Արթուր Սարգսյանն այնպիսի մի սիմվոլ էր դարձել Հայաստանում և նրա արարքն այնքան մարդկային էր, որ նրան ընդհանրապես չէր կարելի ձերբակալել, առավել եւս ձերբակալությունից, ազատումից հետո նորից փորձել բանտախցում պահել, այն դեպքում երբ գիտեին նրա առողջական վիճակի մասին: Ես համարում եմ սա անմարդկային վերաբերմունք` կոնկրետ իշխանության կողմից` իսկական հայ մարդու նկատմամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին, ասաց ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով` եթե Արթուր Սարգսյանը բանտում չլիներ, այդ ապրումների մեջ չլիներ և լուրջ բժշկական հսկողության տակ լիներ, հավանաբար նա դեռ երկար կապրեր. «Այստեղ իրոք իշխանությունների մեղքը մեծ է: Իշխանությունը պետք է շատ լուրջ մտածի իր հետագա քայլերի մասին»:
Պատգամավորի խոսքով` բազմաթիվ առիթներ են եղել, որ դաս պետք է լինեին իշխանություններին, որ մարդու նկատմամբ նման վերաբերմունք չէր կարելի դրսեւորել. «Առավել եւս հաց բերող մարդու նկատմամբ, որը խոսում է նրա մարդկային բարձր արժեքների, բարոյականության, անձնազոհության մասին, հատկապես, որ նրանով հպարտանում էր ողջ հայ ժողովուրդը և սփյուռքում, և Հայաստանում: Մարդկության մեջ ամենաբարձր արժեքը հումանիզմն է, որն Արթուրի նկատմամբ չկիրառվեց»:
ArmLur.am-ի այն հարցին, թե Արթուր Սարգսյանի մահից հետո ԱԺ այն պատգամավորների երաշխավորության գումարների ճակատագիրն ինչպիսին է. «Ես այդ գումարից տեղյակ չեմ, մի քանի պատգամավոր է այդ գումարը վճարել, ինձ չեն էլ դիմել այդ հարցով: Ես չեմ կարծում, որ հետ կվերցնեն, ես համարում եմ, որ այդ հետդարձի ողորմությունը որևէ մեկին պետք չէ»:
Արփինե Թովմասյան