ՀՀԿ-ական թեկնածուի աջակիցն ասել է, թե «Ծառուկյան» դաշինքի թիմակցին դանակահարել է միջանձնային հարաբերությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ երեկ Մասիսում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որը քաղաքական ենթատեքստ ունի:

Մասնավորապես, հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա համայնքում: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանն ասել է, որ տուժողը և միջադեպի մյուս մասնակիցն իր համագյուղացիներն են. նրանք հարևաններ են: Երիտասարդը ծանր վնասվածքներ է ստացել:

Համայնքի ղեկավարը, մանրամասնելով կատարվածը, տեղեկացրել էր, որ Տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ պարզվել է՝ Մասիս կայարանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 30 հասցեում Ա. Ա.-ի հետ վիճաբանել և սուր կտրող-ծակող գործիքով նրա որովայնին հարվածել է համագյուղացին՝ 1990 թ. ծնված Աարթուր Հայրապետյանը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 5.50-ին նա մեղայականով ներկայացել է բաժին:

Ա.Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Կասկածյալի բացատրությամբ՝ դանակահարությունը կատարվել է միջանձնային հարաբերությունների հետևանքով:

Լրատվական ծառայությունը նման մեկնաբանությամբ է հանդես եկել. «Բայց մինչ դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ էին ձեռնարկվում, միջադեպը արհեստականորեն ուռճացվեց զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հնչողություն ստացավ որպես միջկուսակցական հակամարտության դրսևորում:

Ոստիկանությունը քաղաքական ուժերի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ է անում զերծ մնալ արհեստականորեն կրքեր բորբոքելու, ներհասարակական իրավիճակը սրելու, հանրության մեջ հակամարտություն հրահրելու անպտուղ ու անընդունելի փորձերից»:

Իսկ ցուցմունք տվե՞լ է արդյոք տուժողը. հայտնի չէ:




Լրահոս