
2017թ. փետրվարի 6-ը դեռ երկար կմնա հայոց խորհրդարանի պատմության մեջ. մոտ տասը տարի պատգամավոր եղած ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, այդ օրը առաջին անգամ որոշել էր տեղից ելույթ ունենալ: Մինչ դահլիճում բոլորը հետաքրքրությամբ, շունչները պահած սպասում էին նրա խոսքին, պարզվեց՝ խոսափողը չի միանում. փչացել էր:
Եւ ահա երեկ ԱԺ նիստի ժամանակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Արտակ Սարգսյանի խոսափողը վերանորոգելու համար դահլիճ էին հրավիրել տեխնիկական մասնագետի, որը հենց նիստի ընթացքում փորձում էր լուծել այդ հարցը: Սակայն տեխնիկական մասնագետի ջանքերն ապարդյուն են. հազիվ թե այս գումարման խորհրդարանի նիստերին Արտակ Սարգսյանը որոշի եւս մեկ ելույթ պարգեւել հանրությանը: Այնպես որ, նրա խոսափողն այս անգամ էլ չի ծառայի բուն նպատակին: Այն լուսանկարներում ֆոն կապահովի ընդամենը: