ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական կրքերը գնալով թեժանում են, եւ իշխանությունների նյարդերն արդեն տեղի են տալիս:

Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների ծեծկռտուքի միջադեպը չհարթված, նախօրեին էլ բախում է տեղի ունեցել Արագածոտնում: Այս անգամ ծեծկռտուքը եղել է իշխանական երկու կուսակցությունների՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների միջեւ:
Նախկին ԲՀԿ-ական, այժմ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ Փարպիում ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին այն բանի համար, որ վերջինս հայտարարել է ՀՅԴ-ի օգտին քվեարկելու մասին: Ընդ որում, ծեծկռտուքը տեղի է ունեցել հենց Բ. Առաքելյանի տանը, ուր հրավիրել էին ՀՅԴ կողմնակցին: Միջադեպի մասին բարձրաձայնել է ՀՅԴ-ն՝ սակայն գաղտնի պահելով տուժածի անունը: Փոխարենը դաշնակցականները խոստանում են անհետեւանք չթողնել կատարվածն ու պատժել Առաքելյանին. ՀՅԴ ԳՄ անդամներից Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ միաժամանակ նախազգուշացնելով. «Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան կարոտած «ծեծ»-ն անպայման կստանա»:
Բազմասեր Առաքելյանի ազգականները, մասնավորապես նրա հորեղբայր Իշխան Առաքելյանը, ով Փարպիի գյուղապետն է, հերքել է կատարվածը: Բայց իզուր. ՀՅԴ-ականները բավական ագրեսիվ են տրամադրված, եւ մեր տեղեկություններով՝ հայտարարել են, որ բոլոր հնարավոր միջոցներով «Բազմասերի քթից բերելու են»: Թե որքանով կհաջողվի, այլ հարց է: ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն սկսել է ուսումնասիրել այս միջադեպի մանրամասները: Թեեւ դժվար է հավատալ, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն. լավագույն դեպքում քրեական գործ կհարուցվի, որն էլ ընտրություններից հետո կկարճեն: Նույն ճակատագիրը սպասվում է նաեւ Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքում:
Մինչ այդ, նկատենք, որ Բազմասեր Առաքելյանի մասնակցությամբ տեղի ունեցած «հերոսամարտը» հաջորդեց շաբաթ օրը ՀՀԿ-ում կայացած հանդիպմանը: Ինչպես հայտնի է՝ Մասիսում տեղի ունեցած միջադեպից հետո Սերժ Սարգսյանը հանդիպման էր հրավիրել ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված թեկնածուներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սկզբում ելույթ է ունեցել Արմեն Աշոտյանն ու խոսել ընտրարշավն անցկացնելու սկզբունքների մասին: Հետո խոսել է Ս. Սարգսյանը՝ արդեն ՀՀԿ-ականներին հասկանալի լեզվով: Նա ՀՀԿ-ականներին հրահանգել է զսպվածություն ցուցաբերել, միմյանց չխանգարել, խստորեն պահպանել պայմանավորվածությունները, մասնավորապես, որ «մեկը մյուսի տարածք չմտնի», կարգադրել է զերծ մնալ հատկապես ներկուսակցական բախումներից. «պարզապես ամոթ է» ասել է նա: Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե յուրաքանչյուրը թող բերի այնքան ձայն, որքան կարող է: Խիստ հրահանգվել է՝ ինքնագլուխ քայլեր ու հայտարարություններ չանել եւ ցանկացած գործողություն համաձայնեցնել կուսակցական վերնախավի հետ: Ս. Սարգսյանը նաեւ խոսել է մեկ այլ երեւույթի մասին, երբ ՀՀԿ-ի՝ հատկապես գործարար թեկնածուները իրենց պատկանող ընկերությունների աշխատակիցներին ստիպում են ժամանակավորապես փոխել հաշվառման վայրն ու ընդգրկվել այն ընտրատարածքի ընտրացուցակում, որտեղ իրենք են քվեարկվելու՝ բնականաբար հենց այդ գործարարին ընտրելու նպատակով: Ս. Սարգսյանը կոչ է արել վերջ տալ այդ գործելաոճին՝ ասելով, որ պետք չէ իրարից ամեն գնով ձայն փախցնել, քանի որ դրանք միգուցե եւ ՀՀԿ ուրիշ թեկնածուի ձայներ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հանդիպումից բացի՝ առանձին մի հանդիպում էլ նա ունեցել է Արայիկ Գրիգորյանի եւ Մուրադ Մուրադյանի հետ, որոնց կողմնակիցների միջեւ ծեծկռտուք էր եղել Մասիսում. նրանց էլ Ս. Սարգսյանը կոչ է արել հանդուրժող գտնվել, մոռանալ կատարվածն ու չգնալ իրավիճակի լարման: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է. «Ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն եւ պետք է կանխարգելվեն, այսինքն՝ թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ եւ պատասխանատվություն կրի ոչ միայն իր համար, այլ ընդհանուր մթնոլորտի համար, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ ընկալելի կլինի»:
Այսքանից հետո, փաստորեն, պետք է արձանագրենք, որ չնայած Սերժ Սարգսյանի հրահանգներին՝ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները, միեւնույն է, արհամարհում են իրենց իսկ կուսակցության առաջնորդի հորդորները, դեռ ավելին՝ ՀՀԿ-ական թեկնածուն հիմա էլ հարձակվել է իշխանության մաս կազմող ՀՅԴ-ի ներկայացուցիչների վրա: Դատելով իրավիճակից՝ նման միջադեպերը դեռ շարունակություն են ունենալու, եւ եթե անգամ թեկնածուները որոշեն զերծ մնալ բախումներից, միեւնույն է՝ չեն կարողանա ամբողջովին վերահսկել իրենց շտաբների անդամներին (իսկ իշխանական ճամբարի շտաբներում հիմնականում հավաքված է թաղի խուժանը, կրիմինալը):
Հ.Գ. Իսկ մինչ այդ նկատենք, որ Ս. Սարգսյանը երեկ Բրյուսելում՝ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է առաջիկա ԱԺ ընտրություններին: «Բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր ԸՕ, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ»,- ասել է նա: Միայն թե տեղի ունեցած միջադեպերը, որոնք շատերի կարծիքով, այնուամենայնիվ, շարունակություն են ունենալու, վկայում են, որ հազիվ թե իշխանություններին հաջողվի անցկացնել հասարակության վստահությունը բարձրացնող արդար ընտրություններ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՈՐ ՄԻՇՏ ԼԻՆԻ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ կարճատեւ զրույց է ունեցել լրագրողների հետ՝ պատասխանելով ներքաղաքական թեմաներով հարցերի: Բնականաբար, Գալուստ Գրիգորիչն այս անգամ էլ է «փայլել» իր յուրօրինակ հայտարարություններով: Մեջբերենք առանց խմբագրումների: Անդրադառնալով թեմային, որ ՀՀ պաշտպանության նախարարը գլխավորում է ՀՀԿ ցուցակը, նա ասել է. «Սա նոր ընտրական կարգ է, եւ այստեղ խնդիրները չեն վերաբերում` ով է առաջին կարգում, ովքեր` ոչ»: Այնուհետեւ խոսելով ՀՀԿ ցուցակում իր զբաղեցրած տեղի մասին՝ ասել է. «Եթե անգամ ես ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա, այնպես որ, ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ, կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում է: Էնպես չէ, որ խնդիրը հետեւյալն է, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ, խնդիրը հետեւյալն է՝ այնպես մնամ, ինչպես եկել եմ եւ կարողանամ մինչեւ վերջ փորձեմ անել այն աշխատանքը, որ դրված է ինձ վրա, մինչեւ վերջ տանեմ»: Եւ վերջապես. «Նոր դեմք ասելով՝ չենք հասկանում մարդիկ, որոնց ոչ մեկ չի ճանաչում: Եթե որեւէ մեկը կասի, որ ես շատ ավելի մեծ քաղաքական գործիչ եմ, ինչպես Գալուստ Սահակյանն է, կարծում եմ՝ իմ տեղը կզիջեմ իրեն: Շատ կուզենայի ընտրություններից հետո լինել ԱԺ նախագահ, բայց եթե չլինեմ, ով որ լինի, անպայմանորեն կլինի իմ համաձայնությունը»: Հանուն նման հարցազրույցների լրագրողներից շատերն էլ են ուզում, որ Գ. Սահակյանը եթե ոչ ԱԺ նախագահ, ապա գոնե պատգամավոր լինի ու միշտ մնա քաղաքականության մեջ:

 

 

ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համապետական ցուցակի 2-րդ մասով առաջադրված քուրդ ներկայացուցիչը՝ Ռյա-Թազա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիտալ Համեյանը, դեռ չի կողմնորոշվում՝ անդամագրվի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ: Նշենք, որ նա որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է առաջադրվել եւ զբաղեցնում է ցանկի 4-րդ տեղը: «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչու է առաջադրվել, ուսուցիչը պատասխանեց. «Մերոնք մտածեցին, որ պետք է առաջադրեն իմ թեկնածությունը, առաջարկեցին, ես էլ չհրաժարվեցի»: Նա մեզ տեղեկացրեց, որ ինքը քարոզարշավի ընթացքում չի դադարեցնելու իր ուսուցչական աշխատանքը: Բայց շտապեց վստահեցնել, որ դասաժամերին չի զբաղվելու քարոզչությամբ:

 

 

ԷՋԸ ՓԱԿԵՑ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը երկար դադարից հետո երեկ վերջապես ժամանել էր ԱԺ: Սպասված «հյուրին» լրագրողները դիմավորեցին ոգեւորությամբ՝ միանգամից գրոհելով եւ հարցախեղդ անելով: Նա էլ հայտարարեց, որ ոչ ոքից նեղացած չէ, պարզապես քաղաքականությունից է դուրս եկել, եւ որոշել են բիզնեսով զբաղվել. «Հա՛մ դուք ինձանից կպրծնեք, հա՛մ ես ձեզանից»,- ասաց նա: Սեդրակյանը հավաստիացրեց նաեւ, որ իր վրա որեւէ ճնշում չեն գործադրել եւ չեն էլ կարող. «Ես չեմ մասնակցելու ընտրություններին, եւ բնական է, որ չեմ էլ սատարելու: Եթե իմ ընկերներն իմ խոսքը հարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կօգնեն»,- տեղեկացրեց նա: Հիշեցնենք, որ Գ. Բեգլարյանը եւս չկա ՀՀԿ ցուցակում:
Հ. Գ. Մհեր Սեդրակյանը փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել էր Սերժ Սարգսյանին ու երկարատեւ զրույց ունեցել: Թերեւս դա է ազդել որոշման վրա:

 

 
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել են 26 պատգամավոր: Այս մասին համացանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ստորագրահավաքին միացել են հետեւյալ պատգամավորները` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան: Փաստաթուղթը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ երեկ Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, ազատ արձակելու պահանջով երթ:
«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը երեկ` կեսօրից, ստորագրահավաք է սկսել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ։ Անձնական երաշխավորությունը ստորագրել են՝
Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)
Թագուհի Թովմասյանը («Ժողովուրդ» օրաթերթ)
Արմինե Օհանյանը («Հրապարակ» օրաթերթ)
Արամ Հարությունյանը (Asekose.am կայք)
Խաչատուր Սուքիասյանը (գործարար)
Արթուր Իսպիրյանը (երաժիշտ)
Արամ Աբրահամյանը («Առավոտ» թերթ)
Պետրոս Ղազարյանը («Կենտրոն» tv)
Անժելա Թովմասյանը («Կենտրոն» tv)
Արմեն Դուլյանը («Կենտրոն» tv)
Ալեն Սիմոնյանը («ԵԼՔ» դաշինք)
Վարուժան Բաբաջանյանը (Past.am կայք)
Փայլակ Ֆահրդանյանը (Araratnews.am կայք)
Հովհաննես Ազոյանը (դերասան)
Սաթիկ Սեյրանյանը («168 ժամ» թերթ)։
Շարունակելի …

 

 

ԴԻԱԿՆԵՐԸ ՏԱՐՀԱՆԵՑԻՆ
ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջեւ ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Տարհանման գործընթացն իրականացվել է՝ համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն՝ այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:




Լրահոս