Քարոզարշավի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրողներին ցույց տալ ՀՀԿ-ի նոր դեմքը` հանձինս մի խումբ երիտասարդների, վարչապետ Կարեն Կարապետյանի ու Պնախարար Վիգեն Սարգսյանի: Սակայն ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնությունը հին դեմքերն են, որոնք մեկ անգամ չէ, որ հայտնվել են սկանդալային իրավիճակներում եւ հասարակության շրջանում ունեն նվազագույնը հակասական ընկալում: Այդ կապակցությամբ այսօր անդրադառնանք թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Առաքել Մովսիսյանի օրենսդրական աննկուն գործունեությանը:
Առաքել Մովսիսյանը (Շմայս) համացանցային հարթակի երեւելիներից է, որի մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ արտահայտած մտքերը հաճախ են դառնում քննարկման առարկա: Թյուր տպավորություն չստեղծելու համար` նկատենք, որ դրանք որեւէ առնչություն չունեն խորհրդարանական գործունեության կամ օրենսդրական նախաձեռնությունների հետ, այլ վերաբերում են պատգամավորական կեցվածքի խաթարմանը, լրագրողներին հայհոյելուն եւ այլն:
2000-2004թթ. Մովսիսյանը աշխատել է որպես պաշտպանության նախարարության աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա: Հավանաբար նրա վերլուծությունները չափից շատ են դուր եկել Սերժ Սարգսյանին, որը Մովսիսյանին այնուհետեւ տարավ Ազգային ժողով` հարստացնելու օրենսդրական դաշտում գոյություն ունեցող բացը: 2004-07թթ. ԱԺ-ում նա որեւէ խմբակցությունում ընդգրկված չի եղել, իսկ 2007թ. պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նույնը կրկնվել է 2012թ.:
Մովսիսյանի օրենսդրական կարիերան, ինչպես նշվեց, աչքի է ընկնում միայն մրցակիցներին վիրավորելով ու լրագրողներին հայհոյելով: Ամեն քայլափոխի տարրական էթիկետի նկատմամբ Մովսիսյանի անարգանքը դրսեւորվել է նաեւ գործնականում, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվել ու մարմնական վնասվածքներ էր հասցրել այս պատգամավորի վարորդներից մեկը: Իսկ նախորդ 5 տարիներին ԱԺ-ում նա կողմ է քվեարկել 796 անգամ, դեմ` 10, ձեռնապահ` 1: Մովսիսյանը չի քվեարկել 58 անգամ, բացակայել է 126 նիստերից: Որեւէ անգամ չի մոտեցել ԱԺ ամբիոնին, հարցերով հանդես չի եկել:
Ն. Հովսեփյան