«ԵՍ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԷԻ ՈՐՊԵՍ ՈՉ ԼՈՒՐՋ ԵՐԳՉՈՒՀԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրության լայն շրջանակների կողմից արդեն իսկ ճանաչված անձանց, մասնավորապես շոուբիզնեսցիների անցած ճանապարհին, նրանց հաղթահարած խոչընդոտներին եւ նպատակներին, որոնց, գուցե, այդպես էլ չհաջողվեց հասնել: Մենք խոսում ենք հայտնի լինելու դժվարությունների եւ դրա ընձեռած առավելությունների մասին: Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի հերթական զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն է:

Արդուկն էլ միացնեիր`«Հայաստանն» էր երգում
Հանրության կողմից ճանաչված լինելու առաջին բերկրանքը զգացել եմ 1993-ին, երբ նոր էի ընդունվել «Արձագանք» ստուդիա: Այստեղ գրեցի «Օտարական» երգը, ապա այդ եւ «Վերադարձիր» երգերով մասնակցելով ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` արժանացա 1-ին մրցանակի: Դա շատ պատասխանատու, բայց նաեւ հաճելի պահ էր: Դրանից հետո արդեն ավելի լայն զանգվածների կողմից ճանաչվեցի 1998-ին, երբ կատարեցի «Հայաստան» երգը: Գիշերը գրեցի այդ գործը, առավոտյան արթնացա ու արդեն հայտնի էի: «Հայաստանը» հնչում էր մեքենաների միջից, ամեն անկյունից: Ինչպես Արթուր Գրիգորիչն է ասում, արդուկն էլ միացնեիր՝ այդ երգն էր երգում: Այդ ժամանակ գիտակցեցի, որ պետք էր պահել այն, ինչին հասել էի, պետք էր գրել մեկ այլ երգ, որը չէր զիջի նախորդին: Եվ դա եղավ «Հոյնարը»:

«Ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի»
Ես իմ ճանապարհին շատ դժվարություններ, հիասթափություններ, արցունքներ եմ ունեցել, բայց չեմ հանձնվել: Միջավայրը, որտեղ մուտք եմ գործել, սկզբնական շրջանում այսպիսին չեմ պատկերացրել: Այդ հիմա է, որ եփվել եմ ասպարեզում, ինքնահաստատվել եմ: Երբ նոր էի ընդունվել Երգի պետական թատրոն, երաժշտականորեն չէի մերվում միջավայրին: Ես չէի երգում Սթիվի Ուանդեր, չէի կատարում սոուլ, եւ իմ երգերը ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից դիտվում էին որպես պրիմիտիվ գործեր, ես ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի: Այդ մարդկանց ես շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ, որովհետեւ իրենց «ինադու» ես առաջ գնացի: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Բարեբախտաբար, Արթուր Գրիգորիչն ընկալել էր իմ տեսակը: Նա ասում էր. «Դու «րՈՎՏՐՏՊՏՍ» ես, որին չի կարելի դիպչել: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս, մի տեսակ, որը նման չէ մյուսներին»: Ինձ ասում էին, որ ես զուլալ գետ եմ, դաշտ: Եվ, իսկապես, ես ապրում եմ իմ փոքրիկ աշխարհի մեջ: Տարիները ցույց տվեցին, որ ժողովուրդը ունի իմ ներկայացրած երգի պահանջը, այլապես չէի մեկնի տարվա մեջ 5-6 երկիր՝ հյուրախաղերի:

Առանց փողի մասին մտածելու
Երգի պետական թատրոնում երեւի 10 տարի ես եւ իմ սերնդակիցները երգել ենք՝ ոչ գումարի համար, համենայն դեպս, մենք այդ մասին չէ, որ մտածում էինք: Այնուամենայնիվ, ես, Վարդուհի Վարդանյանը, Զարուհի Բաբայանը ամենաբարձր աշխատավարձն էինք ստանում: Այսօր դա կոպեկներ արժի: Բայց մենք այն ժամանակ ավելի շատ բան էինք հասցնում ձեռք բերել, քան այսօր մեր վաստակած գումարով:

Էությամբ լիդեր է
Սիրում եմ հեռուստատեսությունը, ռադիոն, աշխատել եմ Հանրային ռադիոյում, վարել եմ հաղորդում: Այնպես որ, այս ոլորտը նույնպես ինձ շատ հոգեհարազատ է: Բայց եթե զուգահեռաբար որեւէ գործով զբաղվելու հնարավորություն տրվեր, ես կցանկանայի իմ փոքրիկ բիզնեսն ունենալ, օրինակ՝ մանկական սրճարան կամ խանութ: Էությամբ լիդեր եմ, պատասխանատու եմ եւ կարծում եմ՝ լավ ղեկավար կլինեի:

Չես կարողանում ինքդ քեզ հետ մենակ մնալ
Ինձ դուր է գալիս, որ ինձ ճանաչում են: Բայց մի բան լավ չի. նույնիսկ կենցաղում պարտավոր ես ապրել քո ստեղծած կերպարում: Դժվար է նաեւ, որ չես կարողանում ինքդ քեզ հետ մենակ մնալ: Օրինակ` պատահում է, որ եկեղեցի եմ մտնում, ուզում եմ մտքերիս հետ մնալ, մեկ էլ մարդիկ մոտենում են, ասում են. «Կարո՞ղ ենք Ձեզ հետ նկարվել»: Այդպես հաճախ է լինում: Իհարկե, այդ մարդկանց էլ չես մեղադրի. նրանք հենց այն մարդիկ են, որոնց շնորհիվ դու դառնում ես դու:

Գնահատականը զինվորի ժպիտն է
Իմ աշխատանքի գնահատականը համերգիս ընթացքում զինվորի ժպիտը, երեխայի ոգեւորությունը տեսնելն է եւ իմ հուզմունքն է, երբ 3000 հոգի միաժամանակ հոտնկայս ծափահարում է ինձ:

 

 

 

 
«ԻՆՁ ՄՈՏ ԽՈՐԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ ԷՐ»

Երգչուհի Լիանան 5 տարվա դադարից հետո վերադառնում է երգարվեստ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շուտով պատրաստվում է հանդիսատեսի դատին ներկայացնել նոր տեսահոլովակներ. «Խորը քնից հետո վերջապես արթնացա: Վերադառնում եմ ոչ միայն նոր երգերով, այլեւ նոր կազմվածքով. ինձ արդեն հաջողվել է 20 կգ քաշ կորցնել»,-ասաց նա:

Հարցին, թե երկարատեւ դադարը արդյոք միայն որդուն խնամելու հանգամանքով էր պայմանավորված, Լիանան պատասխանեց. «Ոչ միայն: Դրա հետ մեկտեղ ինձ մոտ խորը հիասթափության շրջան էր ոլորտից թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումներով: Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ լինում են նման շրջաններ: Ես մեծացել եմ, բայց իմ ճանաչած մարդիկ փոխվել են ներքուստ: Դա ինձ շատ էր տխրեցնում, տհաճություն պատճառում, ուստի ժամանակ էր պետք, որ «ռեստարտ» լինեի: Երբ ավելի երիտասարդ էի, ձգտումներս այլ էին, իսկ հիմա արժեհամակարգս վերագնահատել եմ: Եվ բանն այն է, որ իմ արժեքները շրջապատողներիս արժեքների հետ չեն համընկնում: Կա՛մ ինձ չեն հասկանում, կա՛մ չեն ուզում հասկանալ, ասածս ընկալում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր»: Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում դժվար չէ արդյոք վերադառնալ ասպարեզ. «Դժվար է, բայց ի սկզբանե ես եմ ընտրել այս ճանապարհը եւ երեւի թե նահանջելու իրավունք պարզապես չունեմ: Ես ուժեղ մարդ եմ, ինձ չի սազում թուլանալը: Ինձ ճանաչում են որպես «բոեվիկի»: Ես այդպիսին չեմ, պարզապես մշտապես պայքարում եմ արդարության համար, դրա համար էլ ոմանց համար դառնում եմ վատը, կռվարար: Բացի այդ` ես ճշտախոս մարդ եմ, իսկ այդպիսիներին միայն ինքնահաստատվածներն են սիրում: Ու թեեւ ունեմ զենք` իմ ինքնապաշտպանական ռեակցիան, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ ինձ տհաճություն պատճառող մարդիկ շատ են, իսկ իմ նմանները` (խոսքը լավի ու վատի մասին չէ, այլ պարզապես տեսակի) փոքրամասնություն»,-մեկնաբանեց երգչուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այցելել է Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոն, ապա` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն եւ Լոռու մարզային գրադարան։ Վանաձորի մի խումբ երիտասարդների հետ նախարարը քննարկել է քաղաքում թեյարան-գրադարան հիմնելու հնարավորությունների մասին շաբաթներ առաջ նրանց արած առաջարկը: Ամիրյանը խոստացել է, որ մշակույթի նախարարությունը նրանց կաջակցի ֆինանսապես եւ կտրամադրի անհրաժեշտ գրականությունը։ Ստեփանավանում նախարարը ծանոթացել է կենտրոնի աշխատանքին եւ շենքային պայմաններին, քննարկել ապագայի ծրագրերն ու անելիքները: Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի դրամատիկական թատրոնն է եղել: Այստեղ նախարարը աբելյանցիներին ներկայացրել է նոր տնօրենին, շրջել թատրոնում եւ լսել կոլեկտիվի առաջարկություններն ու առկա խնդիրները: Ամիրյանը եղել է նաեւ Լոռու մարզային գրադարանում, տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել գրադարանի պայմաններին: Այցի ավարտին նախարարը հանձնարարել է մշակել եւ ներկայացնել նախագիծ, որի արդյունքում հասարակություն-գրադարան կապն ավելի ամուր կդառնա:
 

 

ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԵՆ ՍԽԱԼԸ
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր պարգեւը հայտարարած Ուորեն Բիթին սխալ ծրար է ստացել, այդ պատճառով էլ հայտնել է ոչ հաղթողի անունը: Դերասանն ինքն այսպես է մեկնաբանել տեղի ունեցած թյուրիմացությունն «Օսկար» մրցանակաբաշխության արարողության եթերում, որը հեռարձակում էր ABC¬ն: Նշենք, որ ԱՄՆ¬ի կինոակադեմիայի «Օսկար» պարգեւի հանձնման 89¬րդ արարողությունն ավարտվել է անհարմար վիճակով, երբ սխալմամբ հաղթող է հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը: Եվ միայն այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ է դուրս եկել եւ սկսել շնորհակալական խոսքը, կազմակերպիչների ներկայացուցիչը դուրս է եկել բեմ եւ ասել, որ լավագույն ֆիլմը «Լուսնի լույսը» կինոնկարն է: Մի քանի րոպե բեմում գտնվողները պարզապես շփոթահար են եղել եւ չեն հասկացել` իրենց հետ կատակում են, թե ոչ: Նշենք, որ մինչ այդ «Լա Լա Լենդում» գլխավոր դերի համար Էմմա Սթոունն արժանացել էր «Օսկարի»:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ
Դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է փոխել բնակավայրը։ Նա պատրաստվում է առանձնատուն գնել Լոնդոնում։ Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջոլին արդեն տեսել է Լոնդոնի արեւմտյան հատվածում գտնվող առանձնատներից մեկը, որի նախկին սեփականատերը եղել է Rolling Stones-ի նախկին մենեջեր Էնդրյու Լուգ Օլդեմը։ Որպես տեղափոխության պատճառ նշվում է այն, որ Ջոլին ցանկանում է երեխաներին լավագույն կրթություն ապահովել եւ հեռու մնալ ամուսնալուծության հետ կապված սկանդալից։ Սակայն, ըստ շրջանառվող խոսակցությունների, Ջոլին պարզապես ձգտում է երեխաներին հեռու պահել Փիթից։ Հիշեցնենք, որ Ջոլին գտնվում է Փիթի հետ ամուսնալուծության գործընթացում:




Լրահոս