Օրերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Սևան քաղաքի մի որոշ հատվածի ջրամատակարարման 36 ժամով դադարեցման մասին: Պատճառը Նաիրյան և Էներգետիկ փողոցների ու հարեւան տարածքների սպառողների ջրամատակարարման բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներն էին:
Խնդիրն այն է, որ տարածքը սնուցող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը տարիների ընթացքում դարձել էր վթարային: Դրա հետևանքով խողովակից արտահոսում էր վայրկյանում 12-15 լիտր, ինչն էլ կազմում էր ընդհանուր ջրաքանակի մոտ 30-35%: Դա էլ, բնականաբար, ազդում էր բնակավայրի առանց այդ էլ ոչ բարվոք ջրամատակարարման վրա:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ընկերության ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության «Գյուղեր» տեղամասի մասնագետները ձեռնամուխ եղան խնդրի արմատական լուծմանը: Հին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագծի մեջ «ներարկվեց» ավելի փոքր տրամաչափի՝ 160մմ պոլիէթիլենե խողովակ, որին կարճ ժամկետում միացան բոլոր բաժանորդները:
Արդյունքում մի քանի ժամով ավելացավ տարածքի սպառողների ջրամատակարարումը` նաեւ դառնալով է′լ ավելի հուսալի ու բավարար ճնշումով:
Իրավիճակի դրական փոփոխությունն անմիջապես նկատվեց ու համապատասխան կերպով գնահատվեց սեւանցիների կողմից: Նրանք արդեն համոզվեցին են` անհարմարությունները մնացին անցյալում, կնշանակի՝ նոր Օպերատորի խոսքը գործից չի տարբերվում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն