Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Եվ որքան էլ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը փորձի շինարարության ոլորտում ներդրողներ ներգրավելու ծրագրեր մշակել, միեւնույն է՝ դրական տեղաշարժ չկա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 5.3 տոկոսով նվազել են: Դա պայմանավորված է համայնքների բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալների 78.9 տոկոս նվազմամբ, ինչպես նաեւ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալների 75.8 տոկոս անկմամբ:
Այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաեւ մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների 56.6 տոկոսի նվազումը: Փոխարենը 69.5 տոկոսով աճել են Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Ի դեպ, բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նույնպես ավելացել են՝ 15.6 տոկոսով:
Նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ մեկ այլ հանգամանք. շինարարության ծավալների նվազմանը զուգահեռ նվազում է նաեւ նշված ոլորտում կիրառվող նյութերի արտադրությունը: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գաջի արտադրության ծավալները նվազել են 57.8 տոկոսով: Իսկ շինարարության ոլորտում ամենակարեւոր ապրանքատեսակը՝ ցեմենտը, այս տարվա հունվարին գրեթե չի արտադրվել՝ չնչին քանակությամբ` 1000 տոննայի չափով: Անցած տարվա հունվարին ցեմենտ ընդհանրապես չի արտադրվել:
Նշենք, որ մեր հանրապետությունում ցեմենտ արտադրում են երկու ընկերություններ՝ Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները: «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ցեմենտի արտադրության ծավալների նվազումը, հայտարարեց. «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավվելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ կլինի»: Իսկ Հրազդանի ցեմենտի գործարանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում:
Շինարարության ծավալների նվազման հարցում որոշակի ազդեցություն է ունեցել նաեւ երկրի արդյունաբերությունում առկա պատկերը: Թեեւ պաշտոնական վիճակագրությունը շտապում է տեղեկացնել, որ Հայաստանում ամբողջ արդյունաբերությունը այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.2 տոկոսով ավելացել է, սակայն հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ծավալները 2.8 տոկոսով նվազել են: Սրան զուգահեռ նվազել են նաեւ պղնձի խտանյութի ծավալները՝ 2.6 տոկոսով: Իսկ ահա մետաղական հանքաքարի արդյունահանումը նվազել է 3.1 տոկոսով:
Մասնագետների պնդմամբ՝ բնակչության թվաքանակի նվազումը նույնպես տարիների ընթացքում իր անդառնալի հետեւանքներն է թողել շինարարության ոլորտի վրա: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազումը պայմանավորված է նաեւ օտարերկրյա ներդրումների պակասով: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը:
Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց: Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Քոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ Սարգսյանին էր վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս լինելու է երկրում շինարարության տեմպերի աճը: Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ավելի քան 5 ամիս է անցել, սակայն դեռ դրական տեղաշարժ չկա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ