Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ օր օրի Հայաստանի ներքաղաքական կյանքն ավելի է լարվում: Վառ ապացույցն անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բախումներն են: Դրա հետ մեկտեղ լարված է նաև իրավիճակը սահմանին: ArmLur.am-ն ամփոփում է շաբաթը:
Շաբաթը սկսվեց սահմանային լարվածությամբ, երբ հակառակորդն արցախա-ադրբեջանական շփման գծում` Մարտունու և Ակնայի ուղղություններով ակտիվորեն խախտեց հրադադարի ռեժիմը: Բարեբախտաբար հայկական կողմը վիրավորներ կամ զոհեր չի ունեցել, իսկ հակառակորդը տվել է վիրավորներ և զոհեր, իսկ մի քանի դիակ էլ մնացել էր չեզոք գոտում, որը հակառակորդին փոխանցվեց միայն մի քանի օր անց:
Այս շաբաթ տեղի ունեցան ԱԺ հինգերորդ գումարման թերևս վերջին նստաշրջանի վերջին նիստերը, որը, սակայն տևեց, ոչ թե չորս, այլ երեք օր, իսկ պատճառն էլ քվորումի բացակայությունն էր: Վերջին օրը` հինգշաբթի, նիստի մեկնարկին ընդամենը 38 պատգամավոր էր գրանցվել, իսկ քվորում ապահովելու համար առնվազն 66 պատգամավորի ներկայություն է անհրաժեշտ: Սակայն նախատեսված երեք ժամ անց էլ հնարավոր չեղավ պատգամավորներին «բերման» ենթարկել: Նրանք ավելի կարևոր գործով են զբաղված: Դրա փոխարեն կատարվեց Լևոն Յոլյանի վաղեմի երազանքներից մեկը: Նա արդեն Վերահսկիչ պալատի նախագահն է: ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ 99 կողմ ձայնով ընտրեց նրան:
Մասիսում հանրապետականների միջև տեղի ունեցած ընդհարումից քիչ անց հերթական միջադեպերը տեղի ունեցան: Մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկություններ էին տարածել, թե Արագածոտի մարզի Փարպի գյուղում ՀՀԿ-ական Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել ՀՅԴ կողմնակցին: Առաքելյանն էլ հայտարարեց, թե ինքը վերջին անգամ մարդ ծեծել է միայն մարզիկ ժամանակ:
Այս շաբաթ նախընտրական կրքերը թեժացան նաև Արարատի մարզում: Սայաթ-Նովա գյուղում դանակահարություն տեղի ունեցավ, տուժողն էլ «Ծառուկլյան» դաշինքի ներկայացուցիչ էր: ԱԺ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, դանակահարողը ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի կողմնակիցներից է, վերջինս սակայն հերքում է:
2008 թվականի մարտի 1-ից 9 տարի անց շատ հարցեր այդպես էլ մնացել են անպատասխան: Այս տարի մարտի 1-ին ևս քաղաքական ուժերից շատերը երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի հրապարակ`հարգելու 10 զոհերի հիշատակը:
Կառավարության նիստն այս անգամ տարբերվող էր, պատճառը Արփինե Հովհաննիսյան-Աղվան Հովսեփյան բանավեճն էր: Մինչ Արփինե Հովհաննիսյանը կսկսեր ներկայացնել «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Աղվան Հովսեփյանն առաջարկեց հանել այն օրակարգից: Երբ երկու կողմերի միջև խոսակցությունը դեռ շարունակվում էր, վարչապետ Կարեն Կարապետյանը շտապեց հաշտեցնել կողմերին` առաջարկելով քննարկել հարցը` երեք օր ժամանակ տալով առաջարկներ ներկայացնելու համար:
Մարտի 5-ից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից շատերն արդեն ներկայացրել են, թե երբ և ինչպես են սկսելու քարոզարշավը: Քանի որ վաղը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ուժերից մի քանիսը կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա դահլիճային հանդիպումների ժամանակ կներկայացնեն կուսակցության ծրագրերը:
Նաիրա Հովհաննիսյան