ՖՈՏՈ. Գործարար պատգամավորների՝ ԱԺ-ում հայտնվելու ճանապարհը խորդուբորդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավն արդեն բուռն ընթացքի մեջ է, եւ ճիշտ պահն է ուշադրությամբ զննելու ԱԺ հատկապես իշխանական պատգամավորներին, որոնց գործունեության արդյունքում է նաեւ մեր երկիրը հասել ներկայիս դրությանը: Այդ առումով ուշագրավ է գործարար պատգամավորների օրենսդրական աշխատանքը, որոնց թվում են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արկադի Համբարձումյանն ու Գարեգին Նուշիկյանը:

Հարություն Ղարագյոզյանը այն երջանիկներից է, որ անկախությունից ի վեր պատգամավոր է: Նա առավելապես հայտնի է «Կարամելի Հարութ» մականվամբ, որը ձեռք է բերել Երեւանի հրուշակեղենի եւ կարամելի գործարանի տնօրեն եւ սեփականատեր եղած ժամանակ:

1990-95թթ. նա Գերագույն խորհրդի պատգամավոր էր, 1995-99թթ. եղել է ՀՀՇ-ի շուրջ խմբված «Հանրապետություն» միավորման կազմում, սակայն ՀՀՇ-ի իշխանության անկման ժամանակ նա շտապեց միանալ «Երկրապահ» խմբակցությանը: 1999թ., երբ իշխանությունն անցավ «Միասնություն» դաշինքին, Ղարագյոզյանն արդեն վերջինիս խմբակցությունում էր: 2003-07 թթ. ԱԺ-ում Ղարագյոզյանի քաղաքական հայացքները համընկնում էին ՀՀԿ-ի հետ, սակայն 2007թ. թերեւս ծագեցին «գաղափարական սուր հակասություններ», ինչի արդյունքում սույն պատգամավորը հայտնվեց ԲՀԿ խմբակցությունում:

Ի տարբերություն 1990-2003թթ. ժամանակահատվածի, երբ Ղարագյոզյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, 2007թ. ի վեր նա մանդատ է ստացել արդեն ԲՀԿ համամասնական ցուցակով: 2015թ. Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու Սերժ Սարգսյանի օպերացիայի օրերին Ղարագյոզյանը տատանվում էր՝ լքե՞լ ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Սկզբում նա հայտարարում էր, որ ԲՀԿ-ն լքելու մտադրություն չունի, սակայն օրեր անց պարզ դարձավ, որ Ղարագյոզյանը, այնուամենայնիվ, հեռացել է կուսակցությունից:

Այս պատգամավորի ունեցվածքի մասին մամուլը բազմիցս է գրել՝ այդ շարքում դասելով «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը, մի շարք երթուղային գծերը եւ այլն: Սակայն Ղարագյոզյանի պարագայում նույնպես կարծես գործում է հայաստանյան իրականության այն օրինաչափությունը, երբ կինը ավելի հարուստ է, քան ամուսինը:

Այսպես՝ 2015թ. Ղարագյոզյանի հայտարարագրած միջոցները կազմում էին 55 հազար ԱՄՆ դոլար եւ 32 մլն ՀՀ դրամ, մինչդեռ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի միջոցները՝ 370 մլն ՀՀ դրամ, 850 հազար ԱՄՆ դոլար: Ինչեւէ, 5-րդ գումարման Ազգային ժողովի նիստերից Ղարագյոզյանը բացակայել է 259 անգամ: Կողմ է քվեարկել 442 անգամ, դեմ եւ ձեռնապահ` 13 եւ 34: Որեւէ անգամ չմոտենալով Աժ ամբիոնին կամ հարցերով հանդես չգալով՝ նա 217 անգամ հրաժարվել է քվեարկությունից: Նախընտրական շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը արգելել է մի շարք պատգամավորների ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքում, որոնց թվում էր նաեւ Ղարագյոզյանը: Սակայն այսօր նա դաշինքի 29-րդ համարն է:

ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավորներից է Արկադի Համբարձումյանը՝ հայտնի որպես «Դերժավայի Արկադ»: Այս մականունը պատգամավորը վաստակել է իր սեփականությունը համարվող «Դերժավա-Ս» ՍՊԸ-ի անունից: Նա ՀՀ Աժ պատգամավոր է 2003 թվականից՝ այնժամ ՕԵԿ-ի համամասնական ցուցակով հայտնվելով խորհրդարանում: Երբ Արթուր Բաղդասարյանը լքեց իշխանական կոալիցիան, Համբարձումյանը նախընտրեց դուրս գալ ՕԵԿ-ից եւ միանալ «Գործարար» պատգամավորական խմբին: 2007թ. եւ 2012թթ. նա Ազգային ժողովի պատգամավոր է դարձել թիվ 29 ընտրատարածքից:

Այս ընտրություններում էլ նա ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն է Լոռու մարզից, որտեղ պիտի մրցի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀԿ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականտեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի հետ: Համբարձումյանի ունեցվածքի եւ տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ հայտնվելու մասին մամուլի հրապարկումները բազմաթիվ են: Օրինակ՝ 2012թ. պատգամավորի քրոջ որդին մասնակից էր ԵՊՀ-ի մոտ հնչած կրակոցների պատմությանը, 2013թ. Աբովյան փողոցում հնչած կրակոցների հետ առնչվում էր Համբարձումյանի որդու անունը եւ այլն:

Ի դեպ, նրա սեփականությունն է համարվում «Լաքոսթ» ֆիրմային խանութը, ըստ մամուլի տեղեկությունների՝ տիրապետում է մենաշնորհային առավելությունների «Բաունթի», «Սնիկերս», «Թվիքս» եւ այլ կոնֆետների ներկրման դաշտում: Նկատենք, որ ի տարբերություն բիզնեսի ոլորտում արձանագրած հաջողությունների` Համբարձումյանը նույնչափ փութաջան չէ օրենսդրական գործունեության մեջ:

5 տարվա ընթացքում նա կողմ է քվեարկել 728 օրինագծերի, դեմ եղել 8 անգամ եւ միայն 1 անգամ ձեռնապահ: 95 անգամ հրաժարվելով քվեարկություններից՝ Համբարձումյանը 131 անգամ բացակայել է ԱԺ նիստերից: Ինչպես եւ ակնկալվում էր, նա որեւէ անգամ Աժ ամբիոնից ելույթ չի ունեցել, հանդես չի եկել հարցապնդումներով:

ՀՀԿ-ի պատգամավորներից է նաեւ գործարար Գարեգին Նուշիկյանը, որը մանդատ է ստացել 2012թ. թիվ 10 ընտրատարածքից: Այնժամ նա հաղթել էր մեկ այլ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին ընդամենը 450 քվեի տարբերությամբ:

Գ. Նուշիկյանը 1993 թվականից իր անունը կրող՝ «Նուշիկյան ասոցացիա» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, 1996-2012թթ. եղել է նույն ՍՊԸ նախագահը: Այս ընտրություններին Նուշիկյանը վճռել է չմասնակցել: Այդ որոշումը նա բացատրել է տարբեր պատճառներով՝ այդ թվում հիշատակելով ռեյտինգային ընտրակարգը:

Իր համար ավելի նախընտրելի համարելով մեծամասնական ընտրակարգով առաջադրվելը` Նուշիկյանը նաեւ այդ պատճառով է հրաժարվել մաս կազմել որեւէ համամասնական ցուցակի: 2012-17թթ. ընթացքում այս պատգամավորը Աժ-ում կողմ է քվեարկել 903 անգամ, դեմ եւ ձեռնապահ՝ 9 եւ 3: 16 անգամ չքվեարկելով՝ Նուշիկյանը բացակայել է 34 նիստերից: Թեպետ նա երբեւէ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, սակայն այս ընթացքում 4 անգամ հանդես է եկել հարցապնդումներով:

Ն. Հովսեփյան




Լրահոս