հղում անելով թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին: Նշվում է, որ 20-րդ դարի լավագույն թուրք բանաստեղծներից մեկի ամենանշանավոր բանաստեղծությունները նվիրված են եղել հայուհի Մարի Գերեկմեզյանին: Իզմիրում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացվել են նաեւ Էյուբօղլուի կողմից արված դիմանկարները, որտեղ պատկերված է Մարին: Վերջինս համարվում է նրա մուսան:
Հայուհուն նվիրված ամենահայտնի բանաստեղծությունը, որը տեղ է գտել գրողի` «Իմ թթենին» շարքում, գրվել է 1947թ.-ին` Մարիի մահից մեկ տարի անց: Նշանավոր բանաստեղծությունը արտասանվել է թուրքերի առնվազն 3 սերնդի կողմից:

 

 

ԽՈՍԵԼ Է ԲԱԺԱՆՈՒՄԻՑ
Դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին երեխաների հետ Կամբոջայում է, որտեղ զբաղված է իր նոր ֆիլմի գովազդով: BBC News-ին տված հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է նաեւ Բրեդ Փիթից բաժանվելու թեմային: Ջոլին, չկարողանալով զսպել արցունքները, խոստովանել է, որ այժմ իրենց ընտանիքի համար բավական դժվար ժամանակներ են. «Չեմ ուզում այդ մասին շատ խոսել: Մենք ընտանիք ենք եղել եւ կանք: Բայց մեր ճանապարհները փոքր-ինչ բաժանվեցին: Շատերն են նման իրավիճակում հայտնվում: Իմ սեփական ընտանիքում նույնպես դա տեղի է ունեցել: Ինձ միայն իմ երեխաներն են հուզում, ես ինձ պատկերացնում եմ հինգ տարի անց` աշխարհով մեկ շրջելով եւ երեխաներիս այցելելով, որոնք հետաքրքիր բաներով կզբաղվեն: Իմ երեխաները ինձ հույս են տալիս, որ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- նշել է Ջոլին:
Հիշեցնենք, որ Ջոլին Փիթից ապահարզան էր պահանջել սեպտեմբերին:

 

 

ՊԱՏՃԱՌԸ ԽԱՆԴՆ Է
Դերասանուհի Ռեյչլ Ուայզը հեռացել է ամուսնուց` Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգից: Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների` պատճառը Քրեյգի հիվանդագին խանդն է: Քրեյգը, ըստ տարածված խոսակցությունների, խանդում է ոչ միայն տղամարդկանց, այլեւ Ուայզի` կարիերայում ունեցած հաջողություններին: Հիշեցնենք, որ Ուայզը վերջին տարում հասցրել է նկարահանվել միանգամից 4 ֆիլմում: Զույգը չի մեկնաբանել տեղեկությունը:




Լրահոս