Ում է աջակցելու ՀՀԿ-ից նեղսրտած Գարեգին Նուշիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, որ թեեւ խորհրդարանական այս ընտրություններին չի միասնակցելու, սակայն աջակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Նուշիկյան ասոցացիայի նախագահը նախընտրական այս շրջանում աջակցում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին: «Իսկ որտեղի՞ց դա վերցրիք, որ ես աջակցում եմ Կարապողոսյանին,- «Ժողովուրդ»-ից հետաքրքրվեց Նուշիկյանը եւ վստահեցրեց,-ես Կարապողոսյանին չեմ ճանաչում»:

Հիշեցնենք՝ լուրեր էին շրջանառվում, որ Գարեգին Նուշիկյանը իր չառաջադրվելու պատճառով նեղսրտել է ՀՀԿ-ից, քանի որ նախընտրական ցուցակները հրապարակվելուց որոշ ժամանակ առաջ պատգամավորը հայտարարում էր, թե առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Սակայն կուսակցությունների ցուցակների հրապարակումից հետո պարզվեց, որ Նուշիկյանը չկա հանրապետականների ո՛չ համամասնական ցուցակում եւ ո՛չ էլ ռեյտինգային թեկնածուների ցանկում:

Այդ իսկ պատճառով նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը Նուշիկյանից հետաքրքրվեց՝ եթե ոչ Կարապողոսյանին, ապա ու՞մ թեկնածությունն է պաշտպանելու այդ տարածքում, որտեղ ինչպես հայտնի է՝ առաջադրվել է նաեւ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Վերջինս էլ համարվում է այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից առավել մեծ շանսեր ունեցողը:

Նշենք, որ նրան է աջակցում նաեւ Մհեր Սեդրակյանը, ով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ եթե ընկերներն իր խոսքը հարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կընտրեն. «Կոնկրետ մեկը չկա»,- ի պատասխան մեր հարցի՝ նշեց Նուշիկյանը, սակայն միեւնույն ժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությանն է աջակցելու:

Վահագն Հակոբյան




Լրահոս