ՀԱՐՑ. Հայրս իր անունով ավանդ է ունեցել բանկում դրված: 2009 թվականին նա մահացել է: Խնդրում եմ ասեք՝ ես, որպես ժառանգ, կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:
Ռ. Խաչատրյան (Շիրակի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2017թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան՝ մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ավանդատուի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: