ԱՐՎԵՍՏՈՒՄ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս քանդակագործ Սուրեն Մելքոնյանը բացումից ժամեր անց փակել է իր անհատական ցուցահանդեսը եւ «Նարեկացի» արվեստի միությունից տեղափոխել աշխատանքները: Պատճառը եղել է միության տնօրինության կողմից կիրառված սահմանափակումը: Միության ղեկավարությունը քանդակագործին հորդորել է «Շնչառություն կամ հետադարձ հայացք» խորագրով ցուցադրությունից հանել մերկ եւ կիսամերկ քանդակներն ու նկարները: Սուրեն Մելքոնյանը սկզբունքորեն հրաժարվել է կատարել պահանջը՝ նախընտրելով փակել ցուցահանդեսը:

«Մեզ մոտ մանկական խմբակ կա, եւ հիմնադիրներն առհասարակ խնդրել են, որ նման ցուցադրություններ չլինեն, քանի որ երեխաները շատ են գնում-գալիս: Նաեւ մանկական նվագախումբ ունենք, որը նույն տարածքում է: Քանի որ իրենք փոքրիկ են, մենք չենք կարող հետեւել այդ ամենին, դա ներկայացնել որպես արվեստի նմուշ, գեղեցկությունը ցույց տալ: Այդ պատճառով հիմնադիրներն առաջարկում են, որ փորձենք ուղղակի բալիկների համար այդ մասը սահմանափակել»,- «Մեդիալաբ»-ին ասել է «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը:
Կարելի է ենթադրել, որ եթե ինչ-որ հրաշքով Ռոդենը կամ, օրինակ, Միքելանջելոն հայտնվեին մեր ժամանակներում, մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավորություն չէին ունենա ցուցադրվելու «Նարեկացի» արվեստի միությունում. նրանց պարզապես կմերժեին:
Թեմային արձագանքել է նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը` պատրաստակամություն հայտնելով պատկերասրահում կազմակերպել Սուրենի` գրաքննության ենթարկված ցուցադրությունը. «Ինձ համար սա սկզբունքային հարց է: Առաջին անգամ եմ նման բան լսում: Սա հետամնացության ահավոր դրսեւորում է, ես զարմացած եմ: Նման գործելաոճ ունեցող միություններին հորդորում եմ արվեստին վերաբերվել որպես արվեստի: Կատարվածը ոչ մի տեսակ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես ծանոթացել եմ Սուրենի աշխատանքներին եւ համոզվել եմ, որ նա աշխատում է պրոֆեսիոնալ մակարդակով: Եթե այդ կտավների կամ քանդակների մեջ գռեհիկ բան տեսնեի, ուրիշ բան, բայց քանի որ չեմ տեսել, այն համոզման եմ, որ պետք է սատարեմ նրան, որպեսզի այդ մարդը չկոտրվի, չհուսահատվի: Հնարավոր է` մյուս շաբաթվա ընթացքում արդեն Սուրենի գործերը մեր պատկերասրահում ցուցադրվեն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Մուրադյանը:
Նկարչուհին շեշտեց, որ բոլոր ժամանակներում ամբողջ աշխարհում փառաբանվել է մերկ մարմինը` համարվելով որպես բնության գեղեցիկ ստեղծագործություն. «Տվյալ միություն ժամանակին հաճախել եմ եւ գիտեմ, որ ղեկավարությունն աջակցում է նույնիսկ ինքնուս, սիրողական մակարդակի գործիչներին: Բայց չեմ հասկանում` այս դեպքում ինչպես կարելի է մերժել պրոֆեսիոնալի, չեմ հասկանում արվեստի գործեր ցուցադրելիս մերկ մարմիններից հրաժարվելու վերաբերյալ ներկայացված պատճառաբանությունը: Ի՞նչ է` պարտադիր է, որ երեխաները մուտք գործեն ինչ-որ կայքեր եւ այնտե՞ղ տեսնեն բաներ, որ իրենց պետք չեն, թե՞ արվեստի միջոցով ծանոթանան մերկությանը: Մեր պատկերասրահում, օրինակ, ցուցադրում ենք նաեւ գործեր, որտեղ պատկերված են մերկ մարմիններ, ցուցադրություններն էլ բաց են նաեւ երեխաների համար»,-ասաց տիկին Մուրադյանը:
Մենք հետաքրքրվեցինք` եթե էլի ուրիշ արվեստագետներ հայտնվեն գրաքննության թիրախում, պատրաստ է արդյոք «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը իր հարկի ներքո ցուցադրել նրանց աշխատանքները. «Մենք ունենք փոքր խորհուրդ, որի անդամներով քննարկում ենք` որ գործերը ցուցադրել, եւ որոնք` ոչ: Եթե դրանք լինեն արվեստի արժեքավոր ստեղծագործություններ, իհարկե, պատրաստ ենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

 
ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ` ՀԱՅԿ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

«Իքս-ֆակտոր 3», «Պրեմիերա 3» երաժշտական նախագծերից ճանաչում ձեռք բերած երգիչ Հայկ Հունանյանը համագործակցում է երգիչ Արսեն Սաֆարյանի հետ. վերջինս հանդես է գալիս որպես Հայկի պրոդյուսեր:

Հայկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ առաջիկայում պատրաստվում է իր լսարանի դատին հանձնել նոր երգեր, որոնց մեծ մասի հեղինակը հենց Արսենն է: Նրա խոսքով` շուտով այդ գործերից մեկի հիման վրա կթողարկվի նաեւ տեսահոլովակ: Հայկը հասցրել է արտերկրում շրջագայելու հրավերներ ստանալ, նա մտածում է նաեւ ձայնասկավառակ թողարկելու մասին. «Կարծում եմ` ալբոմը երգչի այցեքարտն է»,-նկատեց մեր զրուցակիցը: Ի դեպ, Հայկի երկրպագուներին եւս մեկ անակնկալ է սպասվում. շուտով նա համերգով հանդես կգա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Արենա Live»-ի տաղավարում:
Քանի որ երաժշտական նախագծերի մասնակիցները հաճախ ճանաչվում են հեռուստադիտողների կողմից, իսկ հետո միանգամից անհետանում են ասպարեզից, մենք հետաքրքրվեցինք` այս վտանգը Հայկին սպառնո՞ւմ է, թե՞ ոչ. ««Իքս ֆակտոր-3»-ի մասնակիցներից, կարծես, ոչ ոք չի զբաղվում երգարվեստով կամ էլ զբաղվում է, ես տեղյակ չեմ: Ես հիմնականում շփվում եմ Վահե Հովակիմյանի հետ, ով իմ ընկերն է, եւ ում հետ աշխատում ենք ակումբում: Իմ ներկայիս նպատակը լայն մասսաների կողմից ճանաչվելն է, մեծ հանդիսատես ունենալը: Իհարկե, այդ ճանապարհին մի շարք դժվարություններ են հանդիպում, որոնք, սակայն, հաղթահարելի են, բայց դա այն դեպքում, երբ երազանքի հետեւից գնալու ցանկությունը մեծ է: Իսկ եթե մարդուն ինչ-որ բան հեշտ է տրվում, նույնքան հեշտ էլ նա կորցնում է ունեցածը»,-մեկնաբանեց Հայկը:
Մեր այն դիտարկմանը, որ սկսնակ արտիստի համար, մանավանդ եթե նա ամուսնացած է, ընտանիք ունի, այնքան էլ հեշտ չէ կարիերա անելն ու աշխատանքին անհրաժեշտ չափով ժամանակ տրամադրելը, Հայկը պատասխանեց. «Դե, ես արդեն պատկերացնում եմ, թե որքան ժամանակ է այդ ամենն ինձնից խլելու, այնպես չէ, որ հիմա չի խլում… Կամաց-կամաց սովորում եմ այդ ռիթմին, իսկ ընտանիքս մեծապես աջակցում է ինձ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՇՈՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Մարտի 4-ին ռուսական Առաջին ալիքի եթերում նորից կսկսի հեռարձակվել «կՐՏՋպՍՑՏՐտպՐՌրւՌսՑՏվ» շոուն, որը չէր ցուցադրվում 2012 թվականից: Ria.ru-ն տեղեկացնում է, որ հաղորդավարների կազմն անփոփոխ է` Իվան Ուրգանտ, Սերգեյ Սվետլակով, Ալեքսանդր Ցեկալոյ եւ Գարիկ Մարտիրոսյան:
Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ շոուն փակվեց, քանի որ ՁծՁ հեռուստաալիքի հետ պայմանագրի համաձայն՝ Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը չէին կարող մասնակցել հաղորդմանը: Հեռուստաալիքի տնօրինությունը ափսոսանք հայտնեց նախագծի փակման առիթով, բայց որոշեց չփոխել հաղորդավարների կազմը:

 

 

ՆՎԱՃՈՒՄ Է ՈԼՈՐՏԸ
Լոնդոնում անցկացվող «Նորաձեւության շաբաթվա» ընթացքում պոդիումին հայտնվել է դերասան Սիլվեսթեր Սթալոնեի 18-ամյա դուստրը` Սիսթինը: Թեպետ նա սկսնակ չէ այս ոլորտում, սակայն այս կարգի միջոցառման առաջին անգամ է մասնակցել:
Սիսթինին ուղեկցել են մայրն ու ավագ քույրը, որը նույնպես ցանկանում է մոդելային գործունեություն ծավալել:
Նշենք, որ վերջին շրջանում Սիսթինը ակտիվ կերպով կերտում է իր կարիերան: Նա տարբեր նախագծերում հանդես է գալիս որպես ֆոտոմոդել, իսկ վերջերս էլ նկարահանվել էր համարձակ վիդեոհոլովակում` ցանկանալով ցույց տալ, որ կայանում է որպես մոդել:
 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Ամերիկացի դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը սիրավեպ է սկսել «Լքվածները» սերիալի դերասան Քրիս Զիլկի հետ։ Պապարացիները նրան օրերս «բռնեցրել» են Նյու Յորքի օդանավակայանում ամերիկյան դերասանի հետ։ Instagram-ում Հիլթոնն արդեն սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել. «Լավագույն զգացողությունն այն է, երբ ինչ-որ մեկը քեզ նայում է ինչպես հրաշքին»:
Ըստ շրջանառվող խոսակցությունների` նրանք դեռ չեն շտապում զարգացնել իրադարձությունները։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Փերիս Հիլթոնը պատրաստվում էր ամուսնանալ Ռիվեր Վիիպերիի հետ, իսկ 2015 թվականին հանդիպում էր Թոմաս Գրոսսի հետ: Սակայն երկու դեպքում էլ բաժանումն անխուսափելի եղավ:




Լրահոս