ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ քայլերի կդիմի դիվանագիտական համարանիշներով շրջող Արթուր Բաղդասարյանը, որպեսզի համոզի իրեն չհավատացողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ քարոզարշավի երկրորդ օրը, տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագրով 30 քայլ են նախատեսել, որոնք կփոխեն Հայաստանը:

Բաղդասարյանը ներկաներին հավաստիացրեց, որ իրենց ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ինչպես իրենց քաղաքական ուժի, այնպես էլ միջազգային փորձը: Ներկայացնելով ծրագրային կետերը՝ նա վստահեցրեց, որ դրանց իրագործմամբ իրենք կարող են ապահովել տասնյակ միլիարդների դրամային հոսք ՀՀ բյուջե: ՀՎԿ-ականները իշխանության գալու դեպքում խոստանում են անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Նախկին ՕԵԿ-ականները պատրաստվում են օրենք ընդունել, որով 18 տարեկաններին կարգելվի տանել սահմանագիծ, իսկ պայմանագրային զինծառայողներին կվճարվեն բարձր աշխատավարձեր՝ 800-1000 դոլար։

Կոռուպցիայի դեմ պայքարող ազգային մարմնի ստեղծումից մինչեւ ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգող արագաչափերի եւ Երեւանում վճարովի ավտոկայանատեղերի վերացում. սրանք դեռեւս միայն խոստումներ են, որոնք «Հայկական վերածնունդ»-ը կյանքի կկոչի, եթե բախտը ժպտա եւ ընտրություններում հաղթի:

Բաղդասարյանը շատերի նման կրկին խոստացավ, որ առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում նախատեսում են նվազագույն աշխատավարձը հասցնել հարյուր հազար դրամի, նախատեսում են կենսաթոշակների բարձրացում` հասցնելով նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին, կնվազեցնեն կոմունալ ծառայությունների սակագները, կազատականացնեն բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկան, կխթանեն հայրենդարձությանը, եւ՛…եւ՛ … եւ՛. այսպիսի եւ-երի խոստումնալից եւ ականջահաճո շարան, որի պակասը երբեք հասարակությունը չի զգացել: Նկատենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական այս ծրագիրը անհավանական եւ պոպուլիստական են համարում ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում գործող ուժերը:

ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ այդ հայտարարություններին եւ պատասխանեց իրեն չհավատացողներին:

-Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

-Շատ լավ, շատ լավ:

-Ձեր նախընտրական ծրագիրը թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը համարում են պոպուլիստական եւ անիրատեսական…:

-Ես քիչ առաջ հստակ ներկայացրի իրականացման ձեւը եւ ֆինանսավորումը:

-Ինչպե՞ս կպատասխանեք այն քաղաքական ուժերին եւ ընդհանրապես հանրությանը, որոնք չեն հավատում Ձեր ներկայացրած ծրագրին:

-Որ հավատան, մենք դա արել ենք, ինչքան բան ենք արել:

-Եթե Դուք այսօր կամ վաղը նշանակվեք ՀՀ պաշտպանության նախարար, ե՞րբ կիրագործեք Ձեր այն ծրագրային խոստումը, համաձայն որի՝ տասնութ տարեկան ոչ մի երիտասարդ չպետք է կանգնի սահմանին:

-Հաջորդ օրվանից սկսած կձեռնարկեի:

-Բայց արդյո՞ք իրատեսական է դա:

-Աստիճանական անցում: Այսօր մենք ունենք երեք հազար մարդ, որ գնում է բանակ եւ ստանում է փող: Մենք ասում ենք, որ այդ թիվը պետք է աստիճանաբար, ամեն տարի երեք-չորս հազարով ավելացնել, ինչու՞ հնարավոր չէ, նայեք հարեւան երկրներին:

Հ. Գ. Ընդդիմադիր գործիչ Արթուր Բաղդասարյանը շրջում էր դիվանագիտական համարանիշներով շքեղ ավտոմեքենայով, որի շուկայական արժեքը 70-80 հազար ԱՄՆ դոլար է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս