Մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են. Հարություն Մովսիսյանը գրկում է նույնիսկ իր թշնամիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» շարքը, որի շրջանակում հայ հանրության կողմից ճանաչված անձինք պատմում են այն մասին, թե ինչպես ստացվեց, որ իրենք դարձան հայտնի, պարզում ենք` որոնք են հայտնի լինելու դժվար կողմերը, եւ, հակառակը, այդ հանգամանքը ինչ դռներ է բացում մարդու առջեւ: Հանրային անձինք պատասխանում են` եթե երկրորդ անգամ հնարավորություն ընձեռվեր, արդյոք կրկին կընտրեին նույն ուղին: Այս անգամ մեր զրուցակիցը դերասան Հարություն Մովսիսյանն է:

««Կտոր մը երկինք»-ից հետո զգացի, թե ինչ բան է մեծ պոպուլյարությունը»

Երբ թատերական ինստիտուտում խաղացի իմ ավարտական ներկայացման մեջ` Գոգոլի «Ռեւիզորում» (Խլեստյակով), արդեն ճանաչում էի վայելում ժողովրդի կողմից, բայց 1980 թվականին` «Կտոր մը երկինք» ֆիլմի պրեմիերայից հետո, ես զգացի, թե ինչ բան է մեծ պոպուլյարությունը, եւ այդ երեւույթն ինձ համար դարձավ սովորական: Նույնիսկ Մոսկվայում ինձ մոտենում էին, ասում էին. «Դուք հրաշալի եք խաղացել «Пощечина» ֆիլմում: Զավեշտալին գիտե՞ք որն էր. ես չգիտեի, որ «Կտոր մը երկինք» ֆիլմի անունը «Пощечина» են թարգմանել, ասում էի. «Կներեք, ես իսկապես դերասան եմ, բայց դուք, հավանաբար, ինձ շփոթել եք մեկ ուրիշի հետ, ես այդ անունով ֆիլմում չեմ խաղացել» (ծիծաղում է): Ինձ առաջարկում էին տանել, ռեստորանում պատիվ տալ, հրաժարվում էի, ասում էի. «Ես ուրիշի անվան տակ ուրիշի հացը չեմ ուտի»: Հետո իմացա, որ ի՞նչ ուրիշ մարդ, էդ մարդիկ իսկապես ինձ էին ուզում պատիվ անել (ծիծաղում է):

«Ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ»

Ինձ միշտ ասում են, որ երբ փողոցում քայլում եմ, ինչ-որ դերի մեջ եմ: Բայց այդպես չէ: Ես 20 տարեկան տղա էի, երբ Հայաստանում ինձ արդեն ճանաչում էին: Երբեւէ ինչ-որ բան ցույց տալու, ապացուցելու խնդիր չեմ ունեցել: Ես արդեն սովոր եմ, որ պետք է վազեն, մոտենան ինձ, խնդրեն նկարվել: Այդ ժամանակ մտքիս մեջ ծիծաղում եմ ու ինքս ինձ ասում եմ. «Դե, կապիկի պես ժպտա»:

Սիրում է նույնիսկ թշնամիներին

Մեր ոլորտում նախանձություն եմ նկատում: Էդ նախանձներն էլ, էդ անշնորհքները այնքան միասնական են, այնքան շուտ են ընկերանում: Երբեք չեմ տեսել, որ տաղանդավորներն այդպես միասնական լինեն: Ո՞նց է այդպես պատահում: Բայց ես բոլորին սիրում եմ, փաթաթվում եմ նույնիսկ իմ թշնամիներին: Նրանք ապշած ինձ են նայում, մտածում են. «Մի՞թե չի հասկացել, որ իրեն ատում եմ»: Բայց ես ուզում եմ այդ մարդիկ հասկանան, որ ես ո՛չ մտադրվել եմ, ո՛չ էլ կարող եմ իրենց վնասել: Հիմա մեղավո՞ր եմ, որ իրենցից տաղանդավոր եմ: Դրա համար պետք է իմ հետեւից չարախոսե՞ն: Ախր, մեր գործի մեջ փող էլ չկա, բայց իրար ուտում են, գոնե մեջը փող լիներ, ասեի` հա:

«Լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում»

Հանրային մարդ լինելու ամենադժվար կողմը համեստություն դրսեւորելն ու հանգստություն պահպանելն է ցանկացած իրավիճակում: Ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք իմ ազգի հետ կապ չունեն: Նրանց բացարձակ ձեռնտու չէ բարձր մշակույթ ունենալը: Մարդուն լավ դեր խաղալու պուճուր հաճույքից էլ են զրկում: Ինձ ինչ դեր կտան, կխաղամ, այդքան բան: Ի՞նչ անեմ, ես ի՞նչ կարող եմ անել: Ես դերասան եմ: Ուրիշ բան, որ քաղաքական գործիչ լինեի, կարողանայի իրավիճակ փոխել: Գուցե սխալվում եմ, չգիտեմ:

«Կցանկանայի լինել դերձակ կամ կոշկակար»

Եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, երբեք չէի ուզենա հայտնի լինել: Կցանկանայի լավ արհեստավոր լինել` դերձակ, կոշկակար, թե չէ` ի՞նչ դերասան, ի՞նչ ծափահարություններ, այդ ի՞նչ կոշմար է…Ամեն դեպքում` ուրախ եմ, որ ընտրել եմ դերասանի ուղին եւ շնորհակալ եմ ճակատագրին` ինձ պարգեւած բարիքների համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս