Աղասի Այվազյանի այրին կվաճառի նրա կտավները, որպեսզի թանգարան հիմնի. արդեն կան գնորդներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս երկու տարի առաջ է գրել այն մասին, որ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում: Նրա կինը` Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների` շեշտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան: Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը` արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ կվնասվեն:

Մենք տիկին Վերդիյանից հետաքրքրվեցինք` այս երկու տարիների ընթացքում, հատկապես մշակույթի նախարարի փոփոխությունից հետո, կա արդյո՞ք դրական տեղաշարժ, թե ոչ: Այվազյանի այրին պատասխանեց, որ մշակույթի նախարարությունից իրեն առաջարկել են կազմակերպել Աղասի Այվազյանի հեղինակած նկարների ցուցահանդես-վաճառք, սակայն ինքը չի համաձայնել. «Ես հստակ չգիտեմ` առաջարկվում էր ցուցահանդես-վաճառք կազմակերպել Հայաստանում, թե արտերկրում, բայց, ամեն դեպքում, չեմ ուզում, որ նկարները երկրից դուրս գան, ուզում եմ, որ դրանք իմ ձեռքի տակ լինեն, եւ հետո նման միջոցառման ընթացքում հատուկենտ նկարներ կարող են վաճառվել»-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց տիկին Վերդիյանը:

Նա, սակայն, տեղեկացրեց, որ փոխարենը ինքը պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով տարածք գնել եւ հիմնել թանգարանը, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնի ե՛ւ Այվազյանի արխիվը, ե՛ւ նրա հզոր գրադարանը ու այլ նմուշներ. «Երեք հայտնի քաղաքական գործիչ զանգահարել են, խոստացել են, որ կօգնեն ինձ` գնելով նկարները: Նրանցից երկուսը խոստացել են հանդիպել ինձ հետ առաջիկայում, իսկ երրորդը` ընտրություններից հետո: Անուններ դեռեւս չեմ տա: Իհարկե, շատ եմ ափսոսում, որ ստիպված եմ այս քայլին գնալ, բայց ուրիշ ելք չկա: Բնականաբար, կցանկանայի, որ այդ նկարները տեղ գտնեին թանգարանում, պատկերասրահ հիմնեի, բայց, ավաղ, չեմ կարող այդ ամենը իրականացնել: Բազմիցս դիմել եմ ՀՀ նախագահին, նախագահականից ինձ ուղարկել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել են, որ թանգարանի համար տարածք չկա: Դիմել եմ նաեւ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին, սակայն էլի ստացել եմ նույն պատասխանը»,-ասաց Այվազյանի այրին:

Մեր հարցին, թե մոտավորապես քանի նկար է պատրաստվում վաճառել, տիկին Վերդիյանը պատասխանեց. «Շուրջ 40-45 նկար, եւ դեռ կմնան Աղասի Այվազյանի դիմանկարն ու գրաֆիկական աշխատանքները: Իմ հույսը անհատներն են, ամոթս կորցրել եմ, անընդհատ դիմում եմ այստեղ-այնտեղ, չգիտեմ` ինչպես կընթանան դեպքերը, ամեն բան կախված է առաջիկա քննարկումներից»:
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` ինչ պայմաններում է այժմ պահվում Աղասի Այվազյանի արխիվը, արդոք այդ առումով որեւէ բան փոխվել է. «Արխիվը նախկինի պես ավտոտնակում է, կրում է բնական տեղումների` անձրեւի, ձյան բոլոր հետեւանքները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ այսօր ո՛չ պետությունը, ո՛չ էլ որեւէ հրատարակություն կամ մասնագիտական խումբ նպատակ չունի զբաղվելու Աղասի Այվազյանի ստեղծագործությունների հրատարակմամբ: Մենք հարցրինք` արդյոք գրողն ունի անտիպ գործեր. «Երբ ես դիմեցի Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, նա մատնանշեց, որ Այվազյանը չունի անտիպ գործեր, բայց չէ՞ որ նրա ստեղծագործությունները տպագրվել են շատ վաղ` քիչ տպաքանակով, վատ որակի տառաչափով, անորակ թղթի վրա»,-շեշտեց գրողի այրին` հիշեցնելով, որ Այվազյանը նաեւ մեծ դրամատուրգ է, եւ կոչ արեց թատերական գործիչներին հաճախ անդրադառնալ նրա գործերին:

Հիշեցնենք` երկու տարի առաջ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում նշել էր, որ Նարեկ Սարգսյանը Այվազյանի թանգարանի ստեղծման հետ կապված գաղափարներ ունի, սակայն դրանք ենթակա են մշակույթի նախարարության, կառավարության հետ քննարկման:

Աննա Բաբաջանյան




Լրահոս