Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն աթոռից կառչած է. Կարեն Կարապետյանն իր քաղաքական ապագայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կուսակցության համամասնական ցուցակում զբաղեցնում է 156-րդ տեղը, նա նաեւ առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով՝ Լոռու ընտրատարածքում: Հաշվի առնելով նրա հնարավորությունները եւ կապերը՝ ինչո՞ւ Կարապետյանը կուսակցության ցուցակի առաջնային հորիզոնականներում չէ, եւ հնարավո՞ր է՝ նրան խորհրդարանական ընտրություններից հետո տեսնենք օրենսդիր կամ գործադիր մարմնում՝ բարձր պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 156-րդ տեղում եք, փոխարենը առաջադրվել եք ռեյտինգային ընտրակարգով: Ինչո՞ւ:

-Սկզբունքը սա է. նրանք, ովքեր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են, բնականաբար առաջին մասում չպետք է լինեն, որեւէ ռեյտինգային առաջադրված թեկնածու առաջին տեղերում չկա: Մի բան հաստատ պետք է իմանաք, որ ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց էլեկտորատը կունենան: Ես միշտ էլ ռեյտինգայինով եմ առաջադրվել, անցած ընտրություններին էլ եթե նայեք, վերջին տեղերում եմ եղել, ի՞նչ է, վա՞տ է, ես այնտեղ ինձ շատ լավ եմ զգում:

-Այսինքն՝ ցուցակի առաջնային տեղերում գտնվողները նրանք են, ովքեր չունեն իրենց էլեկտորատը եւ չէի՞ն կարող կուսակցության համար ձայներ ապահովել:

-Խնդիրը դա չէ, մենք ներքին այդպիսի համաձայնության ենք եկել, եւ ինձ համար դա գոնե ընդունելի է: Համոզված եք, որ եթե դրա կարիքը լիներ, միգուցե ես ուրիշ տեղերում լինեի, չէ՞:

-Ռեյտինգային ընտրակարգի բացասական կողմերն արդեն իսկ տեսանելի են դառնում՝ ի դեմս տարբեր ներկուսակցական բախումների: Լոռիում նման բախումների վտանգ կա՞:

-Ես չեմ կարծում, որ հատուկ այդպիսի բաներ կլինեն, համենայն դեպս, իմ առաջին ելույթը կլինի, եւ կտեսնեք, որ խնդիրները շատ հստակ եմ դնելու: Հանրության մեջ ընտրությունը ընտրություն, բայց բեւեռացում պետք չէ, բեւեռացումը բացասական լուրջ հետեւանքներ կունենա՝ հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները, վտանգները, իսկ հանրության ծայրահեղ բեւեռացումը ամենալուրջ խնդիրն եմ համարում: Պետք չէ որեւէ ձայն կամ որեւէ մանդատ, եթե դա համադրես այն վտանգների հետ, որ կբերի ծայրահեղ բեւեռացումը: Իմ առաջին ելույթի հիմնական շեշտադրումը կլինի դա, եւ ես երբեք որեւէ մեկի կամ որեւէ կուսակցության դեմ չեմ աշխատելու: Իսկ ովքեր քաղաքակրթության օրենքների եւ խաղի կանոնների շրջանակներից կփորձեն դուրս գալ՝ որեւէ մեկը կամ որեւէ կուսակցություն, ապա իմ վերաբերմունքը խիստ կոշտ է լինելու:

-Պարո՛ն Կարապետյան, երբ երկրի վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, նրա հասցեին քննադատություններ էիք հնչեցնում…

-Եղել է նման բան, դրանք ներկուսակցական խնդիրներ էին, եւ համոզված էի, որ ավելի շատ աճպարարություն կար, քան թե կոնկրետ գործ: Գիտեք ինչ, ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք, հերիք է, պետք է աշխատել: Երեւանից մի հատ դուրս եկեք, գնացեք մարզեր, գյուղեր, տեսեք՝ մարդիկ ինչպես են ապրում: Մենք մեր համեստ հնարավորությունների սահմաններում փորձել ենք օգնել՝ կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում եւ այլն:

-Իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին ինչպե՞ս եք վերաբերվում՝ գո՞րծ է անում, թե՞ էլի աճպարարությամբ զբաղվում:

-Այս վարչապետի գործունեության մասին կարող եմ ասել, որ ինքը մեծ ցանկություն ունի փոփոխություններ անելու, դա հեշտ չի լինելու: Ցանկացած կուսակցության մեջ՝ ե՛ւ դիմության, ե՛ւ ընդիմության, կան պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժեր: Պետք է պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժերն իրենց մեջ պայքարեն, բոլոր կուսակցությունների մեջ ոչ միայն ընդդիմություն եւ դիմություն երկխոսությունը լինի, ընդիմանալը լինի, այլեւ ներկուսակցական, որը կուսակցությանը զարգացման կտանի, մեկ այլ հարթության վրա կդնի:

Այդ դեպքում նաեւ իշխանությունները զսպված կլինեն, ալան-թալանը, որի մասին խոսվում է, հնարավորինս վերացված կլինի: Նաեւ ընդդիմությունը կհասկանա, որ ճիշտ պետք է աշխատի, եւ պատվիրված ընդդիմություն չպետք է լինի, որպեսզի հանրությունը վաղը համոզվի, որ ինքը պատվիրված ընդդիմություն չէ, եւ ազգաբնակչությունը իրեն ձայն տա:

-Քաղաքական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե ով 2018 թվականից հետո կլինի երկրի վարչապետը՝ Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Դուք ու՞մ կցանկանաք տեսնել:

-Գիտեք ինչ, մեկ բառով ես Ձեզ ասեմ. ամեն ինչ իր ժամանակն ունի: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչպես է լինելու, բայց ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին, ես այս պահին վաղաժամ եմ համարում այդ մասին խոսել: Ես մեկ սկզբունք կարող եմ ասել. նա, ով իր ֆունկցիան ճիշտ է կատարում եւ երկիրը տանում է զարգացման, բնականաբար կարող է լինել տրամաբանություն:

Ես չեմ կարծում, որ նախագահը կառչած է իր աթոռից, ինչպես ներկայացնում են: Մենք նորմալ, մտերմիկ հարաբերություններ ենք միշտ ունեցել, եւ իր պատկերացումները ես շատ լավ գիտեմ: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե ինչպես կարելի է այս բարդ իրավիճակում զարգացում ապահովել:

-Ընտրություններից հետո հնարավո՞ր է՝ Ձեզ տեսնենք բարձր պաշտոնում՝ օրենսդիր կամ գործադիր մարմնում:

-Ինձ համար պաշտոնը էական չէ, մարդը պետք է գեղեցկացնի աթոռը, ոչ թե աթոռը՝ մարդուն: Ցավոք, մեր իրականությունն այդպիսին է. ում աթոռից հանում են, հետո հասկանում է, որ ինքը ոչ մի նշանակություն չունի: Ես այդ հոգեվիճակը չեմ ապրել եւ չեմ ապրելու: Կլինեմ այն դեպքում, երբ որ թիմ կլինի, եւ ճիշտ խաղի կանոններ կլինեն, այդ դեպքում թեւերս կքշտեմ եւ կմտնեմ գործի մեջ: Եթե էլի պետք է ամեն մեկս մեր մասին մտածենք, իմ ինչն է պակաս որ, էլ ինչի համար մտնեմ: Մինչեւ հիսուն տարեկանը կարելի է սխալվել եւ սխալը ուղղել, իսկ հիսունից հետո եթե սխալվում ես, սխալներն ուղղելու ժամանակը շատ քիչ է լինում:

Բոլոր հնարավորություններն էլ ես ունեմ, կարծում եմ, որ սովորական մարդկանց մեջ էլ հարգանք կա, կոմպլեքսով չեմ տառապում, եթե անհրաժեշտությունը լինի, իմ հնարավորությունները որեւէ տեղ կդրսեւորեմ: Իսկ եթե տեսնեմ ընտրություններից հետո նորից մոռացանք ամեն ինչ, ավելի լավ է՝ ես նորից մարդկանց օգնեմ կողքից, բայց չփչացնեմ իմ երեխաների ապագան:

Վահագն Հակոբյան




Լրահոս