Ինչո՞ւ հեռացավ քաղավիացիայի պետը, և ինչո՞վ է այժմ նա զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, առաջիկայում զբաղվելու է նաեւ թռչնաբուծությամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա 4 տարի առաջ սնանկացած եւ այժմ արդեն առողջացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի նոր հիմնադիրն է:

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին: Նշենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Եւ չկարողանալով մարել դրա վարկային պարտավորությունները՝ մնացել է բանկին: Ապա սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Իր գործունեության այս նոր ոլորտի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:

-Պարո՛ն Մովսեսյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեռք բերեցիք սնանկացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկան: Այն ի՞նչ առնչություն ունի «Դվին» կոնցեռնի հետ:

-Պաշտոնապես արդեն ես եմ ընկերության հիմնադիրը եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Հիմա այն «Դվին-հոլդինգ» ընկերության հետ ոչ մի առնչություն չունի: Վերջին տարիներին նշված ընկերությունը խնդիրներ ուներ. սնանկացած էր ու գրավադրված տարբեր բանկերում: «Գետամեջ» թռչնաֆաբրիկան գրավադրվել է մեկ ուրիշ բիզնեսի համար: Ես առաջարկություն ստացա այն վերականգնելու եւ վերագործարկելու վերաբերյալ եւ որոշակի վերլուծություններից հետո առաջարկը ընդունեցի:

-Այժմ ընկերությունը գործունեություն ծավալո՞ւմ է:

-Ընկերությունը չորս-հինգ տարի առաջ ֆինանսական խնդիրներ ուներ: Հիմա այն չի գործում: Հուսով ենք, որ այս տարի ընկերությունը կվերսկսի իր գործունեությունը: Խորհրդարանական ընտրությունները դա հետ գցեցին, որովհետեւ նախ եւ առաջ քաղաքականության հետ կապված խնդիրներում պետք է փորձեմ իմ ակտիվությունը դրսեւորել: Եթե պատգամավոր ընտրվեմ, ապա իմ եղբայրը կզբաղվի թռչնաֆաբրիկայի գործունեությամբ, եթե ոչ, ապա ես անմիջապես կսկսեմ զբաղվել ընկերությամբ:

-Պարո՛ն Մովսեսյան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Ձեր հրաժարականը անակնկալ էր… Իրականում ի՞նչ եղավ:

-Իմ այնտեղից դուրս գալը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետ է կապված եւ իմ՝ ընտրական պրոցեսներում ներգրավվելու մտայնությամբ: Այսինքն՝ ես անցած տարվա փետրվարին որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու հետ կապված: Զուգահեռ աստիճանաբար ընթացան այդ բանակցությունները, որոնք եղբայրս տանում էր թռչնաֆաբրիկայի ձեռքբերման ուղղությամբ, եւ ես էլ վերջնականապես հանդիպեցի, քննարկեցի, տեսա, որ այդ պայմանները բավարար են, որոշեցի լիարժեք բիզնեսով զբաղվել: Անցած տարի՝ ձմռանը, եղան փոփոխություններ, սահմանադրական հանրաքվեից հետո նախագահի ելույթը, ապա եւս հանդիպումներ ու քննարկումներ եղան, եւ աստիճանաբար փոփոխությունների գնալու գաղափարը հասունացավ իմ մեջ:

-Այնուամենայնիվ, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանն այդպես էլ ազգային փոխադրող չունեցավ…

-Վերջին տարիներին մեծ գաղափար ունեի ազգային փոխադրող ունենալու հետ կապված: Այո՛, ես պետք է նաեւ ազնվություն ու համարձակություն ունենամ ասելու, որ այդ ընթացքում ինձ մոտ չստացվեց Հայաստանում հայկական փոխադրող ունենալ: Չստացվեց, քանի որ մրցակցությունը շատ մեծ է: Ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ հիմքեր կան: Հենց հայկական փոխադրողների մեջ խանդ կա: Շատերը կան, որ այսօր պնդում են, թե հայկական փոխադրող մեզ պետք չէ: Ես համակարծիք չեմ, հայկական փոխադրող պետք է լինի, եւ դա բաց երկնքի քաղաքականության պարագայում:

-Բաց երկնքի քաղաքականության հետ կապված՝ խոստացվում էր, որ այն հանգեցնելու է ավիացիոն ոլորտի զարգացմանն ու ավիածառայությունների գների էական նվազեցմանը: Բայց անցած շուրջ 4 տարիների ընթացքում ավիացիոն ոլորտում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, ավելին` Հայաստանի «բաց երկինքն» իր գրավչությունը կորցրեց մի շարք օտարերկրյա ավիաընկերությունների համար, որոնք դադարեցրին դեպի Հայաստան չվերթները…

-Այն միջազգային փորձագետները, որոնք մեզ հրամցնում էին դա, կարծում եմ, որ իր ամբողջ ծավալով չի ստացվում: Մենք 2 միլիոնանոց շուկա ունենք, որը փոքր չէ ու ներկայումս էլ շարունակում է աճել: Այդ շուկայի պայմաններում մենք կարող ենք ունենալ ե՛՛ւ բաց երկինք, ե՛ւ հայկական փոխադրող, միայն պետք է ճիշտ կառուցել այդ ամենը: Ես իմ ձեռքերը չեմ լվացել: Պատգամավոր ընտրվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովում իմ նախաձեռնություններից մեկը լինելու է կապված հայկական ավիափոխադրող ստեղծելու հետ. բաց երկնքի քաղաքականության պայմաններում հնարավոր է այս երկուսը մեկտեղելու համապատասխան դաշտ ստեղծել:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս