Արա Արամյանը որոշել է գիտությա՞մբ զբաղվել. ինչո՞ւ նրա անունը չկա նախընտրական ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ներկայիս պատգամավորներից շատերին չենք տեսնի նոր խորհրդարանում: Տարբեր պատճառներով նրանք դուրս են մնացել ընտրապայքարից: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի հետ: Վերջինս չի ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում եւ հնարավորություն չունի կրկին պատգամավոր դառնալու:

Պարո՛ն Արամյան, երկար տարիներ Դուք եղել եք Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2012 թվականին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եք ԱԺ պատգամավոր ընտրվել: Այս անգամ, սակայն, չկաք որեւէ կուսակցության նախընտրական ցուցակում: Ո՞րն է պատճառը, չե՞ն ցանկացել Ձեզ ընդգրկել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:

-Ես ուրիշ ծրագրեր ունեմ:

-Այսինքն՝ ոչ թե Ձե՞զ չեն ցանկացել ընդգրկել ցուցակում, այլ Դո՞ւք չեք ցանկացել:

-Այո՛, իմ ցանկությամբ, ես այլ ծրագրեր ունեմ, կխանգարեր մեկը մյուսին:

Խոսքն ի՞նչ ծրագրերի մասին է:

-Այ, դա գաղտնիք է:

-Հնարավո՞ր է՝ շարունակեք մնալ քաղաքականության մեջ կամ պետական այլ ոլորտում գործունեություն ծավալեք:

-Ո՛չ, ո՛չ, եթե քաղաքականության մեջ լինեի, իմ ուղղությունը կշարունակվեր:

-Այսինքն՝ բիզնես գործունեությա՞ն մասին է խոսքը:

-Ուրեմն, իմ կենսագրականը պետք է իմանայիք՝ մինչեւ հիմա ինչով եմ զբաղվում, զբաղվելու եմ իմ գիտական աշխատանքներով, կշարունակեմ ավելի լավ, քանի որ զբաղվածությունը խանգարում էր դրան:

-Իսկ ընտրությունների ժամանակ ո՞ր կուսակցությանն եք սատարելու: Կսատարե՞ք «Ծառուկյան» դաշինքին:

-Արդեն շատ եղավ, հաջողությո՛ւն:

Վահագն Հակոբյան




Լրահոս