ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, առաջիկայում զբաղվելու է նաեւ թռչնաբուծությամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա 4 տարի առաջ սնանկացած եւ այժմ արդեն առողջացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի նոր հիմնադիրն է:

Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին: Նշենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Եւ չկարողանալով մարել դրա վարկային պարտավորությունները՝ մնացել է բանկին: Ապա սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Իր գործունեության այս նոր ոլորտի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:
-Պարո՛ն Մովսեսյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեռք բերեցիք սնանկացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկան: Այն ի՞նչ առնչություն ունի «Դվին» կոնցեռնի հետ:
-Պաշտոնապես արդեն ես եմ ընկերության հիմնադիրը եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Հիմա այն «Դվին-հոլդինգ» ընկերության հետ ոչ մի առնչություն չունի: Վերջին տարիներին նշված ընկերությունը խնդիրներ ուներ. սնանկացած էր ու գրավադրված տարբեր բանկերում: «Գետամեջ» թռչնաֆաբրիկան գրավադրվել է մեկ ուրիշ բիզնեսի համար: Ես առաջարկություն ստացա այն վերականգնելու եւ վերագործարկելու վերաբերյալ եւ որոշակի վերլուծություններից հետո առաջարկը ընդունեցի:
-Այժմ ընկերությունը գործունեություն ծավալո՞ւմ է:
-Ընկերությունը չորս-հինգ տարի առաջ ֆինանսական խնդիրներ ուներ: Հիմա այն չի գործում: Հուսով ենք, որ այս տարի ընկերությունը կվերսկսի իր գործունեությունը: Խորհրդարանական ընտրությունները դա հետ գցեցին, որովհետեւ նախ եւ առաջ քաղաքականության հետ կապված խնդիրներում պետք է փորձեմ իմ ակտիվությունը դրսեւորել: Եթե պատգամավոր ընտրվեմ, ապա իմ եղբայրը կզբաղվի թռչնաֆաբրիկայի գործունեությամբ, եթե ոչ, ապա ես անմիջապես կսկսեմ զբաղվել ընկերությամբ:
-Պարո՛ն Մովսեսյան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Ձեր հրաժարականը անակնկալ էր… Իրականում ի՞նչ եղավ:
-Իմ այնտեղից դուրս գալը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետ է կապված եւ իմ՝ ընտրական պրոցեսներում ներգրավվելու մտայնությամբ: Այսինքն՝ ես անցած տարվա փետրվարին որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու հետ կապված: Զուգահեռ աստիճանաբար ընթացան այդ բանակցությունները, որոնք եղբայրս տանում էր թռչնաֆաբրիկայի ձեռքբերման ուղղությամբ, եւ ես էլ վերջնականապես հանդիպեցի, քննարկեցի, տեսա, որ այդ պայմանները բավարար են, որոշեցի լիարժեք բիզնեսով զբաղվել: Անցած տարի՝ ձմռանը, եղան փոփոխություններ, սահմանադրական հանրաքվեից հետո նախագահի ելույթը, ապա եւս հանդիպումներ ու քննարկումներ եղան, եւ աստիճանաբար փոփոխությունների գնալու գաղափարը հասունացավ իմ մեջ:
-Այնուամենայնիվ, Ձեր պաշտոնավարման տարիներին Հայաստանն այդպես էլ ազգային փոխադրող չունեցավ…
-Վերջին տարիներին մեծ գաղափար ունեի ազգային փոխադրող ունենալու հետ կապված: Այո՛, ես պետք է նաեւ ազնվություն ու համարձակություն ունենամ ասելու, որ այդ ընթացքում ինձ մոտ չստացվեց Հայաստանում հայկական փոխադրող ունենալ: Չստացվեց, քանի որ մրցակցությունը շատ մեծ է: Ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ հիմքեր կան: Հենց հայկական փոխադրողների մեջ խանդ կա: Շատերը կան, որ այսօր պնդում են, թե հայկական փոխադրող մեզ պետք չէ: Ես համակարծիք չեմ, հայկական փոխադրող պետք է լինի, եւ դա բաց երկնքի քաղաքականության պարագայում:
-Բաց երկնքի քաղաքականության հետ կապված՝ խոստացվում էր, որ այն հանգեցնելու է ավիացիոն ոլորտի զարգացմանն ու ավիածառայությունների գների էական նվազեցմանը: Բայց անցած շուրջ 4 տարիների ընթացքում ավիացիոն ոլորտում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, ավելին` Հայաստանի «բաց երկինքն» իր գրավչությունը կորցրեց մի շարք օտարերկրյա ավիաընկերությունների համար, որոնք դադարեցրին դեպի Հայաստան չվերթները…
-Այն միջազգային փորձագետները, որոնք մեզ հրամցնում էին դա, կարծում եմ, որ իր ամբողջ ծավալով չի ստացվում: Մենք 2 միլիոնանոց շուկա ունենք, որը փոքր չէ ու ներկայումս էլ շարունակում է աճել: Այդ շուկայի պայմաններում մենք կարող ենք ունենալ ե՛՛ւ բաց երկինք, ե՛ւ հայկական փոխադրող, միայն պետք է ճիշտ կառուցել այդ ամենը: Ես իմ ձեռքերը չեմ լվացել: Պատգամավոր ընտրվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովում իմ նախաձեռնություններից մեկը լինելու է կապված հայկական ավիափոխադրող ստեղծելու հետ. բաց երկնքի քաղաքականության պայմաններում հնարավոր է այս երկուսը մեկտեղելու համապատասխան դաշտ ստեղծել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ՏԱՐՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ

Ապարան քաղաքի Բաղրամյան 28 հասցեում գտնվող երկհարկանի շենքը փլուզման եզրին է: Բնակիչների խոսքով՝ տարիներ շարունակ շենքից ամեն օր մի քար է ընկել: Դիմել են պատկան մարմիններին՝ քաղաքապետ, մարզպետ, կառավարություն, սակայն մինչ օրս որեւէ մեկը խնդրին լուծում չի տվել:

28 բնակարանից բաղկացած շենքը բնակեցված է 22 բնակարաններով: Մյուսների դռները փակ վիճակում են: Տարհանման պատճառը, ըստ բնակիչների ու փրկարարների, շենքի հիմնական պատի թեքվելն է եղել:
Ապարանի փոխքաղաքապետ Գեորգի Երեմյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տարհանման հենց նույն գիշերը բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ: Ըստ փոխքաղաքապետի՝ Ապարանում ավելի վատ վիճակի շենքեր կան.«Գիշերը գնացել են իրենց տները, ահազանգ ա եղել, փրկարարներն եկել են, հանել մարդկանց տներից»,-ասաց նա ու շտապեց պնդել՝ շենքում մնալը վտանգավոր չէ: Հետաքրքրական է, սակայն, այն, որ Երեմյանը իր պնդումներն է անում՝ առանց հիմնվելու սեյսմիկ ծառայության ուսումնասիրության վրա: Ի վերջո, միայն այդ կառույցն իրավունք ունի տալու եզրակացություն՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ:
Երեմյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք առանց հստակ եզրակացության թույլատրելի էր բնակիչներին գիշերել շենքում, պատասխանը, մեղմ ասած, տարակուսելի էր.«Բա որդե՞ղ էինք էդքան բնակիչներին տեղավորելու, կամ հո՞ զոռով չէինք ասելու՝ չմտնեք ձեր տները»:
Շենքը, ըստ փոխքաղաքապետի՝ երրորդ կարգի վթարայնություն ունի: Ուսումնասիրությունները վերջին անգամ իրականացվել են 2003թ-ին, որի ժամանակ էլ շենքին տրվել է վթարայնության երրորդ կարգ: 14 տարի անց շենքի վիճակը միանշանակ լավանալ չէր կարող, իսկ այն, որ նոր ուսումնասիրություն իրականացնելու դեպքում շենքը կարող է ճանաչվել նաեւ 4-րդ աստիճանի վթարային, ոչ ոք չի հերքում:
Արագածոտնի փրկարարական վարչության պետ Արմեն Ամիջյանը դեպքի վայրում մեզ հայտնեց, որ բնակիչները փրկարարների կողմից տարհանվել են՝ ելնելով շենքի վտանգավոր լինելուց: Ըստ վարչության պետի՝ ինքն անձամբ է զեկուցել մարզպետին ու պատկան մարմիններին:
Բնակիչներն էլ իրենց հերթին վստահեցրին, որ շենքից տարհանելու ժամանակ հայտնել են, որ մի քանի օր հարազատների տանը գիշերելուց հետո ղեկավար մարմինները հստակ քայլեր կձեռնարկեն:
Փաստորեն, ստացվում է՝ պատկան մարմիններից Ապարանի քաղաքապետարանը բավարարվել է բնակիչներին միայն հետ ուղարկելով: Իսկ եթե պարզվի, որ շենքում բնակվելն իսկապես վտանգավոր է, եւ Աստված մի արասցե, տեղի ունենա փլուզում, ի՞նչ է անելու քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի ու փոխքաղաքապետի, թե կրկին ասելու է՝ որդե՞ղ ենք էդքան բնակիչ տեղավորելու…:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել «Հիդրոապարատ» ԲԲԸ-ի մի քանի բաժնետերեր՝ հայտարարելով, որ իրենց ընկերությունը թալանվել է պետության կողմից:
«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ վարչապետերին եւ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին՝ մեր եւ պետության իրավունքները վերականգնելու եւ մեր բարձրացրած խնդրին լուծում տալու համար: Սակայն մեր կողմից ներկայացված բոլոր գրությունները հայտնվում են ՀՀ պետ.գույքի վարչությունում, որն էլ «Հիդրոապարատ» ԲԲԸ-ի գույքը պետական գույք չի համարում:
Ընկերության ստեղված օրվանից երբեք ոչ մի ներդրում չի կատարվել մեր կողմից: Նախկին նամակով ուղարկված 535 մլն ներդրման վերաբերյալ փաստաթուղթը կեղծ զեկույց է սեփականաշնորհման նախարարությանը, քանի որ ներդրողի փոխարեն զեկուցել է ընկերության տնօրենը, բայց իրականում ոչ մի ներդրում չի կատարվել, որի ապացույցն է նույն տնօրենի կողմից 2012թ. մեզ ձեռագիր ուղարկված նամակը՝ ներդրում չկատարելու վերաբերյալ: Իսկ պետ.գույքի վարչությունը ղեկավարվել է կեղծ փաստաթղթերով, չի կատարել ներդրման հսկողությունը: Ներդրում չկատարելու վերաբերյալ 1999-2002թթ. նախկին սեփականաշնորհման նախարար Դ. Վարդանյանը ներդրողին բազմիցս զգուշացրել է նամակներով:
17.01.2012թ. 121 մլն ՀՀ դրամը դուրս է գրվել հաշվեկշռից: Հիմք ընդունելով Ավան եւ Նոր Նորք դատարանի 2010 թվականի որոշումը, որը կապ չունի հաշվեկշռից դուրս գրելու հետ՝ 121 մլն. կեղծ ներդրումը ձեւակերպվել է հաստոցների ձեւով, որոնք երբեք ընկերություն չեն մտել, որի մասին բարձրաձայնեց դատարանում քննիչ Հ. Մանգոյանը:
Հաստոցները դուրս են գրվել հաշվեկշռից առանց էքսպերտի եզրակացության: Մեր կարծիքով՝ հարկային մարմինը նախապատրաստել է առանց պարտքերի հաշվեկշիռ նոր գնորդի համար:
Այս նոր ընկերությունը որպես պետական ակցիաների գնորդ ստեղծվել է 01.06.2012թ., 19 օր հետո մասնակցել է աճուրդին եւ 268 մլն դրամով ձեռք բերել 65 տոկոսը: Պարտավորվել է կատարել 5 մլն եվրոյի ներդրում 2012-2017թթ.:
Սակայն մինչ օրս ոչ մի ներդրում չի կատարվել, ոչ մի աշխատատեղ չի բացվել, փոխարենը ընկերությանը փոխառություն է տվել պարտքով:
Այսօրվա դրությամբ ընկերության թալանից հետո գույքի գները այնքան են նվազեցրել, որ 2-3 անգամ փոխառության դիմաց կարող են կլանել ամբողջ ընկերությունը:
Հարգելի՛ վարչապետ եւ հանձնաժողով, դիմելով ձեզ՝ խնդրում ենք օգնել մեզ վերականգնել արդարությունն ու մեր իրավունքները:
Մեր պայքարը սկսել ենք 2007թ., դիմել ենք ՀՀ բոլոր պետական ատյաններին, ունենք բոլոր ապացույցները թալանի վերաբերյալ, սակայն ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ էլ պետական ատյանները այս հարցին լուծում չեն տալիս:
Նշենք, որ մոտ 3 ամիս առաջ այս խնդրանքով դիմել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն որեւէ արձագանք դեռ չենք ստացել:
«Հիդրոապարատ» ԲԲԸ բաժնետեր՝ Ն. Հակոբջանյան, Շ. Գրիգորյան, Զ. Պողոսյան»:




Լրահոս