ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
Համաձայն նշված իրավանորմի պահանջների.
«Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:
ԿԸՀ-ից հայտնում են, որ նշված խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջվել դադարեցնել խախտումը և հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ: