ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔԻ ԹԱՐՄ ՄԵԹՈԴՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են՝ ԸՕ բացթողումների հետեւանքով իշխանությունները կարող են հեշտ ու հանգիստ վերահսկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության պրոցեսը՝ իմանալով, թե ով ինչպես է քվեարկել: Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, որ իրենք դիմել են ԿԸՀ՝ պահանջելով քվեաթերթիկը չսահմանված նմուշի ճանաչել ոչ միայն ծրարի վրա գրառում լինելու դեպքում, այլեւ եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի՝ որեւէ այլ թուղթ կլինի: «Կարող եմ այցեքարտը դնել ծրարի մեջ, ու բոլորին ակնհայտ կլինի, որ սա Դանիել Իոաննիսյանի քվեաթերթիկն է, բայց այդ քվեն միեւնույն է՝ կհաշվի։ …Կարող է լինել ոչ թե այցեքարտ, այլ, օրինակ, կարող են ամեն ընտրողի մի համարով թղթիկ տալ, որն իրենք գիտեն, եւ այդպես վերահսկեն»,- ասել է նա:
Փաստորեն, չնայած ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձեւաչափով տեւական քննարկումների արդյունքում իշխանությունները որոշեցին գնալ զիջումների եւ համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները հրապարակելու պահանջը, այնուամենայնիվ, թողել են նաեւ որոշակի սողանցքեր, որոնք օգտագործելով՝ հնարավորություն է տրվում վերահսկելու ընտրությունների արդյունքները: Սա այլ կերպ, քան խաբեություն, դժվար է որակելը, ընդ որում, իշխանությունները խաբում են ոչ միայն հասարակությանը, ոչ միայն ընդդիմությանը, այլ նաեւ միջազգային հանրությանը՝ ԵՄ-ին, որն ակտիվ դերակատարություն ունեցավ այս ԸՕ-ն ընդունելու գործում:
Այս ահազանգից հետո, թերեւս, լավ կլիներ, եթե միջազգային նույն այդ կառույցները միջամտեին ու իշխանություններին ստիպեին, որպեսզի ԿԸՀ-ն համապատասխան որոշում կայացներ: Իսկ քաղհասարակության ներկայացուցիչներն էլ ճիշտ կանեին, եթե իրենց մտադրությունը բարձրաձայնեին այն ժամանակ, երբ քննարկվում էր ԸՕ-ն, այլ ոչ թե հիմա, երբ օրենքը պրակտիկորեն անհնար է փոխել:

 

 
Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ մեկնարկելու է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլը: Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք եւս լինելու են համամասնական սկզբունքով, նշանակված են մայիսի 14-ին, իսկ առաջադրումների ժամկետը, ԿԸՀ որոշմամբ, սահմանված է մարտի 30-ից ապրիլի 9-ը: ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցող ուժերից «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք մեկ ամիս հետո նրանք նույն դաշինքով մասնակցելու են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Պարզվեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցող չորս դաշինքներից առայժմ միայն «Ելք»-ն է որոշել, որ նույն կազմով՝ ՔՊ, ԼՀԿ եւ «Հանրապետություն» կուսակցություններով մասնակցելու են նաեւ այդ ընտրություններին, իսկ «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքներում այս հարցը դեռ չի քննարկվել:

 

 
2016թ. տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան: ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ 2017թ. այն ուղարկվել է դատարան: Բայց այս գործով ամենաուշագրավն այն է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել է, եւ այս գործով անցնողների մեջ նա միակն է, որ գտնվում է կալանքի տակ: Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել:

 

 
Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, եւ նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ: Եւս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ: Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի եւս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար: Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի. «Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի չենք վերանորոգել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է»:

 

 
ԿԱՐԳԱԽՈՍԱՅԻՆ
ՀՀԿ ԳՄ նիստից հետո Է. Շարմազանովը երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Այսպիսով՝ արդեն իսկ հայտնի են առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական միավորների նախընտրական կարգախոսները: Ու թեեւ մեր քաղաքական իրականությունում անվերջ կրկնվող դեմքեր եւ նույնանման գաղափարախոսություններ ունեցող ուժերի կարգախոսները վաղուց արդեն դադարել են կարեւոր քարոզչական նշանակություն ունենալ, այդուամենայնիվ, դրանք որոշակի ուղերձ պարունակում են կուսակցության ծրագրային առանցքների շուրջ:
Եվ այս առումով հետաքրքիր է դիտարկել, թե որ ուժը ինչ կարգախոս է նախընտրել: Արդեն հիշատակված ՀՀԿ կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», բավականին ուշագրավ է եւ ինչ-որ առումով նաեւ զավեշտալի, քանի որ մատնանշում է ՀՀԿ իշխանավարության 2 ամենակարեւոր ձախողումները՝ երկրի անվտանգության աննախադեպ մեծ սպառնալիքը /ապրիլյան պատերազմը դա ցույց տվեց/ եւ առաջընթացի բացակայությունը: Այնպես որ, թիրախային լինելով հանդերձ՝ այս կարգախոսը ընտրողի մոտ հարց է առաջացնում. իսկ ի՞նչ էր անում ՀՀԿ-ն այսքան տարի:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կարգախոսը հայտնի էր դեռեւս անցած տարեվերջին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթից. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Եվ պետք է նկատել, որ այն, անկախ ընդունելի կամ անընդունելի լինելուց, միանգամայն հստակորեն արտացոլում է այս ուժի ամբողջական տեսլականը՝ ՀՀ զարգացման հեռանկարի շուրջ: Ակնկալիքների առումով բավականին տրամաբանական եւ համահունչ է նաեւ «Ելք» դաշինքի կարգախոսը՝ «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: Այլ հարց է, թե «Ելք»-ի հաղթանակը ինչ կտա ընտրողներին եւ հետագայում որքանով կդառնա նաեւ նրանց հաղթանակը: Նույն հարցը ծագում է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեպքում, որի կարգախոսն է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»: Այս դաշինքում ընդգրկված կուսակցությունների անունների կրկնությունից զատ՝ վերստին առկա է հաղթանակ բառը, եւ դարձյալ հարց է՝ թե ինչ է տալու ընտրողին այս դաշինքի հաղթանակը:
Էլ ավելի անորոշ է «Ազատ դեմոկրատների» կարգախոսը՝ «Մենք կարող ենք»: Իսկ թե կոնկրետ ինչ, մնում է միայն ենթադրել: Այս անգամ նկատելիորեն համեստ է «Ծառուկյան» դաշինքի կարգախոսը՝ «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է», դե, իսկ ամենահին կուսակցության՝ Դաշնակցության կարգախոսում նորի կամ հնի հիշատակումը, թերեւս, արդեն ավանդույթ է: Զարմանալի է միայն այն, որ տարիներ ի վեր իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ցանկանում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Նույնքան տարակուսելի է ՀՎԿ-ի՝ վերածննդի իդեա ֆիքսը. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», դե, իսկ Կոմկուսն անդավաճան է իր ռեպերտուարին «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով:




Լրահոս