Հայաստանում գործում է ավելի քան չորս տասնյակ պահնորդական գործակալություն, որոնք մեծամասամբ նույն ծառայություններն են մատուցում: Սակայն կան աննախադեպ եւ «կրեատիվ» բացառություններ:
Այն, որ այս ոլորտում անհավասար մրցակցություն է, արդեն առիթ ունեցել ենք անդրադարձ կատարելու:
Բայց պարզվում է՝ շատերին հայտնի «գաղտնի» ծառայությունները, որոնք մատուցում են պահնորդական ընկերությունները, ամենեւին էլ գաղտնի չեն: Այսպես՝ ուսումնասիրելով պահնորդական ընկերությունների պաշտոնական կայքէջերը՝ անսպասելի «բացահայտում» արեցինք:
2006 թվականին հիմնադրված «Պանտերա Սիքյուրիթի» անվտանգության գործակալությունը նման հավելված ունի՝ «Աշխատանք ձեռնարկությունների պարտապանների հետ»: Ինչ է այն իրենից ենթադրում: Ըստ կայքում տեղադրված պաշտոնական բովանդակության՝ նման աշխատանքը ընկերության առանձին, չգովազդվող տեսակն է եւ քննարկվում է անմիջականորեն պատվիրատուի հետ:
«Ստանձնելով համապատասխան պարտավորություններ՝ ընկերությունը երաշխավորում է պատվիրատուի միջոցների վերադարձը»,- ասվում է հավելվածում: Ինչ է սա իրենից ենթադրում. պարտքերի վերադարձ: Արդյո՞ք խոսքը պարտապանի «ականջները ձգելու» միջոցով «վազվռատ» անելու մասին է: Այլ իմաստ տողերի մեջ չկարողացանք գտնել: Ուստի դիմեցինք ընկերությանը՝ հասկանալու համար՝ օրենքո՞վ է սահմանված նման ծառայություններ մատուցելու իրավասությունը, թե՞ այդ մենաշնորհը միայն «Պանտերայինն» է: «Մենք վերադարձնում ենք մեր աշխատակիցների կողմից ընկերությանը հասցված վնասի գումարները: Դուք սխալ եք հասկացել իմաստը»,- մեր առաջին զանգին ի պատասխան՝ այսպես նշեց քարտուղարուհին:
«Սա թյուրիմացություն է: Մենք չենք հասցրել վերանայել կայքը, դրանով վաղուց չենք զբաղվում: Կթարմացնենք, սխալը կուղղվի»,- այսպիսին էր երկրորդ զանգի պատասխանը: Արդյո՞ք նախկինում նման ծառայություններ ընկերությունը մատուցել է: Մեր հարցը նույն պատասխանը ստացավ:
Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներով համալրված ընկերությունը հերքում է, որ գուցե ծեծով կամ այլ անօրինական ճանապարհով պատվիրատուի պարտքերը վերադարձնում է:
Մնում է հուսալ, որ մի գեղեցիկ օր չենք պարզի, որ մարդ առեւանգման, սպառնալիքի եւ ծեծի միջոցով պարտքերը վերադարձնելը օրինական աշխատանք է համարվում:
Տաթեւ Հարությունյան