ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական կառույցներում աշխակիցների հաստիքներն ավելացնելու եւ այդ ճանապարհով պետական միջոցները վատնելու երեւույթը հասել է դպրոց: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեով՝ այս օրերին մի շարք մարզպետներ դպրոցներում ստուգումներ են սկսել, քանի որ ահազանգ ունեն, որ արհեստական գրանցված անձինք կան, որոնք աշխատանքի չեն ներկայանում, իսկ նրանց աշխատավարձերը ստանում են դպրոցի տնօրենները:

Երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, որ ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնեն, որը կբացառի ծանոթի միջոցով դպրոցում նշանակումներ կատարելը, վարչապետի հանձնարարականից հետո մի շարք դպրոցի տնօրեններ աշխատանքից ազատվեցին: Սակայն ինչպես տեսնում ենք՝ դպրոցներում բացի ծանոթ-բարեկամ նշանակելուց՝ աղմկալի յուրացումների դեպքեր են ի հայտ եկել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել դպրոցների տնօրենները: Պարզեցինք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը դպրոցի տարբեր ազատ հաստիքներում գրանցել է 12 քաղաքացիների, որոնք չեն ներկայացել աշխատանքի, ու Անաիդա Շահնազարյանը նրանց անուններով ստացած գումարը յուրացրել է:
Նշենք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը 12 քաղաքացիների անունից ստացած եւ յուրացված գումարի չափը կազմում է մոտ 12 միլիոն դրամ:
Անաիդա Շահնազարյանից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը: Դատելով մեղադրական եզրակացությունից՝ դպրոցի տնօրենն ու պահակը համատեղ են գումարներ յուրացրել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել դպրոցի տնօրենի հետ: Նա դիմել է դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանին՝ խնդրելով, որ դպրոցի ազատ հաստիքներում գրանցի իր մտերիմներին, մասնավորապես որդուն` Դ. Մալխասյանին, եղբորը` Ս. Մալխասյանին եւ եղբորորդուն` Ա. Մալխասյանին:
Եվ ահա դպրոցի տնօրեն Շահնազարյանն էլ «բարի կամք է դրսեւորել» եւ որոշել է օգնել դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանին: Արդյունքում նա պահակ Քնարիկի մտերիմներին գրանցել է դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ: Տպավորությունն այնպիսին էր, որ Քնարիկ Մալխասյանը իր մտերիմների ստացած աշխատավարձը պետք է կիսեր դպրոցի տնօրենի հետ, սակայն դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը անձամբ է ստացել իր բարեկամների աշխատավարձը եւ օգտագործել իր կարիքների համար: Իսկ նրա կողմից ստացած աշխատավարձը կազմել է մոտ 4 միլիոն դրամ:
Տեղեկացանք, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի եւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանի խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս դեպքի բացահայտումից հետո ՀՀ մի շարք մարզպետներ հանձնարարել են, որ դպրոցներում ստուգումներ իրականացնեն եւ հատկապես ստուգեն գրանցված աշխատողների ով լինելը եւ նրանց կոնկրետ գործառույթները:
Այս իրավիճակում ուշագրավ է հիշեցնել 2013 թվականին դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերը, երբ բացահայտվել էր, որ մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված էին եղել, սակայն չէին ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել էին նրանց պետերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿԵՍՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԽՈԶԸ
Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից հափշտակությունների դեպքերը չեն դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս անգամ էլ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալները: Պարզեցինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող Աշոտ Ալեքսանյանը տեղեկացել է, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ, խոզաբուծությամբ զբաղվող Սամվել Մկրտչյանը խոզեր է վաճառում: ՔԿՀ-ից զանգահարել է Սամվել Մկրտչյանին եւ ներկայացել է գործարար Տիգրան Սահակյան, ասել, թե անասնաֆերմա է ցանկանում բացել՝ առաջարկելով իրեն վաճառել խոզերը: Դատապարտյալն, ըստ էության, այնպես է համոզել զրուցակցին, թե ինքը ֆերմեր է, որ խոզաբուծությամբ զբաղվող Սամվել Մկրտչյանը համաձայնել է նրան վաճառել խոզերը:
Այսպիսով՝ 2016թ-ի հուլիսի 25-ին Աշոտ Ալեքսանյանն իր ծանոթ Արման Մարգարյանին ուղարկել է Սամվել Մկրտչյանին պատկանող անասնագոմ, վերցրել խոզերը եւ յուրացրել կես միլիոնից ավել արժողությամբ 5 խոզը: Իրավապահներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ովքեր են եղել այն անձինք, որոնք դատապարտյալի ցուցումով վաճառել են խոզը եւ գումարը փոխանցել Աշոտ Ալեքսանյանին:
Նշենք, որ սա Աշոտ Ալեքսանյանի դեմ կալանավայրից խարդախություն իրականացնելու համար 7-րդ քրեական գործն է: Մի քրեական գործը տեւական ժամանակ է՝ քննվում է Շենգավիթի դատարանում, եւ դեռ դատավճիռը չի հրապարակվել:
Այս ամենը ցույց է տալիս, որ կալանավայրերում ամենաթողությունը, բարձիթողի իրավիճակը շարունակվում է, եւ ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական վարչությունը որեւէ քայլ չեն ձեռնարկում՝ վաղուց ձեւավորված հանցավոր խմբավորման գործողություններին եւ նման հանցագործություններին վերջ դնելու համար: Թե ինչու, դժվար չէ կռահել:

 

 

«ՆՇԱՆԱՎՈՐ» ՏՆՕՐԵՆԸ
«Իջեւանի ճանշինի» գործադիր տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Բորիս Սարգսյանը, լինելով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, պարտավոր է եղել ճանապարհի վրա աշխատանքի կատարման համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրել, սակայն չի իրականացրել: Արդյունքում 2015թ օգոստոսի 4-ին Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գնել Խաչիկյանը, չնկատելով ընկերության աշխատակից Կառլեն Ղարայանին, վրաերթի է ենթարկել նրան՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով:

 

 

 

ԲԱՆԱԿԻՑ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԸ
Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը եւ պարենային ծառայության պետը: ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին եւ պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

 

 
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Նարինե Հովակիմյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Կարեն Մարդանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները, Անդրանիկ Մնացականյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դադարեցվել են նրա` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 

 

ՆՈՐ ԶՈՀ
Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ: Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

 

 

 

ԻՆՉ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Աբխազիայի տարածքով երկաթգծային ճանապարհի բացումը հիմա չի քննարկվում, բայց քննարկվում են ուրիշ այլընտրանքներ։ Այս մասին մարտի 1-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։ «Հավանական եմ համարում, որ լուծում կգտնվի՞։ Այո՛, մենք բանակցությունների փուլում ենք»,- հայտնել է Կարապետյանը։

 

 

ԵՂԵԼ Է, ՉԻ ԵՂԵԼ…
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչիկ Մանուկյանի եւ Արագած Ախոյանի միջեւ եղել է ոչ թե բախում կամ ծեծկռտուք, այլ միայն հեռախոսային տհաճ խոսակցություն: Ըստ մարզում տարածված տեղեկությունների՝ Խաչիկ Մանուկյանը, ով միայն վերջերս է դուրս եկել ՀՀԿ-ից եւ առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով, մասնավոր հանդիպումներում վատաբանել է Արագած Ախոյանին, իսկ այդ լուրերն էլ հասել են վերջինիս: Ախոյանն էլ զանգահարելով Մանուկյանին` զգուշացրել է նման բաներ այլեւս չանել, եւ խոսակցությունն այդպիսով տհաճ բնույթ է ունեցել: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանը armlur.am-ին ասել է. «Եղել է նման բան, չեմ հերքում: Բայց թեթեւ խոսակցություն է եղել: Փոքրիկ բան է եղել, բայց այնքան չէ, որ կարելի է դրան անդրադառնալ»: Իսկ ահա նախկին ՀՀԿ-ական, ներկայումս «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Խաչիկ Մանուկյանը հերքել է՝ ասելով.«Ոչ մի բան էլ չի եղել: Հեռախոսով շատերի հետ եմ խոսում, ինչ կապ ունի: Ոչ մի տհաճ խոսակցություն էլ չկա: Թող իրանից բաներ չհնարեն»:

 

 

ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ
Ահաբեկչության դեմ պայքարը առանցքային ոլորտներից մեկն է, որտեղ համընկնում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը, բայց կան նաեւ ոլորտներ, որտեղ պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի շահերը տրամագծորեն հակառակ են: Այդ մասին երեկ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Ճշտող հարցին՝ հատկապես որտե՞ղ է դիտարկվում երկու պետությունների շահերի համընկնում, Ռուսաստանի նախագահի խոսնակը պատասխանել է. «Դժվար թե ինչ-որ մեկը վիճարկի եւ կասկածի, որ բոլոր պետությունները պետք է գործակցեն հանուն ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու: Ամեն դեպքում, առանց երկու խոշորագույն երկրների փոխգործակցության, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, դա առհասարակ անհնար է»:




Լրահոս