Այս գիշեր Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արևշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում, ապա բերման ենթարկել նրան:
Հակոբյանն Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիմակիցներից է:
ArmLur.am-ին հաջողվեց զրուցել Գեղամ Հակոբյանի եղբոր՝ Ալբերտ Հակոբյանի հետ, ով մեզ հայտնեց, որ կոնկրետ բան չի կարող ասել տեղի ունեցածի մասին:
«Իրեն բերման են ենթարկել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: Ես ավել ոչ մի բանից տեղյակ չեմ: Իմ եղբայրը ոչ մի բան չունի: Մի հատ վարձակալած կլուբ ուներ, հիմա թողել ա, քանի որ տուգանել էին: Հիմա գործը դրա վրայով է: Այդ կլուբն ուրիշ մարդ է աշխատեցնում»,- պատմեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՔԿ փոխանցմամբ` նախնական տվյալներով՝ 2016թ. մարտի 6-ից մինչև 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ («Ամորե» գիշերային ակումբ)՝ առանց պետական գրանցման և առանց ՊԵԿ հարկային տեսչության որևէ ստորաբաժանումում հաշվառվելու և զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որևէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ։
Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
2017թ. մարտի 13-ին Գ.Հակոբյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Լիդա Եղիազարյան