ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ տարբեր կերպ են մեկնաբանում ՏԻՄ օրենսդրությունը: Բնականաբար, այն ինչ օրենքի սահմաններում է՝ դրական է: Ինձ թվում է քաղաքապետ Ասլանյանը հստակ ներկայացրել է ավագանու նիստի օրը, օրենքի մասին ամբողջական տեղեկատվությունը: ՀՀԿ-ի ֆրակցիան մտադրություն չունի օրենքի սահմանած տառով ավագանու նիստ կայացնել, քանի որ մոտեցումը հստակ է ՝ իրենք կողմնակից են Վանաձոր քաղաքի կառավարումը դարձնել մասնակցային: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նրա խոսքով` ինքը, որպես ՀՀԿ շտաբի պետ ամեն ինչ անելու է, որ ՀՀԿ-ն շատ ձայներ տանի ընտրություններում:
«Կուսակցության քարոզարշավի ժամանակ ես լինելու եմ ՀՀԿ մարզի շտաբի պետը և ամեն ինչ անելու եմ, որպեսզի ՀՀԿ-ն շատ ձայներ տանի կուսակցության համար: Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ ռեյտինգայինին, ապա ես համոզված եմ, որ մեր ռեյտինգային թեկնածուներն իրենց շտաբներն իրենք են ղեկավարելու, վստահ եմ, որ քարոզարշավին շատ ավելի ճիշտ կաշխատեն, որ իրենք ապահովեն իրենց ռեյտինգային ձայները»նշեց մարզպետը:
Պատասխանելով այն հարցին` ինչ քայլեր են ձեռնարկվելու մարզպետի կողմից, երբ 2 ՀՀԿ-ական պայքարում են միմյանց դեմ, և ինչ է արվելու սպասվող լարվածությունը մեղմացնելու համար, Արթուր Նալբանդանը ասաց. «Մեր մարզային ռեյտինգային ցուցակը 2 հոգուց չէ բաղկացած, այլ 7 հոգուց: Բնականաբար, եթե ռեյտինգի մասին է խոսքը գնում, ես վստահ եմ, որ իրենց մեջ էլ պետք է ինչ-որ պայքար լինի: Ես ինքս որևէ լարվածություն չեմ տեսնում:
Մրցակցություն, բնականաբար լինելու է ոչ միայն հակառակ ուժերի հետ, այլ նաև՝ միմյանց հետ: Վստահ եմ և համոզված, որ մինչև ապրիլի 2-ը լարվածությունը չի խորանա և չի արմատավորվի, որովհետև մենք մտածում ենք, որ ապրիլի ընտրություններից հետո Վանաձորում և մարզում կլինի ավելի առողջ մթնոլորտ»:
Հաշվի առնելով նախորդ համապետական ընտրությունների արդյունքները, երբ ՀՀԿ-ն մեծ հաշվով չէր կարողացել բավարար ձայներ հավաքել, մարզպետը խոսելով այս անգամվա ընտրությունների իր ակնկալիքների մասին նշեց. «Ակնկալիքների մասին վաղ է խոսել, քանի որ քարոզարշավը դեռ չի սկսվել»:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր