ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿԱՇԽԱՏԻ ՍԱՆԱՄՅԱՆԻ ՕԳՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կոտայքի մարզում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներն են՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՊԵԿ մաքսային եւ հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը եւ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:

ՀՀ Կոտայքի մարզում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետեւանքով նախընտրական թեժ մթնոլորտ է ստեղծվել: Բանն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող վերը նշված թեկնածուները ոչ միայն մրցակցելու են մյուս քաղաքական ուժերի, այլեւ իրենք իրենց հետ: Ավելին՝ դեռ քարոզարշավը չսկսած՝ նրանցից յուրաքանչյուրը սկսել է մերժելի ճանապարհներով ձայներ հավաքագրելու գործընթացը:
Առաջադրված թեկնածուներից Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սամվել Սանամյանը, որը Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, սկսել է ցուցակագրումներ անել՝ միաժամանակ խոստանալով սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:
Տեղեկացնենք, որ խոսքը այն Սամվել Սանամյանի մասին է, որ անցած տարի ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, անձամբ շրջելով ընտրատարածքներում, կեղծիքների հրահանգներ էր տալիս՝ հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը:
Ի դեպ, թեեւ բացի Սանամյանից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Արամ Դանիելյանի օգտին աշխատել է նաեւ բնապահպանության նախկին նախարար, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը, այնուամենայնիվ, Դանիելյանը ծառայելու է Սանամյանին:Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, Դուք ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներում ի՞նչ ձեւաչափով եք ներգրավված:
-Ես ՀՀԿ-ի Հրազդանի շտաբի պետն եմ, ՀՀԿ-ի տարածքային կառույցի նախագահն եմ:
-Ձեր օգնությունը առաջադրվող թեկնածուներին ի՞նչ տեսքով է լինելու:
-Ո՞նց ինչ տեսքով, ընտրական օրենսգրքին համապատասխան մենք նախընտրական ընտրարշավներ ենք կազմակերպելու մեր կուսակցության օգտին:
-Իսկ դա Ձեր՝ քաղաքապետի աշխատանքին չի՞ խանգարելու: Չէ՞ որ այն հանրային ծառայողները, որոնք ընտրական գործընթացներում ներգրավված են, կա՛մ արձակուրդ են մեկնում, կա՛մ ժամանակավորապես դադարեցնում են իրենց աշխատանքային գործունեությունը: Դուք այս դեպքում ինչպե՞ս եք վարվելու:
-Ընտրարշավի ժամանակ ես արձակուրդ եմ մեկնելու:
-Ձե՞ր հաշվին եք մեկնելու արձակուրդ, թե՞ պետության:
-Իհարկե, իմ հաշվին կվերցնեմ. մարտի 5-ից կմեկնեմ արձակուրդ մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը:
-Այդ ընթացքում քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես ո՞վ է իրականացնելու:
-Համայնքի ավագանին կորոշի, բայց, հավանաբար, աշխատակազմի ղեկավարը:
-Ընտրարշավի ժամանակ քաղաքապետարան ելումո՞ւտ էլ չեք անելու:
-Իհարկե, ո՛չ: Նախընտրական շտաբ է բացվելու, եւ ես այնտեղ կլինեմ:
-Պարո՛ն Դանիելյան, հայտնի է արդեն, թե ովքեր են մտադիր ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել՝ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Սամվել Սանամյանը: Նշվածներից որի՞ համար եք աշխատելու:
-Մենք Հանրապետական կուսակցության համար ենք աշխատելու, իսկ ժողովուրդը որին կցանկանա, իր ձայնը կտա:
-Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ե՛ւ Արամ Հարությունյանը, ե՛ւ Սամվել Սանամյանը Ձեր օգտին ձայներ հավաքագրեցին՝ Ձեզ անցկացնելու համար: Այս դեպքում Դուք ո՞ւմ համար եք աշխատելու՝ Սամվել Սանամյանի՞, թե՞ Արամ Հարությունյանի:
-Մենք աջակցելու ենք Հանրապետական կուսակցությանը…
-Ի վերջո, Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ Արամ Հարությունյանի:
-Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու:
-Իսկ Արամ Հարությունյա՞նը, չէ՞ որ նա էլ էր Ձեզ համար քաղաքապետի ընտրություններին ձայներ բերել:
-Ես իրեն շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ: Ինքը ինձ աջակցել է… իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան… մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար:
-Փող բաժանելո՞ւ եք:
-Երբ կսկսի քարոզչությունը, կգաք շտաբ, մենք կմանրամասնենք:
-Այսինքն՝ փող բաժանելու եք:
-Փող չենք բաժանելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԳՅՈՒՂԸ՝ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ

Լոռու մարզի Ձորագետ համայնքը տեւական ժամանակ է, ինչ հայտնվել է շրջափակման մեջ, որը պայմանավորված է Մ-6 միջպետական ավտոճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքներով: 2016թ. սեպտեմբերից մեկնարկած շինաշխատանքերի պատճառով գյուղ մտնող թունելը փակված է, բնակիչները փաստի առաջ են կանգնել, քանի որ գյուղի մի հատվածից մյուսն անցնելու համար մարդիկ ստիպված են լինում մի քանի կիլոմետր քայլել երկաթգծով՝ նախապես կայարանի աշխատակիցներից ճշտելով երկաթգծով անցնող գնացքների գրաֆիկը: Երկաթուղու ղեկավարությունը պարբերաբար զգուշացնում է՝ գնացքի գծերի վրայով քայլելն արգելվում է: Դպրոցականներն ու ուսուցիչները, ովքեր ամեն օր շտապում են դասի ու աշխատանքի, ստիպված են լինում անցնել երկաթգծի վրայով:

Ուսուցիչներն ասում են, որ քանի դեռ ճանապարհը չէր փակվել, իրենք ամեն օր ավտոբուսով գյուղ էին հասնում ու վերադառնում Վանաձոր, սակայն այսօր ստիպված կոլեկտիվով տուն են վարձակալել գյուղում, ապրում են այնտեղ: Նրանք իրենց հետ ամեն շաբաթ գյուղ են բերում 7 օրվա համար անհրաժեշտ սննդամթերք, քանի որ տրանսպորտային որեւէ երթուղի գյուղ չի հասնում:
Իսկ եթե համայնքում շտապօգնության կարիք լինի, մեքենան պարզապես հնարավորություն չունի գյուղ հասնելու: Ծայրահեղ դեպքում մեքենան գյուղ կարող է հասնել միայն շինարարների օգնությամբ, երբ նրանք ժամանակավոր բացեն ճանապարհը: Գյուղի 2 ծայրերում էլ շինաշխատանքներ են ընթանում, եւ ճանապարհը վերջնականապես փակ է ու փակ կմնա մինչեւ 2018թ. մարտ ամիսը:
Այս իրավիճակը հարուցել է բուռն դժգոհություն բնակիչների շրջանում: Որքան էլ հասկանալի է, որ ճանապարհաշինությունը գյուղացու շահերից է բխում, այնուամենայնիվ, առաջացած անհարմարությունները չի կարելի անտեսել: Ու առնվազն տարակուսելի է, որ մարզերի զարգացման մասին մշտապես բարձրաձայնող տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի լուծում գյուղ հասնելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ ունենալու խնդիրը, ինչն ուղղակի այդ նախարարության գործառույթն է:
«Խանութ չկա, եղածում էլ ամեն ինչ չէ, որ վաճառում են: Վանաձորում աշխատողներ ունենք, բժշկի գնալ-գալու հարց կա, բայց էսօր փաստի առաջ ենք կանգնել, բլոկադայի մեջ ենք, ոնց ապրենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում բողոքեց ձորագետցի Վանիկը:
Զրուցեցինք Ձորագետի գյուղապետ Լյովա Գրիգորյանի հետ, ով շտապեց հանգստացնել, թե ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, եւ իրենց այլ բան չի մնում, քան համբերատար սպասելը: Պարզվում է՝ 400 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը երբեւէ չի բարձրաձայնել առաջացած անհարմարությունների մասին: Լ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շինարարները խոստացել են թունելը բացել ապրիլին, ինչի արդյունքում որոշակիորեն իրենց բնակչության խնդիրը կլուծվի, իսկ մինչ այդ, ըստ գյուղապետի, եթե շտապօգնության կամ հրշեջ մեքենայի կարիք է զգացվում, ինքը հեռախոսով տեղեկացնում է շինարարներին, որպեսզի տեխնիկայով արագ մաքրեն ճանապարհը. «Բուլդուզերը երկու անգամ գցում, մաքրում են, իհարկե, խնդիրներ կան, բայց, դե, վիճակն էդ ա, պետք ա համբերենք»: Այսքանով համայնքի ղեկավարն իր գործառույթները համարում է ավարտված:
Խնդրի առնչությամբ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին գյուղացիները դիմել էին կառավարությանը՝ առաջարկելով իրենց գնացք տրամադրել: Մի քանի ամիս է անցել, իրավիճակը էլ ավելի է բարդացել, բայց լուծում չկա: Լռում է ինչպես մարզպետարանը՝ որպես տեղական իշխանություն, այնպես էլ ՀՀ գործադիր մարմինը: Դե, իհարկե, ընտրություններ են, պաշտոնյաները ժամանակ չունեն քաղաքացիների խնդիրներով զբաղվելու:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս