«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ: Հնչել են կրակոցներ: Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է:

Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար:

Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ քայլ չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային եւ այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:

Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը երկրում տիրող անպատժելիության արդյունքն է, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ:

Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել ՀՀ քաղաքացիներին` նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը:




Լրահոս