ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը աշխատել է հատուկ թունավոր արտադրամասում (քիմիական գործարանում) եւ անցնում է կենսաթոշակի, ապա որեւէ արտոնությունից կարո՞ղ է օտգվել: Հնարավո՞ր է՝ նրա կենսաթոշակը մի փոքր ավել գումարով հաշվարկվի:
Սալիմ Խաչատրյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Ըստ քաղաքացու դիմումի՝ նա աշխատել է քիմիական գործարանում: Արտոնյալ պայմաններով քիմիական գործարանում աշխատած ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառելու որեւէ առանձնահատկություն կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված չէ, հետեւաբար այդ ժամանակահատվածների մեկ տարին աշխատանքային ստաժում հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ իր դիմումի համաձայն: