ՖՈՏՈ. Զինված խմբավորումներ՝ պետության ներսում. որ «բանդան» ում է պատկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Պարզվում է, այդ մարդիկ օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների: Ընդ որում` այդ պահնորդական ընկերությունները շատ ժամանակ պատկանում են հենց այն մարդկանց, ում պահպանում են: Այլ կերպ ասած` պետության մեջ ստեղծված են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող): Այստեղ իհարկե առկա է օրենսդրական բաց, եւ ոչ թե պետք է ուղղակի նրանց զինաթափել, ինչպես հրահանգել է Նիկոլ Փաշինյանը, այլ այդ պահնորդական ընկերություններն ուղղակի փակել` թողնելով միայն պետության մենաշնորհը, ինչպես եղել է նախկինում:

Նախ նշենք, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն: Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում եւ սահմանվել էր 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն, այդքան գումար վճարելուց հետո կկարողանաք պահնորդական ընկերություն աշխատեցնելու լիցենզիա ստանալ: 

Իսկ մինչեւ 2012 թվականը, երբ ընդունվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, հիմնարկությունների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Այն ժամանակ մասնավոր ընկերությունները քիչ էին։ ՊՊԳՎ-ն պահնորդական ծառայություններ էր մատուցում` ստանալով, ըստ որոշ գնահատականների, 7,5 մլրդ դրամ տարեկան եկամուտ։ Եվ այս իրավիճակում պահպանության ոլորտը դարձել է բազմավեկտոր եւ դժվար վերահսկելի, քանի որ ամեն ընկերության հետեւում մի հայտնի անձ է կանգնած:

Իսկ հիմա խոսենք փաստերով եւ ներկայացնենք, թե տեղեկությունների համաձայն` որ ընկերությունը ում է պատկանում: Օրինակ` «Ալֆա Դելտա» ընկերության հիմնադիրները, որը  հիմնականում պահպանություն է իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում, Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն Գուրգեն Մեսրոպյանն ու Գարիկ Հովսեփյանն են: Իհարկե, այս անունները ոչինչ չեն ասի հանրությանը, քանի որ Հայաստանում ընդունված է ընկերությունները գրանցել այլ մարդկանց անուններով: Եվ այս ընկերության իրական տերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին է` ՀՀ Կառավարության առընթեր  պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը: 

Օրինակ` 2015թ թվականից այս ընկերությունը սկսեց իրականացնել «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության եւ պահնորդական ծառայություն մատուցող ընկերության պահպանությունը` փոխարինելով «Տրանս-Սֆեր»-ին: Եվ այս փոփոխությունն այն ժամանակ ամենեւին էլ պատահական չէր, քանի որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն Արման Սահակյանի մտերիմն էր, իսկ համալսարանի պրոռեկտորն էլ այն ժամանակ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրն էր:  Իսկ ահա Երեւանի պետական համալսարանն էլ այս ընկերության հետ 87 մլն դրամի պայմանագիր է կնքել 2018 թվականին գործունեություն ծավալելու համար: «Ալֆա դելտա» ընկերության շուրջ 120 անվտանգության աշխատակից պահպանում է ԵՊՀ-ի երեւանյան կարպուսները, նաեւ մարզային մասնաճյուղերը։Ընդ որում, հետաքրքիր է, որ այս ընկերությունն ունի նաեւ քողարկված գործակալների ծառայություն, ինչն իսկապես զարմանալի է: 

«Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից արդեն իսկ ակնհայտ է, որ այն պատկանում է հենց Երկրապահ կամավորական միությանը, եւ հիմնադիրն էլ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է` Արման Գրիգորյանը: Սակայն Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած դեպքերից եւ թավշյա հեղափոխությունից հետո այս ընկերությունը կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: Մինչ այդ այս ընկերությունը պահպանություն էր իրականացնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Վահագնի Թաղամասում, Սուրմալու առեւտրի կենտրոնում:

«Լեգիոն» պահնորդական ընկերությունը հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ եւ պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: «Պանտերա սեքյուրիթի»  ընկերությունը պատկանում է Վահե Դարբինյանին, ում կինը Արտաքին գործերի նախարարությունում պաշտոն է զբաղեցնում: Այս ընկերությունը իրականացնում է արտերկրից ժամանած հայտնի հյուրերի անվտանգությունը, այդ թվում իրականացրել է Շառլ Ազնավուրի պաշտպանությունը: Երբ Հայաստան էր ժամանել Քիմ Քարդաշյանը, այս ընկերությունը նաեւ ապահովել է նրա անվտանգությունը:

Պահնորդական գործունեություն իրականացնող ամենամեծ ընկերություններից մեկը «Արմօբիլ»-ն է: Այն ամենամեծերից է, գլխավոր տնօրենը Վահագն Կակոսյանն է եւ որքան էլ կարող  է զարմանալի թվալ, սակայն թե՛ այս ընկերության, թե՛ գլխավոր տնօրենի անվան հետ ոչ մի հայտնի անձ կապված չէ:  Կա՛մ իսկապես այս ընկերությունն անթերի է, կա՛մ էլ լավ քողարկված է: Հավելենք, որ հիմնականում իրականացնում  է բանկերի պահպանություն: 

ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին է պատկանում «Գրիֆ» եւ «Միհր» պահնորդական ընկերությունները, որի  համասեփականատերն է Էդիկ Սիմոնյանը:Իսկ  «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին: Պետռեգիստրում ներկայացված տվյալների համաձայն, այն գրանցվել է 2015 թվականին, հիմնադիրն էլ Գայանե Մարդյանն է, ով Մինասյանի կինն է: Նա այս ընկերությունը կնոջ հետ հիմնադրել է հենց պաշտոնավարման շրջանում: «Օմոն սեքյուրիթի» ընկերությունն էլ հայտնի Ժարիտ Գրիշինն է՝ Գրիշա Սարգսյանինը։ «Կոմանդիր սեքյուրիթի» ընկերության հիմնադիրը Մարատ Բաղդասարյանն է, սակայն տեղեկությունների համաձայն` այն կապվում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անվան հետ: 

Նկատենք, որ այս կամ այն ընկերություններում պահնորդական ծառայություն իրականցնելու տենդերներում, սովորաբար, խոշոր ատկատներ են լինում, որից հիանալի կերպով օգտվում են ինչպես պատվիրատուները, այնպես էլ կատարողները։ Արդյունքում տուժում է միայն պետբյուջեն։ Եվ հիմա շատ է շրջանառվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կողմից հենց հիմա այսպիսի հրահանգ տրվեց: Ինչպես արդեն նշեցինք եւ ներկայացրեցինք, պահնորդական ընկերությունները պատկանում են հայտնի օլիգարխների, գործարարների եւ վարչապետը կասկածներ է ունեցել, որ մի օր նրանք կարող են նաեւ իշխանության ներկայացուցիչների վրա կրակել: Եվ արդյունքում վստահ կարող ենք ասել` պետք է օրենսդրական բացերի հետեւանքով ստեղծված իրավիճակը շտկել` այդ ընկերություններն ուղղակի փակելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս